Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ռեկորդ եւ անտիռեկորդ

Մայիս 13,2011 00:00

2011 թվականի ֆուտբոլի Հայաստանի գավաթակիրը «Միկան» է: Մայիսի 11-ին Հանրապետական մարզադաշտում տեղի ունեցած խաղում միայն մի քանի տարի առաջ ֆուտբոլին հրաժեշտ տված Արմեն Շահգելդյանի գլխավորությամբ «Միկան» տպավորիչ հաղթանակ տոնեց Գյումրիի «Շիրակի» նկատմամբ (4:1): Բայց հաղթանակը միայն տիտղոս չէր: Եզրափակիչը որոշում էր նաեւ Հայաստանին տրվող եվրագավաթային վերջին ուղեգրի տիրոջը: Ու դա առավել սկզբունքային էր դարձրել հանդիպումը: Բացի այդ, այնպես էր ստացվել, որ թիմերից յուրաքանչյուրն ունեին եզրափակիչների՝ տրամագծորեն հակառակ իրենց ավանդույթները:

Ռեկորդակիրն ու անհաջողակը. ավանդույթները չեն խախտվում

\"\"Իր հիմնադրման հենց առաջին տարում առաջին փորձից «Միկան» հայտնվեց գավաթի խաղարկության եզրափակչում ու 2:1 հաշվով հաղթանակ տարավ «Զվարթնոցի» նկատմամբ: Այդտեղից էլ սկսվեց թիմի գավաթային հաղթարշավը: Գոյության 11 տարիների ընթացքում «Միկան» վեց անգամ է հնարավորություն ունեցել՝ գլխավերեւում տեսնելու Անկախության գավաթը, ու վեց հնարավորություններն էլ լիովին օգտագործվել են. 2000-ին՝ «Զվարթնոցը», 2001-ին՝ «Արարատը», 2003-ին՝ «Բանանցը», 2005-ին՝ «Կիլիկիան», 2006-ին՝ «Փյունիկը» եւ, վերջապես, այս մրցաշրջանում՝ Գյումրիի թիմը «Միկային» օգնեցին ոչ միայն բոլոր գավաթային եզրափակիչներում հաղթանակած դուրս գալ, այլեւ ռեկորդ սահմանել՝ դառնալով Հայաստանի գավաթային հանդիպումների ամենատիտղոսակիր թիմը: Այսօր հնգակի գավաթակիրներ «Արարատն» ու «Փյունիկը» մեկ տիտղոսով զիջում են արդեն վեցակի գավաթակիր «Միկային»: Սա աննախադեպ նվաճում է հայկական ֆուտբոլի պատմության մեջ:

Աննախադեպ է նաեւ «Շիրակի» ցուցանիշը գավաթային եզրափակիչներում: Լինելով միակ թիմը, որ մասնակցել է գավաթի բոլոր 20 խաղարկություններին, գյումրեցիները չորրորդ անգամ եզրափակչի ուղեգիր ձեռք բերեցին ու պատվավոր մրցանակը նվաճելու չորրորդ հնարավորությունը ձեռքից բաց թողեցին: Մինչ այսօր՝ 1993-1994 թվականներին «Շիրակի» ճանապարհը փակել է «Արարատը», 1999-ին՝ «Ցեմենտը», իսկ այժմ էլ՝ եզրափակիչներում անկասելի «Միկան»:

Ֆուտբոլ ունենալը միայն ֆուտբոլ խաղալը չէ

Ֆուտբոլ ունենալու համար պետք է նաեւ ֆուտբոլային հանդիպումները ճիշտ կազմակերպել կարողանալ: Հայաստանում դա դեռ այնքան էլ լավ չի ստացվում: Վերջին վառ օրինակը գավաթային եզրափակիչն էր ու Հանրապետական մարզադաշտի «հյուրընկալությունը»: Ֆուտբոլասերների համար անսպասելիորեն փակ էր ամբողջ արեւմտյան տրիբունան: Մուտքը հսկող ոստիկանները ասում էին, թե այն հրավիրատոմսերով հյուրերի համար է, ինչը չգիտես՝ ծիծա՞ղ պիտի առաջացնի, թե՞ լաց: Չէ՞ որ մի ամբողջ տրիբունա հրավիրատոմսերի համար առանձնացնելը, այն էլ՝ Հայաստանում, աբսուրդ է: Ըստ գոյություն ունեցող համաշխարհային պրակտիկայի, այդ նպատակով առանձնացվում են հատուկ հատվածներ, բայց ոչ ամբողջ կենտրոնական տրիբունան: Առավել զարմանալի ու բազմախոս էր 90 րոպեների ընթացքում «հրավիրատոմսային» տրիբունայի գրեթե ամբողջական դատարկությունը, եթե իհարկե ընդունենք, որ այն փակ լինելու իրական պատճառը հրավիրատոմսերն էին: Ինչո՞ւ պիտի մարզադաշտ մուտքն անվճար լինելու պայմաններում հավատարիմ ֆուտբոլասերը զրկվի իր ուզածի պես ֆուտբոլ նայելու հնարավորությունից, երբ «հրավիրատոմսով» արտոնյալները համատարած չեն էլ բարեհաճում ներկա գտնվել:

Մյուս խնդիրն էլ հանդիպման ժամանակ մարզադաշտը սպասարկող ոստիկաններն էին՝ իրենց հաճախ ոչ համարժեք վարքագծով, անտեղի միջամտություններով ու մարդկանց իրավունքների սահմանափակումով: Սակայն սա անվերջ թեմա է: Ու ոչ միայն ֆուտբոլում:

Զարգանալու տեղ դեռ շատ ունենք:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել