Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒՆ ԿՀԵՌԱՆԱ ԱՌԱՆՑ ԹՈՒՐՔ-ԱԴՐԲԵՋԱՆԱԿԱՆ ՏԱՆԴԵՄԻՆ ԻՐ ՀՈԳՈՒ ՊԱՐՏՔԸ ՀԱՏՈՒՑԵԼՈՒ

Մայիս 14,2011 00:00

\"\"Վստահ է ԵԽԽՎ-ում հայաստանյան պատվիրակության անդամ,  ԱԺ եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նաիրա Զոհրաբյանը:

– ԵԽԽՎ հունվարյան նստաշրջանից հետո, երբ Վեհաժողովի նախագահ Մեւլութ Չավուշօղլուի ջանքերով վերականգնվեց ԼՂ հարցով ենթահանձնաժողովը, Դուք նամակով դիմել էիք ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի համանախագահ Բերնար Ֆասիեին՝ ակնկալելով վերջինիս արձագանքը թուրք-ադրբեջանական գործարքի փորձերին՝ ԼՂ խնդիրը միջազգային այլ հարթակներ տեղափոխելու շուրջ: Ի դեպ, ինչո՞ւ չէիք դիմել նաեւ ԵԱՀԿ Մինսկի խմբում ռուս համանախագահին:
– Այն պարզ պատճառով, որ ԵԽԽՎ բյուրոյի հունվարյան նիստին ՌԴ պատվիրակության անդամը ներկա չէր, եւ մասնակցում էր միայն Ֆրանսիայի ներկայացուցիչ Ժան Կլոդ Մինյոնը, որն ուղղակիորեն անտեսելով իր երկրի հիմնարար դիրքորոշումը Լեռնային Ղարաբաղի հարցում, որ խնդրի լուծման օպտիմալ մանդատը Մինսկի խմբինն է, եւ ցանկացած փորձ՝ խնդիրն այլ հարթակներ տեղափոխելու, չի կարող նպաստել բանակցային խաղաղ գործընթացին, բյուրոյում որեւէ կերպ չի փորձել պաշտպանել իր երկրի տեսակետը: Ավելին, մինչ բյուրոյի նիստը, ես անձամբ էի զրուցել Մինյոնի հետ, եւ նա խոստացել էր, որ անպայմանորեն հաշվի կառնեն հայկական կողմի ընդունելի դիտողությունները, եւ նաեւ համաձայնեց ինձ հետ, որ Մինսկի խմբին զուգահեռ ցանկացած այլ նախաձեռնություն կարող է խնդրահարույց լինել: Սակայն բյուրոյի նիստում Մինյոնը հանկարծ մոռացավ իր «դիրքորոշումը» եւ պաշտպանեց Վեհաժողովի թուրք նախագահի ջանքերը՝ վերակենդանացնելու մեռելածին այդ ենթահանձնաժողովը: Ուստի ես որոշեցի դիմել հատկապես ֆրանսիացի համանախագահին, որպեսզի չձեռնարկվեն գործընթացներ, որոնք կարող են որոշ հանգրվանի հասած բանակցային գործընթացը խաթարել: Իսկ որ այդ ենթահանձնաժողովը չի կարող նպաստել բանակցային գործընթացին՝ վստահ եմ, դրանում համոզված է նաեւ Մինսկի խումբը:
– ԵԱՀԿ Մինսկի խմբում Ֆրանսիայի համանախագահ Բերնար Ֆասիեն պատասխանել է Ձեր նամակին, եւ որքան տեղյակ եմ, ինքը եւս որոշակի մտահոգություն է հայտնել Չավուշօղլուի նախաձեռնության վերաբերյալ:
– Բնականաբար, առանց Ֆասիեի թույլտվության, ես նրա պատասխանն ամբողջությամբ չեմ հրապարակի, սակայն նրա մի քանի նկատառումներ իրապես ուշագրավ են: Ըստ էության, Մինսկի խմբի համանախագահը եւս այն կարծիքին է, որ այդ ենթահանձնաժողովի վերականգնումը Չավուշօղլուի անձնական նախաձեռնությունն է, եւ գրում է՝ «Ես ի գիտություն եմ ընդունում ձեր արտահայտած մտահոգությունը, որ առկա է վտանգ, որ վերոհիշյալ հանձնաժողովի աշխատանքները կարող են միջամտել ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից տարվող բանակցություններին, որի համանախագահի պաշտոնն եմ ստանձնում ես Ֆրանսիայի կողմից: 2011թ. այդ հանձնաժողովի վերականգնումն, ինչպես գիտեք, ԵԽԽՎ նախագահ Մեւլութ Չավուշօղլուի անձնական նախաձեռնությունն է եւ զուտ ֆորմալ որոշման արդյունք, որը հետապնդում է առավել քաղաքական, քան ուղղակիորեն գործնական նպատակներ»: Բերնար Ֆասիեն մեկ անգամ եւս հաստատում է, որ ԼՂ հակամարտության միակ ընդունելի ֆորմատը Մինսկի խումբն է. «Բոլոր կողմերի համար ընդունելի ա՛յս ձեւաչափի շրջանակում ընթացող բանակցությունները միայն թույլ կտան հասնելու այս հակամարտության քաղաքական բանակցված հանգուցալուծմանը»,- իր նամակում արձանագրում է Ֆասիեն: Կարծում եմ՝ ամեն ինչ շատ հստակ է ասված:
– Շուտով մեկնարկելու է ԵԽԽՎ հունիսյան նստաշրջանը: Հնարավո՞ր է՝ այս նստաշրջանում որոշակի զարգացումներ լինեն ԼՂ ենթահանձնաժողովի հետ կապված:
– Մեկ բան հստակ է՝ Մեւլութ Չավուշօղլուին մնացել է պաշտոնավարելու մինչեւ հունվար, եւ պատահական չէ, որ թուրք-ադրբեջանական գործարքի արդյունքում այդ ենթահանձնաժողովի նախագահ «նշանակված» Ջորդի Կոստան իր վերջին հարցազրույցներից մեկում ասել է, որ մինչեւ տարեվերջ ենթահանձնաժողովը ԵԽԽՎ բյուրոյին պիտի ներկայացնի ԼՂ հիմնահարցի վերաբերյալ բանաձեւ: Իսկ թե ինչպիսին կլինի այդ բանաձեւի բովանդակությունը, կարծում եմ՝ որեւէ մեկիս համար գաղտնիք չէ: Ուստի, «Բարգավաճ Հայաստանի» դիրքորոշումն այս հարցում հստակ է՝ չի կարելի մասնակցել ի սկզբանե դատապարտված գործընթացի: Կարծում եմ՝ ողջ պատվիրակությունն իր այս դիրքորոշումը կպահպանի, եւ գրեթե վստահ եմ, որ հունվարին Չավուշօղլուն կհեռանա առանց թուրք-ադրբեջանական տանդեմին հոգու իր պարտքը հատուցելու:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել