Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԵՆԱՏ ԿԱՄ ՎԵՐԻՆ ՊԱԼԱՏ

Մայիս 13,2011 00:00

\"\"Հաւասարում՝ բազմաթիւ անյայտներով

Սփիւռքահայերի մասնակցութեամբ Ազգային Ժողովի վերին պալատի ստեղծման նախագահական յղացումը հանդիսացաւ լայն քննարկումների առիթ՝ հակասական, թեր ու դէմ կարծիքներով: Հաւանաբար Նախագահի կողմից հասարակական կարծիքը շօշափելու նպատակադրում կար: Կարծիքների հակասականութիւնը բխում էր այն բանից, որ մի կողմից միասնականութեան ձգտող ազգը այս գաղափարի մէջ տեսնում էր իր երազած միութիւնը՝ այնքան չարչրկուած «մէկ ազգ-մէկ հայրենիք» կարգախօսով, եւ միւս կողմից՝ այդ առաջարկի իրականացման համար ծագած բազմաթիւ հարցականների խնդրայարոյց լինելը: Թերեւս երկրի Նախագահը յիշեց երեք տարի առաջ երդմնակալութեան ժամանակ խոստացածը՝ «Կառուցել համայն հայութեանը միաւորող, բոլոր հայերի հայրենիքը»: Կարելի է կարծել, որ յանուն ա՛յդ նպատակի՝ ԱՌԱՋԻՆ ՔԱՅԼՈՎ ստեղծուեց Սփիւռքի Նախարարութիւնը՝ սակայն, ցաւօք, նախարարին տալով ոչ թէ Վարչապետի տեղակալի, այլ աւելի ցածր՝ սովորական նախարարի կարգավիճակ, ինչը նրան թոյլ չի տալիս համակարգել իրեն իրաւահաւասար կարգավիճակով միւս նախարարութիւնների գործունէութիւնը՝ սփիւռքի հետ կապուած հարցերում եւ ամէն մէկը իր ծրագրած «գործն է բռնում» սփիւռքի հետ (մենք ժամանակին «Առաւօտ» թերթում նշել էինք Սփիւռքի Նախարարութեան ու Կրթ. եւ գիտ. Նախարարութեան՝ միմեանցից անկախ, սփիւռքի ներկայացուցիչների մասնակցութեամբ համաժողովներ հրաւիրելը՝ սփիւռքում մայրենիի ուսուցման վիճակի բարելաւման հարցերով):

Վերին պալատի ստեղծման գաղափարը, ըստ երեւոյթին, պէտք է դիտարկել որպէս ԵՐԿՐՈՐԴ ՔԱՅԼ՝ երդմնակալական խոստումի իրականացմանն ի խնդիր: Եւ այդ քայլը իրօ՛ք բաղձալի ցանկութիւն է. բայց միայն այդքան:

Մենք քննարկուող խնդիրը նայում ենք երկու հարթութեան վրայ, այն է՝ սփիւռքի հետ մերձեցում, եւ սփիւռքի հետ միասնականացում: Ընդ որում հաւատում ենք, որ լիակատար մերձեցումից յետո՛յ միայն հնարաւոր կը լինի օրակարգի վրայ դնել մէկ-միասնական դառնալու խնդիրը:

Նախ քննարկենք առանց լիակատար մերձեցումն ապահովելու՝ հայրենիք-սփիւռք միասնականանալու կամ ՝ այսպէս ասած՝ մէկանալու հնարաւորութեան հարցը: Օրէնսդիր մարմին համարուող Ազգային Ժողովի Վերին Պալատում սփիւռքի ներկայացուցիչների մասնակցութիւնը արդէ՛ն իսկ մէջտեղ է բերում բոլորին յուզող հետեւեալ յայտնի հարցականները. որքա՞ն ժամանակ կ\’առնեն ա) այս առթիւ ճշտուելիք սահմանադրական փոփոխութիւնները, դրանց հաստատման գործընթացը, բ) երաշխաւորուած իրաւահաւասարութեան եւ արտերկրում ծնուած հայի ինքնաբերաբար (automatic) քաղաքացիութիւն ստանալու իրական հնարաւորութիւնների օրինականացումը, գ) երկրի հանդէպ պարտականութիւնների (ոչ միայն զինուորական) եւ իրաւունքների վերաբերեալ օրէնքների ժամանակին մշակումը: դ) Գիտե՞նք այս հարցերին պատասխանող մշակուելիք օրէնքներին սփիւռքահայերի համաձայն լինել-չլինելը եւ ուսումնասիրե՞լ ենք իրաւական դաշտի վերաբերեալ նրա՛նց պահանջները, ե) ընտրուող սփիւռքահայի իրազեկուածութիւնը հայրենիքի կեանքի մասին բաւարար կը լինի՞ օրէնսդիր մարմնում աշխատելու համար, զ) յստակ չէ՝ այդ Վերին Պալատը միայն սփիւռքահայերի՞ց է բաղկանալու, թէ՞ Հայաստանի մարզերից նոյնպէս ներկայացուցիչներ պիտի լինեն եւ ի՞նչ համամասնութեամբ, է) սփիւռքահայ սենատորները ներկայացնելո՞ւ են սփիւռքի շահերը եւ ինչպէ՞ս է զուգակցուելու նրանց աշխատանքը ապագայ համասփիւռքեան ընտրուելիք մարմնի գործունէութեան հետ: ը) Այս ամէնից զատ, ամենախրթին հարցը մնում է սենատորների ընտրութեան հարցը (այդ դժուարութիւնների պատճառով ցայսօր սփիւռքը դեռ չի կազմակերպուել իր ղեկավար կառոյցի՝ համասփիւռքեան մարմնի ընտրութեան հարցում եւ վախ կայ, որ ընտրութիւնները կ\’ուղեկցուեն միջկուսակցական, միջեկեղեցական եւ միջհամայնքային գժտութիւններով ու երկպառակութեամբ, իսկ առաջներում նոյնիսկ զինուած ահաբեկչութիւններ են եղել): Հաւանաբար պէտք է մտածել աւանդական կուսակցութիւնների ու սփիւռքում գործող բոլոր կազմակերպութիւնների ներկայացուցիչների ցուցակներով (համամասնական) սենատական ընտրաձեւի կիրառման մասին. այլապէս հնարաւոր է, որ ընտրութիւնները կը վերածուեն խտրականութեան կիրառմամբ հայրենի իշխանութիւններին անձնապէս նուիրուած եւ ամէն ինչին համակերպուող անձանց (այդ թւում՝ իշխանութեանը օրէնքներ փոխել տուող ռուսահայ օլիգարխների) ընտրութեան, թ) նաեւ կ\’առաջանայ այս գործընթացում ծագող մի շարք «մանրուքների» լուծման հարցը. օրինակ. ի՞նչ լեզուով են խօսելու սենատում հայերէն չիմացող, նոր սերունդի անգլիախօս, ֆրանսախօս, իսպանախօս կամ ռուսախօս սփիւռքահայերը, իսկ հայախօսները ո՞ր ուղղագրութեամբ են գրել-կարդալու արձանագրութիւններն ու որոշումները (ըստ տրամաբանութեան, պէտք է, որ լինի աւանդական դասականով), ժ) եթէ հայրենիքը շահելու է վերին պալատի իրաւագէտ, տնտեսագէտ, ֆինանսա-բանկային մասնագէտ սենատորներից ՝ ընդունած ճիշտ որոշումների շնորհիւ զարգացնելով երկիրը, իսկ ի՞նչ է շահելու, ասենք թէ, Ամերիկայում կամ Ֆրանսիայում ապրող սփիւռքահայը: Ո՞րն է լինելու հակադարձ կամ փոխադարձ կապը, սփիւռքի օգուտը: Միով բանիւ, Հայրենիքը յանձնառո՞ւ է միջազգային ասպարէզում պաշտպանելու կամ լուծելու սփիւռքին յուզող հայդատական հարցերը, օտար երկրներում կատարելու լոբբիստական աշխատանք:

Մեզ մնում է յիշեցնել, որ սկսած 1919թ. փետրուարից (Ազգային առաջին համագումարում) խնդիր դրուեց նախապատրաստել Միացեալ Հայաստանի ստեղծումը՝ Համահայկական կառավարութեամբ (մէկ խորհրդարան եւ մէկ կառավարութիւն): Եւ 1920թ. Հայաստանի Հանրապետութիւնը ինքզինքը հռչակեց նաեւ Թրքահայաստանի կառավարութիւն (Նուպար Փաշայի գլխաւորած՝ Արեւմտահայերի Ազգային Ժողովի եւ Արեւելահայաստանի Արարատեան Հանրապետութեան փոխհամաձայնութեամբ): Արդիւնքում, պատերազմում յաղթող եւ Խաղաղութեան կոնֆերանսում Թրքահայաստանի հարցերով զբաղվող դաշնակից պետութիւնների ուշադրութիւնը Արեւմտահայաստանի փոխարէն սկսեց կենտրոնանալ Ռուսահայաստանի վրայ: Ամէն ինչ մնաց թղթի վրայ, որովհետեւ իրատես չէին:

Նկատենք, որ երկրի բարձրագոյն կառոյցում սփիւռքահայերի մասնակցութիւնը երկրորդ պալատում, ինքնաբերաբար կը նշանակի հայրենիք-սփիւռք քաղաքական միասնականութիւն (երկրորդ քայլը), ինչը վերոշարադրեալի լոյսի տակ այնքան թէական է: Հետեւաբար, առանց կշռադատուած եւ ամուր հիմքերի, աճապարանօք առնուած քայլերը ոչ միայն չեն տայ ակնկալուող արդիւնքը, այլեւ կարող են վարկաբեկել բուն գաղափարը: Իսկ այդ միասնականացման գաղափարի իրականացումը մի օր լինելու է: Եւ դա՝ հայրենիք-սփիւռք միասնականացմամբ աւարտուն կառոյցով մէկ ազգ կերտելը, լինելու է հայրենիքի ու սփիւռքի միջեւ ճիշտ եւ լրիւ մերձեցումն ապահովելու հիմքի վրայ միայն:

Այժմ հայրենիք-սփիւռք միասնականալու կամ մէկանալու փոխարէն խնդրին նայենք հայրենիք- սփիւռք մերձեցման (առաջին քայլի) հարթութեան վրայ: Սփիւռքի հետ անկեղծ, ճիշտ եւ արդար գործակցութեան շնորհիւ է, որ լուծուելու են այսօր առկայ՝ սփիւռքը հայրենիքից խզող կամ հեռացնող խնդիրները, ապահովելով Հայաստանի հետ սփիւռքի լիակատար մերձեցումն ու ներթափանցումը: Այն շփումները, որ այսօր ունենք Սփիւռքի Նախարարութեան ջանքերով, առայժմ սպառիչ կերպով չեն արտացոլում սփիւռքի հետ մերձեցումների ողջ ներկապնակը: Մերձեցումների մասին մեր նկատառումները վերջին երկու-երեք տարիներին ներկայացրել էինք սփիւռքի «Նոր Կեանք» եւ Հայաստանի «Առաւօտ» թերթերում, նաեւ Սփիւռքի Նախարարութեանը: Այդ սկզբունքները, որոնք մեր կարծիքով դրուելու են մերձեցումների հիմքում եւ այսօր իսկ սկսելով կարող են երաշխաւորել Հայաստանի հետ սփիւռքի լիակատար մերձեցումն ու ներթափանցումը, հետեւեալներն են.

Ա. Հայրենիք-սփիւռք համագործակցութիւնը պէտք է ընթանայ երկուստեք հանդիպակաց քայլերով, ապահովելով սփիւռքի ներկայութիւնը Հայաստանում՝ երկրի հզօրացման գործում սփիւռքի ներուժի գործօն մասնակցութեամբ եւ Հայաստանի ներկայութիւնը սփիւռքում՝ հանդիսանալով որպէս հզօր հայրենիքի նեցուկը սփիւռքի գոյապայքարում:

Բ. Որպէս հարցերի լուծման գործելակերպ, բացի փոխըմբռնումից, նաեւ պէտք է գործակցել հաւասար դիրքերից, առանց կողմերից մէկի առաւելութեան ակնկալութեան կամ ճնշումների:

Գ. Յարաբերութիւնների հաստատում՝ նոր հիմունքներով: Սփիւռքի միջոցառումներին հայրենի ներկայացուցիչների մասնակցութիւնը՝ անկախ միջոցառումն անցկացնողների կուսակցականութիւնից եւ հակառակը՝ հայրենիքում միջոցառումներ անցկացնելիս ապահովել սփիւռքահայերի մասնակցութիւնը՝ առանց նկատի առնելու կրօնական ու քաղաքական հայեացքները, հայրենիքի նկատմամբ երբեւէ ունեցած դրական կամ բացասական տրամադրուածութիւնը՝ բացառելու համար սփիւռքի երկատումը (ինչպէս դա եղաւ խորհրդային տարիներին Սփիւռքահայութեան հետ մշակոյթային կապերի կոմիտէի ժամանակ):

Դ. Հայրենիքի իրաւական, տնտեսական, մշակութային, բնապահպանական եւ այլ կառոյցներում ու օղակներում ներգրաւել սփիւռքի մասնագէտների: Համազգային կարեւորութիւն ունեցող հարցերին անպայման մասնակից դարձնել սփիւռքի ներկայացուցիչներին՝ հաւասար քանակով ձայների եւ ձայների հաւասարութեան սկզբունքով: Ստեղծել առանձին կառոյց՝ սփիւռքի մամուլի կամ համայնքների բարձրացրած հարցերով զբաղուելու համար:

Ե. Սփիւռքի ներոյժի մասնակցութեամբ հայրենիքի հզօրացումը իրագործելու համար (տես Ա կէտը) սփիւռքի շնորհած (եւ ընդհանրապէս արտասահմանեան յատկացումներով) բարեգործական-մարդասիրական հիմնադրամներով ներդրումային աշխատանքները խթանելու եւ դրանք վերահսկելու նպատակով հարկաւոր է ստեղծել հայրենիքի եւ սփիւռքի հաւասար թւով ներկայացուցիչներից կազմուած մի մարմին, որի հսկողութեամբ աւարտուած աշխատանքները կը յանձնուեն պետական համապատասխան կառոյցներին (նախարարութիւններին եւայլն): Դրանով կը բացառուի ներդրումային առաջարկի իրականացումը թոյլատրող իշխանական ղեկավարի կամ պաշտօնեայի կողմից կաշառքի շորթման եւ որեւէ ձեւով կոռուպցիայի՝ ցայսօր եղած հնարաւորութիւնները: Նմանատիպ համատեղ աշխատանքային մարմիններ կարելի է ստեղծել նաեւ այլ բնագաւառներում՝ ձեւաւորելով համատեղ աշխատանքի աւանդոյթներ:

Զ. Երկուստեք մերձեցումների իրականացման լաւագոյն միջոցը համահայկական կառոյցներն են, ինչի օրինակներն արդէն ունենք՝ Սփիւռքի Նախարարութեան կազմակերպած համահայկական խորհրդաժողովների արդիւնքում (օրինակ՝ ճարտարապետների, իրաւագէտների համահայկական միութիւնները): Այդ գործընթացը հարկ է լայնօրէն ծաւալել՝ միշտ ընտրելով յարմար ձեւաչափը. օրինակ. փոխանակ սփիւռքի գրողներին Հայաստանի Գրողների Միութեան անդամ ընտրելու, ցանկալի է ստեղծել Հայ Գրողների (ոչ թէ Հայաստանի գրողների) Միութիւն կամ Գրողների Համահայկական Միութիւն (նոյնը նաեւ արուեստագէտների դէպքում եւայլն): Մերձեցումների գործընթացի համար միշտ կարեւորել ենք հայրենիքի խոստացած կամ բարոյական պարտաւորուածութիւնը՝ սփիւռքի գոյատեւմանն ու հայապահպանմանը նպաստելու հարցում, ինչի համար սփիւռքահային պէտք է օգնել ոչ թէ նիւթապէս, հագուստով կամ ուտելիքով, այլ սատար կանգնելով նրա հայ մնալու ոգեկան ոյժին՝ ԼԵԶՈՒԻՆ: Հետեւաբար, համահայկական միութիւնների կազմակերպման հարցում կարեւոր է շեշտել ընտրողաբար մօտեցումը, ստեղծուելիք կառոյցի առաջնահերթութիւնը: Այդպիսի առաջնահերթային կարեւորութիւն է ներկայացնում լեզուական խնդիրը (ներառեալ դասական ընդհանրական ուղղագրութիւնը), ինչը ամենայն արեւմտահայկականի հետ համարկուելու (ինտեգրուելու) շիտակ ճանապարհն է: Յիշենք ՀՀԿ-ի քաղաքական երկրորդ դէմքի՝ Գալուստ Սահակեանի առաջարկը. «Մաշտոցեան ուղղագրութիւնը սովորեցնել ժողովրդին: Պէտք է կարողանանք ինտեգրման ճանապարհ գտնել արեւմտահայերէնի հետ» (յաւելենք, որ դա հիմք է նաեւ ազգի երկու հատուածների փոխինտեգրման համար): Հայրենիքի հետ մերձեցման քաղաքականութեան այս համապատկերում մտահոգիչ է ազգի դեռեւս լրիւ չմերձեցած հատուածներից մէկի՝ սփիւռքի երկատման հեռանկարը, երբ արտագաղթած հայաստանահայերի եւ դասական սփիւռքահայերի կիրառած տարբեր ուղղագրութիւնների պատճառով ամէն մէկը ստեղծում է իր սեփական դպրոցը: Բնականաբար, ինչպէս շեշտել ենք վերջին տարիների մեր յօդուածներում, Համահայկական Լեզուապահպանական Միութիւն ստեղծելուն ընտրողաբար եւ առաջնահերթ մօտենալու հարցը թելադրուած է հայրենիք-սփիւռք մերձեցումների գործընթացում որպէս առաջին կարեւորութեան քայլ համարուելու հանգամանքով:

Ամփոփենք: Հայրենիքի տարբեր կառոյցներում եւ օղակներում սփիւռքահայերի ներգրաւումով եւ սփիւռքի հետ համահայկական կառոյցներ ստեղծելով ազգի երկու հատուածների լիակատար մերձեցման հասնելուց յետո՛յ միայն կարելի է անդրադառնալ սփիւռքահայերի մասնակցութեամբ Ազգային Ժողովի Վերին Պալատի ստեղծմանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել