Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Մի կյանքի պատմություն

Մայիս 13,2011 00:00

\"\"Արարատի մարզի Այնթապ գյուղի թիվ 2 դպրոցի ուսուցչուհի Ռոզա Մանուկյանը վստահ է, որ հայկական սերիալները երեխաներին դարձնում են էգոիստ ու ուղղորդում դեպի կրիմինալը:

«Սա ինձ համար սովորական աշխատանք չէ, անհրաժեշտություն է, ապրում եմ սրանով»,- ասում է 50 տարվա մանկավարժ Ռոզա Մանուկյանը: Մեզանից քչերը այսկերպ կարտահայտվեին իրենց գործի ու մասնագիտության մասին, բայց ոչ երբեք տիկին Մանուկյանը:

Նա ծնվել է 1940 թվականին՝ Երեւանում: Դպրոցն ավարտելուց հետո նախ սովորել է Երեւանի բժշկական ուսումնարանի մանկաբարձության բաժնում, հետո՝ Երեւանի պետական մանկավարժական ինստիտուտում: Մասնագիտության ընտրության հարցում երբեք չի տատանվել, երկմտել. երեխաների հետ աշխատանքը, դպրոցն ու վարժապետությունը դեռ մանկուց են ձգել նրան: Մանկավարժականում սովորելու տարիներին, ուսմանը զուգահեռ, աշխատել է Երեւանի թիվ 2 որբանոցում՝ ութ տարի քույր-դաստիարակչուհի էր: Ապա տեղափոխվել է Արարատի մարզի Այնթապ գյուղ, ուր տասնյակ տարիներ, հավատարիմ իր սկզբունքներին, սերունդ է կրթում ու դաստիարակում:

Այնթապում Ռոզա Մանուկյանը իր մանկավարժական կարիերան սկսել է գյուղի թիվ 1 դպրոցում տնարարության ուսուցչուհուց, հետո տեղափոխվել գյուղի թիվ 2 դպրոց՝ տարրական դասարանների դասվար ու այստեղ է մինչ օրս:

Վաստակաշատ ուսուցչուհին բազմաթիվ պատվոգրեր է ստացել, նաեւ «Աշխատանքային արիության համար» մեդալ: Հիսուն տարին մի կյանք է ու այս ժամանակահատվածում տիկին Մանուկյանի ձեռքի տակով հազարավոր երեխաներ են անցել ու կյանքի այբուբենին ծանոթացել: Այսօր Ռոզա Մանուկյանի հոգածության ներքո են նրա սաների երեխաները: Շատերն են ընտրում ուսուցչի մասնագիտությունը, քչերին է տրված պատվով ու գիտակցումով կրել այդ կոչումը:

Ռոզա Մանուկյանի կյանքում դժվար օրեր են եղել. դառը ճակատագրի կամոք շատ շուտ են ավարտվել նրա որդու եւ հարսի երկրային կյանքերը: Նման հարվածից հետո մեկ ուրիշը միգուցե թողներ աշխատանքը կամ չարանար: Ռոզա Մանուկյանը շարունակել է աշխատել: «Այդ ցավից հետո միայն այս աշխատանքն է, որ ինձ օգնում է հոգեբուժարան չգնամ»,- մեզ հետ զրույցում ասաց մանկավարժը:

Այնթապի թիվ 2 դպրոցի աշակերտները տիկին Մանուկյանին մայր-ուսուցչուհի են ասում: «Առանց «ջանի» ոչ ոքի հետ չեմ խոսում, եթե ընդհատում եմ նրանց խոսքը՝ ներողություն եմ խնդրում, որ իրենք էլ տեսնեն, սովորեն ու նույնը անեն»,- պատմեց տիկին Մանուկյանը:

Այնթապի թիվ 2 դպրոցի տնօրեն Ալլա Սահակյանն ասաց, որ Ռոզա Մանուկյանը անշահախնդիր իր գործն է անում, անձնական մեծ ցավն ու վիշտը նրան չեն կոտրել, իսկ ուսուցչուհի տիկին Նիկողոսյանը նկատեց, որ երիտասարդ կադրերը Ռոզա Մանուկյանից շատ բան ունեն սովորելու:

50 տարի դպրոցում աշխատած ուսուցչուհին նկատել է, որ երեխաների վարքում, խոսքում հսկայական փոփոխություններ են եղել: «Սոցիալական վիճակը երեխաների հոգեբանության վրա ազդել է: Դարձել են էգոիստ: Կրիմինալը մտել է նրանց ապրելակերպի մեջ: Հայկական սերիալներն են պատճառը»,- ցավով նկատեց ուսուցչուհին:

Այսօր արդեն յոթ թոռնիկ մեծացնող, կրթող ու դաստիարակող ուսուցչուհին նաեւ հավելեց, որ ամեն ինչ անում են ու հույսն էլ չեն կորցնում, որ այսօրվա սերունդը լավ մարդ, երկրին պիտանի լավ քաղաքացի դառնա:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել