Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼԻԲԻԱՅԻ ԱՊՍՏԱՄԲՆԵՐԸ ԳՏԵԼ ԵՆ ՔԱԴԴԱՖԻԻ ՀԵՏՔԸ

Մայիս 13,2011 00:00

\"\"Լիբիայի առաջնորդ Մուամմար Քադդաֆիի ճակատագրի շուրջ անորոշությունը, newsru-ի մատուցմամբ, գնալով ավելի է խտանում: Նա ապրիլի 30-ից ի վեր հանրությանը չի ներկայացել ու նրան ոչ ոք իր աչքով չի տեսել: Հիշեցնենք, որ ապրիլի 30-ին ՆԱՏՕ-ի ուժերի կողմից Քադդաֆիի՝ Տրիպոլիի կենտրոնում գտնվող նստավայրի ռմբակոծման արդյունքում սպանվել էին նրա որդին՝ Սաիֆ ալ- Արաբն ու երեք թոռները: Վարկածներ կային, թե նա ծանր վիրավորվել է կամ նույնիսկ՝ սպանվել, քանի որ ռմբակոծման պահին գտնվել էր որդու՝ հրթիռակոծության արդյունքում ավերված տանը:

Սակայն Լիբիայի իշխանությունները պնդում են, թե Քադդաֆին ողջ ու առողջ է եւ դեռ բավարար կողմնակիցներ ունի: Նույնն են պնդում նաեւ ապստամբները, որոնց ղեկավար մարմինը՝ Ազգային անցումային խորհուրդը, տեղակայված է Բենգազիում: Ապստամբները չորեքշաբթի օրը Facebook սոցցանցում հրապարակել են մի տեղեկություն, ըստ որի՝ Քադդաֆին թաքնվում է լիբիական անծայրածիր տափաստանում, եւ նրա նստավայրը գտնվում է Աշ-Շուրաիֆ շրջանում: Իհարկե, նշվում է նաեւ, որ այդ տեղեկությունը ստուգելը դժվար է:

Չի բացառվում նաեւ այն վարկածը, թե Քադդաֆին լքել է երկրի սահմանները: Համենայնդեպս, ՆԱՏՕ-ն խոստովանում է, որ կորցրել է նրա հետքն ու նրա գտնվելու վայրի ու վիճակի մասին ոչինչ չգիտի: Ալյանսը միաժամանակ շեշտել է, թե ինքը հետաքրքրված չէ Քադդաֆիի ճակատագրով եւ հավաստիացնում է, որ Լիբիայում Հյուսիսատլանտյան դաշինքը Քադդաֆիին ֆիզիկապես ոչնչացնելու ծրագիր չունի, թեեւ վերջին շրջանում ռմբակոծություններն ավելի ինտենսիվ են դարձել: ՆԱՏՕ-ն դա բացատրում է գործողությունների երկրորդ փուլի մեկնարկով, որ թիրախը լիբիական ռեժիմի հրամանատարական հենակետերն են: Հինգշաբթի օրը ալյանսը կրկին հարձակում է իրականացրել Տրիպոլիում Քադդաֆիի նստավայրի վրա՝ արձակելով առնվազն 4 հրթիռ: Իշխանությունները կրկին հայտարարել են այդ հարձակման արդյունքում մարդկային զոհերի եւ 27 վիրավորների մասին: Լիբիական հեռուստատեսությունը հայտնել է, թե այդ հրթիռակոծության արդյունքում տուժել է նաեւ Չինաստանի դեսպանատունը:

Այդ ֆոնին ապստամբները շարունակում են իրենց հաջողված հակագրոհները: Նրանք հայտարարել են, որ գրավել են Միսուրատայի օդանավակայանը, որը գտնվում էր կառավարական ուժերի վերահսկողության տակ, եւ որ Քադդաֆիի բանակը թողնելով տանկերն ու հրթիռները, փախուստի է դիմել: ԵՄ արտաքին հարաբերությունների եւ անվտանգության հարցերով հանձնակատար Քաերին Էշտոնը հայտարարել է, թե Բենգազիում ԵՄ-ն ներկայացուցչություն կբացի, ինչն անհրաժեշտ է ընդդիմադիր Ազգային անցումային խորհրդին աջակցություն ցուցաբերելու համար: Ընդսմին, ԱՄՆ Կոնգրեսում պատրաստվում է մի օրինագիծ, որի ընդունումը լիբիական ընդդիմությանը հնարավորություն է տալու մուտք ունենալ դեպի Քադդաֆիի սառեցված բանկային ակտիվներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել