Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԹԵԿՈՒԶ ՓՈՔՐԱԹԻՎ ՀԱՆԴԻՍԱՏԵՍԻ ԱՌԱՋ»

Մայիս 13,2011 00:00

\"\"Ամերիկացի արվեստագետներ Դուեյն Ֆանդերբըրկի եւ Ալեքս Ռասըլի համար բարձրակարգ երաժշտութուն քարոզելիս՝ լսարանի չափը էական չէ:

Այսօր ողջ աշխարհում մտահոգություն կա դասական երաժշտության հանդեպ հետաքրքրության օրեցօր նվազման հետ կապված: «Առա վոտը» վերջին շրջանում նման բովանդակությամբ զրույցներ է ներկայացրել ոչ միայն հայաստանցի, այլեւ արտերկրից ժամանած ճանաչված երաժիշտների հետ: Նախօրեին հանդիպելով ամերիկացի հայտնի արվեստագետներ, դաշնակահար Դուեյն Ֆանդերբըրկի եւ ջութակահար Ալեքս Ռասըլի հետ, պարզեցինք, որ թեեւ նրանց նպատակն էլ մեկն է՝ դասական եւ ժամանակակից կոմպոզիտորների երկերի միջոցով նպաստել հանդիսատեսի երաժշտական կրթմանը, սակայն դրան հասնելու համար որդեգրած ուղին ինքնատիպ է:

ԱՄՆ-ում Դ. Ֆանդերբըրկը եւ Ա. Ռասըլը շուրջ 10 տարի առաջ հիմնել են The Los Angeles Collaboration միությունը, որը տարեկան հանդես է գալիս շուրջ 50 համերգով: Նրանց նախաձեռնությամբ եւ հաճախ էլ հրավիրված երաժիշտների ու նույնիսկ նվագախմբերի մասնակցությամբ համերգները կայանում են ոչ միայն սրահներում, եկեղեցիներում, այլեւ մասնավոր առանձնատներում: Դ. Ֆանդերբըրկի խոսքերով՝ իրենք եւ համախոհները պատրաստ են ամբողջական, այդ թվում՝ նաեւ բարեգործական ծրագրերով ելույթ ունենալ թեկուզ փոքրաթիվ հանդիսատեսի առջեւ:

«Հայաստան այցից մեկ շաբաթ առաջ հրավիրված էինք ամերիկահայ բիզնեսմեն Ջորջ Թերզյանի առանձնատուն: 45 հրավիրյալների համար ներկայացրինք հանրամատչելի երաժշտություն՝ դասականից մինչեւ ջազ, ներառելով օրիգինալ մշակումներ եւ գործիքավորումներ, այդ թվում՝ նաեւ Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից»,- հայտնեց Ա. Ռասըլը: Ընդմիջելով ընկերոջը, Դ. Ֆանդերբըրկն ասաց, որ միայն ԱՄՆ-ով չի սահմանափակվում իրենց գործունեությունը. հանդես են եկել Չինաստանում, Ավստրալիայում, Սինգապուրում, Մեծ Բրիտանիայում եւ այլ երկրներում: Մի կարեւոր հանգամանք. ելույթները ուղեկցվում են երաժշտական նյութի մասին տեղեկատվությամբ:

Հարցին՝ եթե հրավեր ստանան հայաստանցի գործարարից, պատրա՞ստ են ելույթ ունենալ նրա առանձնատանը, մեր զրուցակիցների պատասխանը հակիրճ էր. պատրաստ ենք՝ նույնիսկ մի քանի ունկնդրի համար: Եվ քանի որ մեզանում նման նախադեպ չկա, հետաքրքրվեցինք, թե ի՞նչ գումար կպահանջվի դրա համար: «Երբեւէ չենք սակարկել, բայց նշեմ, որ, օրինակ, Հայաստան այս այցի ճանապարհածախսը հոգացել ենք ձեր հայրենակից Թերզյանի առանձնատանն ունեցած համերգի հասույթից, ընդ որում, ունենք նաեւ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի աջակցությունը, ում հրավերով ձեր երկրում ենք»,- ասաց դաշնակահարը: Նա նաեւ հավելեց՝ ծանոթ լինելով մեր երկրի տնտեսական վիճակին, չի կարող մեծ հոնորարների մասին խոսք լինել:

Այսօր երաժիշտները եզակի համերգ կունենան «Արամ Խաչատրյան» համերգասրահում՝ Հայաստանի պետական ֆիլհարմոնիկ նվագախմբի ընկերակցությամբ (դիրիժոր՝ Հարություն Արզումանյան), նրանց կմիանա նաեւ թավջութակահար Լեւոն Առաքելյանը, իսկ մայիսի 15-ին Կամերային երաժշտության տանը հանդես կգան տրիոյով՝ թավջութակահար Կարեն Քոչարյանի հետ: Ի դեպ, վերջինս 5 տարի առաջ համատեղ ելույթ է ունեցել ամերիկացի երաժիշտների հետ՝ ԱՄՆ-ում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել