Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿՈՌՈՒՄՊԱԾԻՆ ԳԻՏԱԿԱՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈ՞ՒՆ

Մայիս 13,2011 00:00

Թվում էր, թե երբ լիարժեք բացահայտված է ՀՀ ԿԳՆ ԳՊԿ աննախադեպ կոռուպցիոն եւ գիտաավերիչ գործունեությունը, իր ստեղծման օրից սկսած, նա կեղծ փորձագիտության անվան տակ անարգելք իրականացնում է պետական գումարների մաֆիական փոշիացում, ՀՀ կառավարությունը գոնե հիմա կշտկեր իր սխալը եւ կհրաժարվեր պետական բյուջեի հաշվին, ԳԱԱ հսկայական վարչական բանակի առկայության պայմաններում, եւս մի հակագիտական պետական կառույց պահելու գայթակղությունից: Սակայն ՀՀ կառավարությունը ԳՊԿ «փորձագիտության» արդյունքները չեղյալ համարելու եւ հանրապետությունում գիտական ներուժի փաստագրման իրական փորձագիտություն իրականացնելու փոխարեն, կատարում է իր հերթական սխալը՝ նման անհայտության դաշտում ձեւավորում է գիտական կադրերի պատրաստման պետական պատվերը: Ակամայից հարց է առաջանում. եթե հանրապետության գիտության բոլոր բնագավառների լիդերները իրենց հրապարակումներում նշում են, որ ԳՊԿ-ն աննախադեպ կոռուպցիոն «փորձագիտություններ» է իրականացնում, որոնք անհապաղ ենթակա են սառեցման, ապա ինչ գիտական հիմնավորմամբ է ՀՀ կառավարությունը ձեւավորում երկրի՝ գիտական կադրերի պահանջարկը: Կասկածից վեր է, որ նախորդ տարիների նման այդ տեղերը կբաշխվեն ոչ թե երկրի սոցիալ-տնտեսական զարգացման պահանջներից, այլ խմբակային ու կոռուպցիոն շահերից ելնելով օգտագործելով այն՝ մեր իշխանական էլիտայի որդիներին զինվորական ծառայությունից ազատելու համար: Նշեմ, որ կադրերի պատրաստման բնագավառը տարիներ շարունակ պատանդ է դարձած ՀՀ կառավարության մեկ այլ զավեշտալի որոշման, որի համաձայն հաստատության ասպիրանտական կրթություն իրականացնելու իրավունքը որոշվում է ոչ թե նրա կրթական ծրագրերի որակով, ինչպես ընդունված է բոլոր քաղաքակիրթ երկրներում, այլ նրանում աշխատող գիտության դոկտորների թվով: Այդ անհեթեթ որոշմամբ տարիներ շարունակ հանրապետությունում չեն պատրաստվում գիտության ժամանակակից նոր ուղղությունների կադրեր, որը հնարավոր է միայն ազգային եւ միջազգային ներուժի ինտեգրացմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել