Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Լիմայում մեր մեդալների հաշվարկը բացվեց

Մայիս 13,2011 00:00

\"\"Պերուի մայրաքաղաքում շարունակվող ծանրամարտի աշխարհի պատանեկան 2-րդ առաջնությունում մեր հանրապետությունից երկրորդը մրցահարթակ մտավ 62 կգ քաշային Անդրանիկ Կարապետյանը: 16-ամյա սամաղարցի մարզիկը համառ պայքար մղեց ուժեղագույնների խմբում ընդգրկված տասներեք երկրների ներկայացուցիչների հետ եւ պիտի ասել, որ ընդհանուր առմամբ իրեն, կարծես, վատ չդրսեւորեց, թեեւ նրա ու մեր մյուս պատանի ծանրորդների մասնակցության գնահատական, ի վերջո, պետք է տան մասնագետները, քանի որ տղաների մեծ մասն առաջին անգամ է ոտք դնում միջազգային մրցահարթակ ու նրանցից շատերին դեռ չենք ճանաչում:

Պոկում վարժությունն սկսելով 115-ից՝ Անդրանիկը երկրորդ մոտեցմամբ բարձրացրեց նաեւ 120 կիլոգրամը: Եվ ինչպես պարզ դարձավ մի փոքր ավելի ուշ, դա այս մրցաձեւում լավագույն ցուցանիշն էր, որն Անդրանիկին բերեց փոքր ոսկե մեդալ: Երկրորդը ճանաչված իրաքցի Կարար Մոհամեդ Կադրումը նրան զիջում էր մեկ կիլոգրամով, իսկ ռուսաստանցի Սերգեյ Պետրովն էլ վերջինից էր մեկ կիլոգրամ պակաս բարձրացրել: Ճիշտ է, Անդրանիկը փորձեց իր մոտակա հետապնդողից առաջ պոկվել եւս երկու կիլոգրամով, սակայն մոտեցումը 122 կիլոգրամանոց ծանրաձողին՝ անհաջող ստացվեց:

Հրում վարժությունում պայքարն ավելի սուր ընթացավ: Հայաստանցի ծանրորդը առաջին մոտեցմամբ սանձեց 135 կիլոգրամը, սակայն դրանից հետո երկու անգամ անհաջողության մատնվեց 140 կգ-ում, ինչը, ի վերջո, այս մրցաձեւում յոթերորդ ցուցանիշը եղավ: Բայց, շնորհիվ պոկումում կուտակած կիլոգրամների պաշարի, Անդրանիկ Կարապետյանը երկամարտի 255 կիլոգրամով բարձրացավ պատվո պատվանդանի երրորդ աստիճանին: Չեմպիոն դարձավ Իրաքի ներկայացուցիչը, իսկ ռուսաստանցի ծանրորդն արժանացավ արծաթե պարգեւի:

Այսպիսով, Լիմայում մեր հավաքականի մեդալների հավաքածուի հաշվարկը բացվեց. Անդրանիկ Կարապետյանը նվաճեց մեկ փոքր ոսկի՝ պոկումում եւ բրոնզ՝ երկամարտում: Հուսանք, որ 69 կգ քաշային կարգում մեր հանրապետության երկու ներկայացուցիչները՝ Վարդան Միլիտոսյանը (նա օլիմպիական չեմպիոն Իսրայել Միլիտոսյանի որդին է) եւ Ռազմիկ Օլտեցյանը կավելացնեն մեր մեդալների հավաքածուն: Այս քաշայինների մրցակցությունը պետք է ավարտվեր Երեւանի ժամանակով կեսգիշերից հետո: Ի դեպ, նույն խմբում Ռուսաստանի դրոշի ներքո հանդես էր գալու հայազգի պատանի ծանրորդ Ռազմիկ Հունանյանը: Իսկ ավելի ուշ (հիշեցնենք, որ Պերուն մեզնից 10 ժամ հետ է) 58 կգ աղջիկների պայքարում Ռուսաստանը ներկայացնելու էր Անի Սարգսյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել