Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«Պոլսահայերին սփյուռք չեմ ասել»

Մայիս 13,2011 00:00

ՀՀ սփյուռքի նախարարը զրուցեց ԵՊՀ ուսանողների հետ եւ պատասխանեց լրագրողների հարցերին

\"\"Երեկ ԵՊՀ ուսանողները հյուրընկալել էին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Նախքան ուսանողներին հանդիպելը, նախարարը պատասխանեց նաեւ լրագրողների հարցերին:

Արդեն դահլիճում Հ. Հակոբյանը ուսանողներին ներկայացրեց սփյուռքի նախարարության ստեղծման գաղափարը, ապա՝ նախարարության քաղաքականության ռազմավարությունը. «Հայկական սփյուռքը, որպես միավոր, շատ տարիներ գոյություն ունի, որն իր գաղթօջախներով ձեւավորվեց Հայոց ցեղասպանությունից հետո: 90-ականներին հանրապետությունում գրանցված արտագաղթի աճի շնորհիվ Սփյուռքը համալրվեց»:

Նախարարը 90-ականներին արտագաղթող հայերին բաժանեց մի քանի խմբի. «Խորհրդային տարիներին երկաթյա վարագույրով դռները փակ էին: Եվ այն հայերը, որոնք եկել էին ազատ աշխարհից եւ հայտնվել ռեժիմի պայմաններում, անընդհատ ձգտում էին գնալ, բայց արդեն ճանապարհը փակ էր: 1991-ի սեպտեմբերին դռները բացվեցին, եւ արտագաղթող մարդկանց մի հատվածն անմիջապես հեռացավ Հայաստանից՝ առանց ետ նայելու: Մյուս խումբը ժամանակի տնտեսական դժվարություններին չդիմացողներն էին: Նրանց հաջորդեցին երիտասարդ որդիներ ունեցող ծնողները: Քանի որ հայրենիքի պաշտպանության հարցը ահագնանում էր, եղան մարդիկ, որոնք իրենց զավակներին վերցրին եւ հեռացան: Վերջին խումբն էլ խելացի, կարող, կազմակերպված երիտասարդներ էին, որոնց ուղեղները անհրաժեշտ էին Արեւմուտքին: Այդ ժամանակ մեր միջին աշխատավարձը 10 դոլարի չափով էր, իսկ Արեւմուտքից առաջարկվող 100-200 դոլարը երազանք էր մեր երիտասարդ գիտնականների համար: Այսկերպ սփյուռքը ձեւավորվեց աշխարհի մոտ 120 երկրներում»:

Ըստ Հ. Հակոբյանի, աշխարհում այսօր հաշվվում է Հայաստանից դուրս ապրող մոտ 7 մլն հայ. «Այդ 7 միլիոնը տենդագին, հետեւողական նայում է, թե ի՞նչ է կատարվում Հայաստանում, ո՞վ իրեն ինչպես է պահում… Ես նրանց համարում եմ 7 միլիոն դեսպան, քննադատ, բարեկամ՝ Հայաստանից դուրս»:

Նա նշեց, որ վերջին տարիներին սփյուռքը որոշակի ներդրում ունեցավ Հայաստանի կայացման եւ զարգացման գործում. «Տարեկան 3 միլիարդ դոլարի չափով տրանսֆեր ենք ստանում դրսից, որը մոտավորապես հավասար է մեր պետական բյուջեին: Այն ազդում է մեր տնտեսական շուկայի, նրա կառուցվածքի, փոփոխությունների վրա: Մեզ մոտ գրանցված 4000 մանր եւ միջին բիզնեսի 80%-ի մասնակիցները սփյուռքահայերն են: Նախարարության նպատակն է, որ տարեկան 2-3 միլիոն զբոսաշրջիկ այցելի Հայաստան: Նման կոչով դիմել ենք սփյուռքահայերին՝ 7 տարին մեկ հայրենիք եկե՛ք: Սա նշանակում է՝ տարին 1 մլն զբոսաշրջիկ արդեն ապահովված է»:

Նախարարը խոսեց նաեւ հայրենադարձությանը վերաբերող օրենքից, երկքաղաքացիությունից. «Այսօր Հայաստանում ապրողներից շատերը հայրենադարձներ են, սակայն իրենց հայրենիքում նրանք խնդիրներ ունեն: Վերջերս մի տղա եկավ ինձ մոտ ու պատմեց, որ հաստատվել է Հայաստանում, սովորում է, աշխատում է, բայց ամեն օր տուն վերադառնալիս, երբ մոտենում է իր ավտոտնակին, չի կարողանում մեքենան կայանել, քանի որ միշտ մեկ այլ մեքենա է կանգնած լինում այդ տեղում: Ու երբ նա խնդրում է, որ մի կողմ գնան, մեքենայի վարորդն ասում է՝ դու ո՞վ ես, որ քեզ էլ տեղ տամ… Ոչ ոք իրավունք չունի ոտնահարել սփյուռքահայերի հայ լինելու իրավունքը: Շուտով օրենքով այս ամենը կկարգավորվի: Բացի այդ, որդեգրել ենք նաեւ նոր մոտեցում նրանց բարեգործությունների հարցով: Սփյուռքահայերը չպետք է գան եւ բարեգործություն անեն, թող ներդրումներ անեն, շահ ստանան, դրանով կբացեն աշխատատեղեր, նվազեցնեն աղքատությունն ու արտագաղթը»:

Նախկին համալսարանականը ուսանողներին խորհուրդ տվեց առավելագույնս փորձել գիտելիքներ ստանալ, քանի որ՝ «Մամաների, պապաների օգնությունը ժամանակավոր է, մարդ իր գիտելիքի վրա պետք է հենվի: Այն ճամփան, որ անցել եմ, 50 տոկոս պարտական եմ ծնողներիս, 50 տոկոս համալսարանին, որովհետեւ իմ ուսումնառության ընթացքում ես սպունգի պես ներծծել եմ այն, ինչ ինձ տվել են»:

Հ. Գ. Լրագրողների հետ զրույցում սփյուռքի նախարարը պարզաբանեց թուրքական «Հյուրիեթ» թերթի տարածած տեղեկատվությունը, թե Ստամբուլում պոլսահայ համայնքի հետ հանդիպման ժամանակ նախարարը Պոլսի հայերին սփյուռք է համարել. «Դա կեղծիք է: Պոլսահայերն ու Արեւմտյան Հայաստանի տարածքի բնակիչները սփյուռք չեն համարվում, քանի որ 100-ավոր տարիներ ապրում են այդ հողում: Ես իմ խոսքի մեջ ասել եմ պոլսահայ համայնք, Հայաստանից դուրս ապրող հայրենակիցներ բառակապակցությունները: Սա պետական թուրքական քաղաքականություն է, որը փորձում է սեպ խրել հայրենիքի եւ հայրենիքից դուրս ապրող հայերի միջեւ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել