Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Կադիրով-Մարադոնա՝ 5:2

Մայիս 13,2011 00:00

\"\"Ռամզան Կադիրովն ընդդեմ Դիեգո Մարադոնայի. այսպես կարելի է բնութագրել չորեքշաբթի օրը Գրոզնիում կայացած ֆուտբոլային ընկերական հանդիպումը, որին մասնակցում էին Կովկասի հավաքականն ու աշխարհի ֆուտբոլային աստղերի ընտրանին: «Ազատություն» ռ/կ-ի մատուցմամբ, Կովկասի հավաքականը, որն առավելապես չեչեն պաշտոնյաներից էր կազմված, 5:2 հաշվով հաղթեց աշխարհի հավաքականին, որում, ի դեպ, ընդգրկված էին այնպիսի վետերան աստղեր, ինչպիսիք են Դիեգո Մարադոնան, Լուիշ Ֆիգուն, Իվան Սամորանոն եւ 1998 թվականին Ֆրանսիայի հավաքականի կազմում աշխարհի չեմպիոնի տիտղոսը նվաճած հայազգի Ալեն Բողոսյանը:

Չեչնիայի 34-ամյա նախագահի այս հերթական աղմկալի ու թանկարժեք նախաձեռնությունը նվիրված էր Գրոզնիի նորակառույց մարզադաշտի շահագործմանը: 280 միլիոն դոլար արժողությամբ այս ստադիոնը կրում է Ռամզան Կադիրովի հոր՝ նախկին նախագահ Ահմադ Կադիրովի անունը:

Խորհրդանշական է, որ Կադիրովների ընտանիքում Գրոզնիի մարզադաշտը մի անգամ արդեն ճակատագրական դերակատարություն ունեցել է. Չեչնիայի ներկայիս նախագահի հայրը 2004 թվականի մայիսի 9-ին զոհվեց հենց Գրոզնիի «Դինամո» ստադիոնում տեղի ունեցած ռումբի պայթյունից:

Ռուսական մի շարք աղբյուրներ պնդում են, որ Գրոզնիի նորաբաց ստադիոնը Ռուսաստանում ամենաթանկարժեքներից մեկն է: Այն ոչ միայն ֆուտբոլային դաշտ ունի, այլեւ լողավազան ու թենիսի կորտեր: Մարզադաշտը 30 հազար ֆուտբոլասեր ընդունելու հնարավորություն ունի:

Տեղացիներից շատերը, սակայն, պնդում են, որ Չեչնիայի իշխանությունները մարզադաշտի կառուցման ընթացքում ուսանողներին եւ բյուջետային հիմնարկների աշխատակիցներին ամիսներ շարունակ ներգրավում էին շինարարական աշխատանքներում՝ պարբերաբար շաբաթօրյակներ կազմակերպելով:

Չեչնիայում նաեւ նշում են, որ թանկարժեք եւ ժամանակակից այս մարզադաշտի կառուցմամբ Ռամզան Կադիրովը ակնկալում է Գրոզնիի ընդգրկումը ռուսաստանյան այն քաղաքների շարքում, որոնց իրավունք կտրվի հյուրընկալել 2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնությունը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել