«Մարտի 1»-ի մասին պատմող փաստավավերագրական ֆիլմի գլխավոր մեսիջը, հեղինակի ասելով, այն է, որ «Մարտի 1»-ը պետք է բացահայտվի ամբողջությամբ:
Դեռ ապրիլի 26-ին Երեւանում տեղի ունեցավ գրող, հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի՝ 2008թ. նախագահական ընտրությունների ու դրան հաջորդած հետընտրական գործընթացների, «Մարտի 1»-ի ողբերգական իրադարձությունների մասին պատմող՝ «Հայաստանի կորսված գարունը» ավելի քան երկու ժամանոց փաստավավերագրական ֆիլմի շնորհանդեսը: Ֆիլմի խտասկավառակները վաղուց արդեն ուղարկվել էին այդ դեպքերի հետ առնչություններ ունեցած պատկան մարմիններին եւ պետական գործիչներին, այդ թվում՝ ԱԺ բոլոր 131 պատգամավորներին, հեռուստաընկերություններին: Երեկ «Առավոտը» փորձեց պարզել՝ արդյոք բոլոր հասցեատերե՞րն են ստացել իրենց ուղարկված խտասկավառակներն ու արդյոք դիտե՞լ են, կա՞ն բաներ, որոնք այդ մարդիկ առաջին անգամ այս ֆիլմում են տեսել, կամ վերանայե՞լ են արդյոք այդ դեպքերի վերաբերյալ իրենց գնահատականները ֆիլմը դիտելուց հետո: Ու ահա թե ինչ ստացվեց մեր «հարցախույզից»:
ՀՀ ԱԺ պատգամավոր եւ ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը ֆիլմը, որը ստացել ու դիտել էր, համարեց պրոֆեսիոնալ աշխատանք, բայցեւ հավելեց. «Ֆիլմի մասին ասելու շատ բան չկա, որովհետեւ հիմնականում այն կարծիքները, որոնք հնչում են այնտեղ, տեսարանները, որոնք ցուցադրվում են՝ նորություն չեն եւ բազմաթիվ անգամ մամուլում ներկայացվել եւ այլ տարբերակներով հրապարակվել են, դրա մասին խոսել են, այս ընթացքում տարբեր մեկնաբանություններ եղել են նաեւ Անդրանիկ Քոչարյանի (Փաստահավաք խմբում Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչ- Ն. Մ.) եւ ուրիշների կողմից: Կարծում եմ, որ եթե ասելու բան կա՝ դա պետք է ներկայացնել համապատասխան մարմիններին»: Նորությունը, պատգամավորի ասելով, այն է, որ մի ամբողջական ֆիլմ է ներկայացվել:
Պասկեւիչյանի ֆիլմը, սակայն, հայրենի խորհրդարանի ոչ բոլոր պատգամավորներին է առանձնապես հետաքրքրել: ՀՀ ԱԺ՝ այդ դեպքերի ժամանակ դեռեւս նախագահ Տիգրան Թորոսյանն ասաց, որ առաջին հերթին ժամանակ չի եղել նայելու, ու հավելեց. «Բայց ինձ ասել են, որ ֆիլմը բավականին երկար է»: ՀՀ ԱԺ, այժմ արդեն անկախ պատգամավոր Թորոսյանն անդրադառնալով ոչ թե այս ֆիլմի, այլ ընդհանրապես օբյեկտիվության խնդրին՝ կարծիք հայտնեց, թե՝ Հայաստանում ամեն բան կորցրել է իր իրական գնահատականը. «Մարդիկ սկսում են լրագրողական աշխատանքները գնահատել որպես իրավական: Այդպես չի կարող լինել, եւ որեւէ նորմալ երկրում նման բան չկա: Անկախ այն բանից՝ այնտեղ փաստագրական տվյալներ կան, թե ոչ, դրա հեղինակը լրագրող է, եւ դա պետք է լրագրողական աշխատանք դիտարկել: Ամեն բան՝ անկախ իր լավ կամ վատ, ում համար հաճելի կամ տհաճ լինելուց, իր դերն ունի, իսկ այս երկրում ամեն ինչ խառնվել է իրար»: Մեր դիտարկմանը, թե լրագրողական աշխատանքներն ու հրապարակումներն էլ մեր երկրում, իրավական տեսանկյունից, կարող են որպես ապացույցներ գնահատվել, պարոն Թորոսյանն արձագանքեց. «Ճիշտ է: Ճշտել՝ որքանո՞վ են փաստերը համապատասխանում իրականությանը, դրանից հետեւություններ անել ամեն մեկը եւ լրագրողը կարող են, բայց որպեսզի դա դառնա հիմք՝ ինչ-որ հարցի վերջնական պատասխան տալու համար, ապա դրա վրա մասնագետներ պետք է աշխատեն: Դա չի նշանակում, թե չի կարելի լրագրողին վստահել, կամ նա իրավունք չունի որեւէ բան ասելու»: Հարցին՝ իր կարծիքով, «Մարտի 1»-ի գործում կարո՞ղ են լինել բաներ, որոնք նոր բացահայտումներ, նոր ի հայտ եկած հանգամանքներ ու փաստեր կարող են դիտարկվել, Տ. Թորոսյանն ասաց, թե ինքն օրերս այդ մասին արդեն ասել է: Իսկ ասել է հետեւյալը. «Իհարկե, կան հարցեր, որոնց պատասխանները պետք է տրվեն: Առաջին հերթին՝ ի՞նչ իրավիճակում եւ ինչպե՞ս զոհվեցին այդ մարդիկ»:
Ֆիլմը ստացել, բայց դիտել չի հասցրել նաեւ ԲՀԿ խմբակցության պատգամավոր եւ «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի անդամ Նաիրա Զոհրաբյանը: Մեզ հետ զրույցում նա էլ կարծիք հայտնեց, թե մարտիմեկյան իրադարձությունների համատեքստում նոր դրվագներ, նոր փաստեր ու հանգամանքներ միշտ էլ հնարավոր է, որ լինեն ու ի հայտ գան, ու նկատի ունենալով Սերժ Սարգսյանի հայտնի հրահանգը պատկան մարմիններին՝ հավելեց, թե «այլապես իմաստ չէր ունենա անդրադառնալ այդ խնդրին»:
Գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության պետ Շահեն Տոնոյանը եւս ասաց, թե ֆիլմի DVD-ն ե՛ւ Գլխավոր դատախազը, ե՛ւ «Մարտի 1»-ի վարույթն իրականացնող ՀՔԾ-ն ստացել են. «Դատախազը ստացել է, ինքն իր համար նայելու է, բայց կա քննչական խումբ, որն ինքն է որոշում՝ դա կարո՞ղ է դիտարկվել որպես ապացուցողական նշանակության նոր նյութ, թե՞ ոչ»: Նա միաժամանակ հավելեց, թե այդ գործի վարույթն իրականացնող ՀՔԾ ՀԿԳ ավագ քննիչ Վահագն Հարությունյանն արդեն դրա պատասխանը տվել է՝ ասելով, որ ֆիլմը դիտել է, ու այնտեղ որեւէ նոր հանգամանք կամ գործի լիարժեք բացահայտման համար անհրաժեշտ փաստ չի հայտնաբերել, քանի որ այն, ինչ տեսել է ֆիլմում, քննչական մարմիններին հայտնի է, իսկ ինչ վերաբերում է ֆիլմում հնչած ենթադրություններին կամ մեկնաբանություններին, ապա դրանց առնչությամբ ինքն արդեն ներկայացրել է առարկություններ: «Փաստահավաք խմբի ձեռք բերած ապացույցներում շատ հանգամանքներ, փաստական տվյալներ խեղաթյուրված էին, որի վերաբերյալ ժամանակին ես առարկություններ եմ ներկայացրել: Այսօր այդ խեղաթյուրումները տեղ են գտել ֆիլմում»,- «Ա1+»-ի հետ զրույցում դեռ օրեր առաջ հայտարարել էր Վ. Հարությունյանը:
«Հայաստանի կորսված գարունը» դեռ չդիտած պատգամավորներից մեկն էլ դարձյալ «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող՝ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովում ՀՅԴ ներկայացուցիչ Արտյուշա Շահբազյանն է: «Դեռ չեմ նայել, բայց ստացել եմ եւ նայելու եմ, թեեւ ամեն ինչ առանց այն էլ ինձ համար պարզ է: Ընթացքում էլ բավական նյութեր ստացել ենք դրսից, այդ թվում՝ նաեւ ՀԱԿ-ից: Պատկերն ինձ համար բավականին պարզ է, բայց, ամեն դեպքում, ուղարկվածը կնայեմ»,- ասաց պատգամավորը, բայց դժվարացավ գուշակել՝ արդյոք «Մարտի 1»-ի գործում կարո՞ղ են լինել նոր, դեռ ի հայտ չեկած հանգամանքներ ու փաստեր: Պատգամավորի մատուցմամբ, դրա համար կա հատուկ մարմին՝ ՀՔԾ, ու թող նա քննի ու որոշի. «Համենայնդեպս, չբացահայտված շատ բաներ կան, ասենք՝ նույն սպանությունների մասով: Կարող են նոր հանգամանքներ լինել: Բացահայտել՝ դա է նշանակում: Եթե գործն ամբողջովին բացահայտված չէ, ուրեմն՝ ամեն ինչ պարզ չի, ամեն ինչ բացահայտված չի»:
Օրերս Տ. Պասկեւիչյանը «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ասել էր՝ թեեւ ֆիլմի DVD-ն փոխանցվել է բոլոր հեռուստաընկերություններին, «բայց առայժմ այն հեռարձակելու ցանկություն հայտնել է միայն «Գալան»: Մենք փորձեցինք ճշտել, օրինակ՝ «Երկիր մեդիա» ՀԸ-ն, որը մյուսներից ավելի բաց է ընդդիմադիր կարծիքների ու դիրքորոշումների համար, ինչո՞ւ չի ցուցադրում ֆիլմը: «Երկիր մեդիայի» լրատվական ծրագրերի տնօրեն Գեղամ Մանուկյանը մեր հարցին այսպես արձագանքեց. «Այդ հարցով «Երկիր մեդիային» ոչ մեկը չի դիմել, ու «Երկիր մեդիան» պարտավոր չէ ցանկացած ռեժիսորի անհատական պատրաստած, թեկուզեւ շատ արժեքավոր, փաստագրական ֆիլմը ցուցադրել, առավել եւս պարտավոր չէ ցանկացած քաղաքական կազմակերպության կամ քաղաքական շարժման կողմից իր համար արժեքավոր համարվող որեւէ տեսանյութ ցուցադրել: Այսքանից հետո կրկնում եմ, որ որեւէ մեկը մեզ չի դիմել: Եվ հերթական ցավալի դեպքն եմ արձանագրում, որ կարելի է օդի մեջ հայտարարություն անել, որն իրականությանը չի համապատասխանում: Մեզ որեւէ մեկը պաշտոնապես չի դիմել, ֆիլմ չի փոխանցել՝ ցուցադրելու խնդրանքով»: Ավելի ուշ Գ. Մանուկյանը նաեւ հավելեց, թե խոսել է Տիգրան Պասկեւիչյանի հետ, ու վերջինս ասել է, որ թյուրիմացություն է տեղի ունեցել. պարզվում է՝ ֆիլմի խտասկավառակները երիտասարդների մի խումբ է բաժանելիս եղել եւ DVD-ն հանձնել է ոչ թե «Երկիր մեդիային», այլ նկարահանող մի խմբի: