Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԵԶ ԳՈՎԵՑԻՆ, ՀԱՐԵՎԱՆՆԵՐԻՆ՝ ՀԱԿԱՌԱԿԸ

Մայիս 14,2011 00:00

Հինգշաբթի ուշ երեկոյան, Վիեննայում, ԵԱՀԿ-ի մշտական խորհրդում հրապարակած հայտարարությունում Եվրամիությունը դրական է որակել Հայաստանի վերջին քաղաքական զարգացումները. «Մենք ողջունում ենք այն փաստը, որ երկար ժամանակ անց առաջին անգամ Երեւանի քաղաքային իշխանությունները թույլատրեցին քաղաքական ընդդիմությանը ապրիլի 28-ին հանրահավաք անցկացնել Ազատության հրապարակում»,- ըստ «Ազատություն» ռ/կ-ի՝ հայտարարում է Եվրամիությունը՝ հույս հայտնելով, որ հանրահավաք անցկացնելու հետագա դիմումները կարժանանան նույն արձագանքին: «Այս հանրահավաքի ընթացքում պահպանվեց կարգուկանոնը, ինչը, ըստ ամենայնի, արդյունք էր իրավապահ մարմինների եւ ընդդիմադիր խմբերի միջեւ արդյունավետ համագործակցության: Հաշվի առնելով, որ 2012 թվականին Հայաստանում մեկնարկելու է նոր ընտրաշրջանը, մենք առանձնակի կարեւորություն ենք տալիս հավաքների ազատության հարգմանը»,- ասված է հայտարարությունում: Եվրամիությունը նաեւ ողջունում է նախագահ Սերժ Սարգսյանի ապրիլի 20-ի հայտարարությունը՝ առավել մանրակրկիտ հետաքննություն անցկացնել 2008 թվականի մարտիմեկյան իրադարձությունների առնչությամբ: «Այդ նույն համատեքստում ողջունում ենք, որ այդ դեպքերից հետո դատապարտված եւ ազատազրկված երեք ընդդիմադիր ակտիվիստներ՝ Հարություն Ուռուտյանը, Ռոման Մնացականյանը եւ Արամ Բարեղամյանը, վերջին շաբաթների ընթացքում վաղաժամ ազատ են արձակվել»:
Նույն ռադիոկայանի փոխանցմամբ, Եվրախորհրդարանը հինգշաբթի ուշ երեկոյան բավական կոշտ բանաձեւ է ընդունել Ադրբեջանի վերաբերյալ՝ կոչ անելով իշխանություններին ազատ արձակել վերջին հանրահավաքներից հետո ձերբակալված ընդդիմադիրներին, երիտասարդ ակտիվիստներին ու բլոգերներին, ինչպես նաեւ հարգել իր իսկ կողմից վավերացված կոնվենցիաները՝ խոսքի ու հավաքների ազատության վերաբերյալ: «Իրավիճակը այդ երկրում իսկապես բավական մտահոգիչ է»,- փաստաթղթի քննարկման ժամանակ փաստել է բրիտանացի պատգամավոր Չալզ Թանոքը՝ հավելելով. «Այժմ մենք լսում ենք հաղորդումներ լրագրողների եւ ընդդիմադիրների նկատմամբ հարձակումների ու բռնությունների մասին: Սա նոր զարգացում չէ, այդուամենայնիվ, եւս մեկ անգամ հստակ հիշեցնում է մեզ Ալիեւի վարչակազմի իրական դեմքը»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել