«Առավոտի» տեղեկություններով՝ ոստիկանության Երեւանի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի ավագ քննիչ Մանվել Մուրադյանի կողմից ստեղծված նյութերի հիման վրա հարուցվել է քրեական գործ ՀՀ քրօրի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով (ճանապարհային երթեւեկության կանոնները խախտելը, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ):
Մայիսի 13-ին, ժամը 01:30-ի սահմաններում, Արցախի փողոցի թիվ 1 շենքի դիմաց տեղի է ունեցել վրաերթ, որն ավարտվել է մահով: Վարորդը՝ 36-ամյա Արշակ Մաթեւոսյանը (նկարում), վարելով Volkswagen Passat մակնիշի 19 ՏՍ 444 համարանիշի ավտոմեքենան, դեպքի վայրից դիմել է փախուստի՝ անօգնական թողնելով վրաերթի ենթարկված 64-ամյա թոշակառու Արարատ Ջանոյանին:
Մեր տեղեկություններով՝ այդ պահին նշված տարածքում իրենց ծառայությունը կատարող Երեւանի ճանապարհային ոստիկանության աշխատակիցներին կատարվածի մասին տեղեկացրել են ականատեսները եւ հայտնել ավտոմեքենայի գույնը, ինչպես նաեւ նշել, որ մեքենան փախել է Տիգրան Մեծ պողոտայի ուղղությամբ: ՃՈ աշխատակիցները մեծ դժվարությամբ կարողացել են կասեցնել նրա փախուստը, ու արդեն, երբ նրան ավտոմեքենայով տեղափոխել են ՃՈ տուգանային հրապարակ, Ա. Մաթեւոսյանը նեղսրտել է, թե՝ «էս ի՞նչ շոու եք սարքում»: Իսկ երբ տեսուչը նրանից փորձել է ճշտել, թե ինչու է ավտոմեքենայի դիմապակին եւ թափքը վնասված, նա պատասխանել է. «4 օր առաջ կովի եմ խփել, հիմա էլ խմած եմ, գնում եմ տուն»: Երբ ՃՈ տուգանային հրապարակում գիշերը նկարահանում էինք նրա ավտոմեքենան, նա սկսեց նեղսրտել. «Էս ի՞նչ սարքոցի ա էթում, իրավունք չունե՞մ խմեմ, նստեմ ռուլին»: Նույն օրը քննիչի որոշմամբ նրա նկատմամբ նշանակվեց բժշկական փորձաքննություն, եւ պարզվեց, որ Ա. Մաթեւոսյանը, որն աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր Հայաստանի Պետական եկամուտների կոմիտեի Տեղեկատվական տեխնոլոգիաների վարչությունում որպես ավագ հարկային տեսուչ, եղել է ոչ սթափ վիճակում: Այսօր ստեղծված նյութերը ուղարկվելու են Հայաստանի հատուկ քննչական ծառայություն: