Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԴԱՍԱԽՈՍՆԵՐԸ ՀԱՂԹԵՑԻՆ

Մայիս 13,2011 00:00

\"\"Ֆրանսիական համալսարանը նրանց կվերականգնի աշխատանքում եւ կվճարի հարկադիր պարապուրդի համար

Ինչպես արդեն «Առավոտի» երեկվա համարում տեղեկացրել ենք՝ Հայաստանում Ֆրանսիական համալսարանից հեռացված 12 դասախոսները շահել են դատը: Երեկ այդ կապակցությամբ նրանք ասուլիս էին հրավիրել՝ ուրախությամբ նշելով, որ վերականգնվել են աշխատանքի Ֆրանսիական համալսարանում:

Համալսարանի աշխատանքային իրավունքի դասախոս, փաստաբան Մարատ Ատովմյանի խոսքով, Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մայիսի 11-ին հրապարակված վճռով՝ բավարարվել է իրենց հայցը: Ըստ սահմանադրական իրավունքի դասախոս, իրավաբան Անահիտ Հակոբյանի՝ «Պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար համալսարանից պետք է բռնագանձվի մեր միջին աշխատավարձը՝ շուրջ 4 մլն 200 հազար դրամ, բացի այդ, մեզ համալսարանը պարտավորվում է վճարել չվճարված արձակուրդային գումարը»:

Ատովմյանն էլ հավելեց. «2010-ին 29 դասախոսներով ստացանք 4 ծանուցում: Նախ այն տեղեկացնում էր մեր պայմանագրերի ժամկետի լրանալու մասին: Ապա դրանցից մեկում նշված էր, որ հետագա համագործակցությունը կքննարկվի, երբ հաստատվեն դասաժամերը: Մի քանի օր անց ստացանք հաջորդ ծանուցումը, որ համալսարանը համագործակցությունն այլեւս չի շարունակում, եւ որ հուլիսի 1-ից արձակուրդում ենք: Իսկ օգոստոսի 2-ից ազատվեցինք աշխատանքից՝ 48 օր արձակուրդ ստանալու հիմնավորմամբ……Ոչ մի երկրի մաթեմատիկայով հուլիսի 1-ից մինչեւ օգոստոսի 2-ը 48 օր չի լինում»:

Ա. Հակոբյանը նշեց, որ 29 դասախոսից միայն 13-ն է դիմել դատարան. «Տարբեր պատճառներով մյուսները չդիմեցին, մի մասն աշխատում էր պետական մարմիններում, նրանց փոխարեն չենք կարող խոսել: 13 հայցվորներից Աննա Ավետիսյանը հրաժարվեց հայցից, որի մասով գործը կարճվեց: Մյուսները շարունակեցին, եւ արդյունքում բավարարվեցին մեր պահանջները»:

Օտար լեզուների դասախոս Գայանե Հակոբյանը նշեց, որ համալսարանի ռեկտոր Ժոել լե Մորզելեկը, որը, ի դեպ, իրավաբանի որակավորում ունի, զլացել է անգամ թերթել օրենսգիրքը՝ հասկանալու համար, որ իրենց բացատրությունները կարող էին եւ անհիմն լինել: Անահիտ Հակոբյանը հավելեց գործընկերուհու ասածին. «Մեզ հեռացնելիս նախապես նշել էին, թե իրենց չեն բավարարում մեր պրոֆեսիոնալիզմը, աշխատանքային որակները, սակայն հետաքրքիրն ու հակասականն այն է, որ դատարանում նրանք այդ մասին ոչինչ չհիշատակեցին: Պարզապես նշել էին, որ մեր աշխատանքային պայմանագրերի ժամկետները լրացել են, եւ այս հիմքով մենք ազատվել ենք աշխատանքից»:

Մ. Ատովմյանի խոսքով. «Տպավորությունն այնպիսին էր, որ համալսարանի ղեկավարությունն ինքն էլ չի հասկացել, թե ինչու է մեզ հեռացնում, դա նույնն է, որ աջ ձեռքը տեղյակ չլինի ձախից…»:

Ըստ ֆրանսերենի դասախոս Նարինե Կոխտիեւայի. «Այս ամենի պատճառն այդպես էլ չհասկացանք: Ինչո՞ւ մենք եւ ոչ՝ մյուս մասնագետները… Համալսարանը մեր տունն էր՝ մեր կառուցածը, ստեղծածը, բայց այն, ինչ մենք հիմնել էինք այս կազմով, ոչինչ չի մնացել: Ամեն ինչ փոխվել է: Ես հակագովազդ չեմ անում մեր համալսարանին, այլ փաստում եմ, որ արդարություն գոյություն ունի: Եթե դու ճիշտ ես, վստահ՝ քո հիմնավորումներում, արդարությունը կհաղթի»:

Դասախոսները դժգոհեցին, որ համալսարանում կրճատվել են դասապրոցեսները եւ գործնական աշխատանքները. ֆրանսերենի գործնական խմբերը 15 հոգուց դարձել են 30 հոգանոց, ինչի պատճառով ուսանողները դիմում են անհատական պարապմունքների: Նրանց պնդմամբ, այդ ամենից տուժում է կրթության որակը: Մ. Ատովմյանի բնորոշմամբ, ղեկավարությունը պետք է փոխի իր ռազմավարությունը կամ փոխվի ղեկավարությունը։ Իսկ Ա. Հակոբյանը շեշտեց. «Համալսարանը միայն խոսեց՝ ոչինչ չհիմնավորելով, մենք ապացուցեցինք ով է պրոֆեսիոնալ, ով՝ ոչ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել