«Առավոտի» տեղեկություններով՝ ոստիկանության Կոտայքի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 258 հոդվածի 4-րդ մասի (խուլիգանություն, որը կատարվել է զենքի գործադրմամբ) եւ 235 հոդվածի 1-ին մասի (ապօրինի կերպով հրազեն ձեռք բերելը, իրացնելը եւ պահելը) հատկանիշներով: Մեր տեղեկություններով, մայիսի 11-ին, ժամը 17.30-ի սահմաններում, «Արզնի Տոհմային ԹՏԽ» ԲԲԸ տնօրեն Մարատ Ջանվելյանը իր երկու որդիների՝ 37-ամյա Գեղամ Ջանվելյանի եւ 31-ամյա Արմեն Ջանվելյանի եւ մի քանի անձանց հետ Կոտայքի մարզի Հատիս գյուղում առանց պատճառի անհիմն վիճաբանել եւ ծեծի էին ենթարկել Հատիսի բնակիչներ, հայր եւ որդիներ Գեւորգ, Ռազմիկ, Մեխակ Մեխակյաններին եւ նրանց հետ գտնվող մի քանի անձանց: Մեզ հետ ունեցած զրույցում գյուղացիները նշում էին, որ վիճաբանությունը ծագել է կենցաղային հարցերի շուրջ, եւ հիմնական մեղավորը եղել են Ջանվելյանները: Այդ օրը՝ մայիսի 11-ին, Ջանվելյանին պատկանող անասունները մտել են գյուղացիների արոտավայրերն ու ցորենի դաշտերը: Գյուղացիներն իրենց ուժերով կովերին հավաքել են մի տեղ եւ այդ մասին տեղեկացրել Ջանվելյաններին, թե՝ «արի, կովերիդ տիրություն արա»: Ջանվելյանները իրենց մի քանի ընկերների հետ Հատիս են մեկնել ու սկսել գյուղացիներին ահաբեկել: «Դուք ո՞վ եք, քանի՞ գլուխ ունեք, որ չթողեք անասուններս ազատ արածեն՝ որտեղ իրանց սիրտն ուզի»,- հոխորտացել են Ջանվելյանները: Այնուհետեւ նրանք սկսել են հայհոյանքներ տեղալ ու մի քանիսին էլ հարվածներ հասցնել: Եվ երբ նկատել են, որ համագյուղացիների թասիբը պահելու համար հավաքվում է ողջ գյուղը, Ջանվելյանները հրազեն հանդիսացող ինքնաձիգներով սկսել են կրակոցներ արձակել օդ, որից հետո դիմել են փախուստի: Փաստի առթիվ ստեղծվել է քննչական խումբ քննիչ Կարեն Խանամիրյանի գլխավորությամբ: Երեկ քննիչի որոշմամբ Գեղամ եւ Արմեն Ջանվելյանները ձերբակալվել են եւ տեղափոխվել ոստիկանության Կոտայքի մարզի ձերբակալվածների պահման վայր: Ձեռնարկվում են համապատասխան օպերատիվ–քննչական միջոցառումներ միջադեպի բոլոր մասնակիցներին, այդ թվում՝ Մարատ Ջանվելյանին, հայտնաբերելու ուղղությամբ: Արմեն Ջանվելյանը երեկ քննիչին է ներկայացրել իր մոտ եղած երկու հրազենները: