Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՆՀԱՏԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈ՞ՒՆ

Մայիս 13,2011 00:00

\"\"Այն բնութագրում է մարդուն

Այսօր դժվար չէ գտնել յուրաքանչյուրի ականջին հարմար երաժշտություն թե շուկաներում, թե բազմաժանր երգերով ողողված համացանցում: Սակայն արդյո՞ք բոլորն են հակված լսելու ճաշակով երաժշտություն: Հարցին պատասխանելով՝ մեր քաղաքացիներից շատերն ասացին, որ իրենք կարողանում են ճաշակով երաժշտությունը տարբերել անճաշակից: Իսկ թե որն է ճաշակովի ու անճաշակի այդ «տարբերանշանը»՝ ոչ մեկը չիմացավ: Սակայն այս փաստը մասնագետների մեջ առաջացրեց հակասությունների եւ կարծիքների խառնաշփոթ: Իսկ մեղադրանքը ընկավ ռաբիս երաժշտության ու նրա կողմնակիցների «ուսերին»:

«Իրականում՝ ռաբիսը հասարակության որոշակի շերտի աշխարհընկալման երաժշտական արտահայտություն է»,- մեզ հետ զրույցում նշեց հայկական ռաբիս երաժշտությանը ծանոթ ռումինացի երաժշտաքննադատ Ալեքսանդր Տուդորեսկուն:

Հետխորհրդային տարիների ազատականացման գործընթացները եւ միջմշակութային փոխազդեցություններն իրենց ներգործությունն ունեցան հասարակության երաժշտական ընկալումների, ինչու չէ նաեւ երաժշտական ճաշակի ձեւավորման վրա: Իսկ ինչպես տարածվեց եւ լայն կիրառություն ունեցավ անճաշակ երաժշտությունը, մասնավորապես ռաբիսը՝ հասարակության երաժշտաընկալման մեջ, այս մասին բազմիցս է խոսվել ու շատ պատճառներ հայտնաբերվել:

Այդ հարցին շատ են անդրադարձել հայաստանցի երաժշտաքննադատները, որոնց համոզմամբ էլ հիմնական պատճառներից մեկը, օրինակ, արտասահման մեկնած մեր երգիչ-երգչուհիներն են, որոնք վերադառնալիս իրենց երգերը սկսեցին հնչեցնել այնտեղին բնորոշ երաժշտական երանգներով: Իհարկե, այդ ամենն անտարբեր չթողեց արեւելյան ոճի երաժշտության սիրահարներին ու օրեցօր մեծացավ նաեւ այդ լսարանը: Հայկականն արտասահմանյան դարձրած, միքսած, աղավաղած՝ մեր երգիչ-երգչուհիները գրավեցին շատ ու շատ մարդկանց, իսկ այդ «նոր» երաժշտությանը հասարակության կողմից տրված գնահատականն ու արձագանքը ծայրահեղությունների հասավ: Այդ է հիմնական պատճառը, որ դաշտը լցվեց անհասկանալի, անճաշակ երաժշտությամբ:

Երաժշտական ոճերի մասով շատերն են կարծիքներ հայտնել դրանց լսողների բնավորությունների վերաբերյալ. որոշ մասնագետներ համոզված են, որ հաուզ ոճը նախընտրողները խրախճանքների սիրահար են: Նրանք շփվող են եւ էքստրավերտ: Ռոքի սիրահարները տարբերվում են իրենց բնույթով, աշխարհայացքով: Ունեն վերացական մտածողություն, ըմբոստ են եւ ուղղամիտ: Հիփ-հոփ ոճի կողմնակիցները սիրում են լինել ուշադրության կենտրոնում եւ ամեն գնով թելադրել ու պաշտպանել սեփական կարծիքը: Ժողովրդական ոճը նախընտրում են այն մարդիկ, ովքեր ունեն ավելի հասուն հոգեբանություն եւ հայրենասիրական համոզմունքներ: Իսկ ռաբիսի սիրահարները ինքնավստահ են ու ավելի բնազդային:

«Հավասարակշռված անձինք լսում են խառը ոճի երաժշտություն», – մեզ հետ զրույցում նշեց Հերիոթ-Ուատ համալսարանի պրոֆեսոր Ադրիան Նորթը, որը երաժշտությունը համարում է անհատականության շարունակություն: «Մենք լսում ենք այն երաժշտությունը, որը համահունչ է մեր մտքերին, մտածողությանը»,- հավելեց նա:

Ադրիան Նորթը մի փորձարկում անցկացրեց. նա տարբեր մարդկանց խնդրեց կարծիք հայտնել երաժշտական տարբեր ժանրերի մասին, այնուհետեւ պատասխանել իր կողմից առաջարկված մի քանի հարցի: Արդյունքում, 36 պատասխաններից ելնելով, հասավ այն եզրակացության, որ պարային՝ «dance» ոճի երաժշտության երկրպագուները ստեղծագործող ջիղ ունեցող անձինք են, իսկ դասական երաժշտության կողմնակիցներն ինքնամփոփ են եւ այլն: Սակայն, ըստ նրա, սխալ է, որ ռոքի կողմնակիցներին համարում են կոպիտ ու դաժան, այնինչ՝ նրանք ավելի հանդարտ են, քան ուրիշները: Նկատվեցին նաեւ հոգեբանական նմանություններ ռոք, մետալիկա եւ ռեգի երաժշտական ժանրերի սիրողների միջեւ:

Արտասահմանցի մասնագետների կարծիքով՝ մարդու տարիքը ուղիղ կապ ունի նրա լսած երաժշտության հետ. ուրիշի լսած երաժշտությունը քննադատելուց առաջ պետք է երկար մտածել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել