Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻ «ՊԱՏԺԱՄԻՋՈՑԸ»

Մայիս 13,2011 00:00

\"\"Երեւանի Ավան եւ Նոր Նորք վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում, Արմեն Վարդապետյանի նախագահությամբ, երեկ շարունակվեց Ռոզա Մանասյանի բողոքի քննությունն ընդդեմ ՀՀ ոստիկանության քննչական գլխավոր վարչության Երեւանի քննչական վարչության Նոր Նորքի քննչական բաժնի քննիչ Վարդան Ջանբարյանցի՝ մարտի 3-ին կայացրած որոշման դեմ: Մինչ այդ դատավորին Ռ. Մանասյանի ներկայացուցիչ, ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեւորգ Գեւորգյանը 2-րդ անգամ բացարկ էր հայտնել: Դատավոր Ա. Վարդապետյանը մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը, ասելով, որ լրացուցիչ ապացույց ձեռք բերելու միջնորդությունն իր կողմից մերժելը չի կարող դիտվել «ողջամիտ կասկած» դատարանի գործողությունների նկատմամբ:

Հիշեցնենք, որ վաշխառության հատկանիշներով «Արարատ» թիմի նախկին ֆուտբոլիստ Արկադի Անդրեասյանի դեմ հարուցվել է քրեական գործ: Սակայն մարտի 3-ին քննիչի որոշմամբ մերժվել է քրգործի հարուցումը՝ հանցակազմի բացակայության հիմքով:

ՀՀ փաստաբանների պալատի անդամ Գեւորգ Գեւորգյանը ներկայացրեց իր վստահորդի բողոքը: Նա վիճարկում էր քննիչի անգործությունը եւ այդ կապակցությամբ դատարանում բերեց բազմաթիվ ապացույցներ:

Ռոզա Մանասյանը «Գինդ» շաբաթաթերթից տեղեկացել է գրավի դիմաց վարկ վերցնելու հնարավորության ու այդ վարկը տրամադրող կազմակերպության մասին: Մանասյանը դիմել է Շենգավիթ վարչական տարածքում գործող գրավատան պատասխանատու Արսեն Բաղրամյանին: Բաղրամյանը, որը ներկայումս գտնվում է «Կոշ» քրեակատարողական հիմնարկում եւ խարդախության համար դատապարտվել է 12 տարվա ազատազրկման, կեղծ փաստաթղթերով այլ անձանց միջոցով հափշտակում է Ռ. Մանասյանի բնակարանը: Երբ դատապարտյալ Արսեն Բաղրամյանից Մանասյանը պահանջում է վերադարձնել իր բնակարանը, նա հեռակա ծանոթացնում է ոմն Արթուր Գրիգորյանի հետ (ներկայումս դատապարտված), որն էլ իր հերթին՝ Արկադի Անդրեասյանի հետ:

Ինչպես «Առավոտին» ասել էր տիկին Մանասյանը. «2010թ. ապրիլին, երբ ես պահանջում էի արդեն դատապարտյալ Արսեն Բաղրամյանից վերադարձնել բնակարանս, որը խարդախությամբ ինձնից խլվել էր, նա կրկին խաբելով ինձ, թե հիփոթեքային վարկ կձեւակերպի, ոմն Արթուր Գրիգորյանի միջոցով ինձ ծանոթացրեց Արկադի Անդրեասյանի հետ, որը խոստացավ պարտքս մարել: Նա վճարեց գրավատան խարդախությամբ առաջացած իմ $16250 պարտքը՝ եւ տիրացավ բնակարանիս: Գտնվելով ծանր վիճակում, որպես պարտքի գումար ես Ա. Անդրեասյանին ամեն ամիս վճարել եմ տոկոս՝ $1250 գումար»:

Փաստաբան Գեւորգ Գեւորգյանն ասաց, որ քննիչը չի հարցաքննել Արթուր Գրիգորյանին, ում միջոցով էլ կատարվել է Անդրեասյանի հետ շինծու առքուվաճառքի գործարքը: Նա ասաց, որ Արկադի Անդրեասյանը, որպես վկա, բացատրություն տալիս ասել է, թե չի ճանաչում Արսեն Բաղրամյանին, Արթուր Գրիգորյանին: Մինչդեռ, երեկ փաստաբանը դատարանին ցույց տվեց հեռախոսային տասնյակ վերծանումներ, որոնք ճիշտ հակառակն էին ապացուցում: Մասնավորապես, Արթուր Գրիգորյանը 93 անգամ զանգել է Արկադի Անդրեասյանին, 72 անգամ էլ Անդրեասյանն է զանգել Գրիգորյանին, կային տասնյակից ավելի զանգեր Արսեն Բաղրամյանին: Փաստաբանի մեկնաբանմամբ, քննիչը ուշադրություն չի դարձրել այս վերծանումներին, զանգերին, մասնավորապես, չի ճշտել, թե հանցագործների հետ ինչ նպատակով, ինչ խոսակցություն է ունեցել Արկադի Անդրեասյանը: Նախաքննության ժամանակ Ռոզա Մանասյանին SMS հաղորդագրություններով սպառնացել են հանցագործները, նրան հեռաձայնել են, սակայն սրան էլ համապատասխան գնահատական չի տրվել:

Քննիչը, դատախազը, ըստ փաստաբանի, հավատացրել են Ռ. Մանասյանին, որ կպատժվեն հանցագործները, սակայն հետեւել է ավելի ստորացուցիչ «պատժամիջոցներ»: Ռոզա Մանասյանն ասաց, որ անցյալ տարվա դեկտեմբերից Անդրեասյանն անջատել է տվել «իր» բնակարանի լույսը, հեռախոսը, սակայն բարի մարդկանց շնորհիվ «լար է քաշվել» եւ «հանրաճանաչ մարդու դաժանության փոխարեն» ձեռք են մեկնել իրեն:

Երեկ Ռոզա Մանասյանն ասաց. «Ես կուզեի, որ այստեղ Անդրեասյանը լիներ: Ուզում եմ աչքերիս մեջ նայի ու ասի՝ ո՞րն է իմ մեղքը: Դեկտեմբերից անջատել է հեռախոսս, հետո միացրել են, որպեսզի սրիկաների հետ խոսեմ: Ինչպես կարող է մարդը այդքան հանրաճանաչ լինել ու այդքան ստախոս»:

Դատավոր Վարդապետյանը Ռոզա Մանասյանին հարցրեց, թե նրա վրա ֆիզիկական ճնշումնե՞ր էլ են եղել: Մանասյանը պատասխանեց՝ ոչ:

Գեւորգ Գեւորգյանը հայտնեց, որ Անդրեասյանը մոտ 6 քաղաքացիներից անշարժ գույք է ձեռք բերել ու 6 ամիս հետո այն վերավաճառել: Այդ մասին կար կադաստրի պաշտոնական տեղեկանքը: Փաստաբանը խնդրեց դատարանին. «Ես որպես փաստաբան խնդրում եմ նախաքննություն սկսել: Մենք գործ ունենք ոչ թե ինչ-որ հանցագործության հետ, այլ մի անձի, որը բնակարան է խլել: Ես դիմում եմ Ձեզ իբրեւ մարդ: Տնից զրկել են հիվանդ երկու տարեց ամուսինների: Խլել են նրանց վերջին գումարները: Անարդար կլինի, եթե Ռոզա Մանասյանն ու նրա ամուսինը հայտնվեն փողոցում, իսկ Արկադի Անդրեասյանը գերշահույթ ստանա «գործարքից»: Մի՞թե օրենքը չի պաշտպանում նրանց: Ռ. Մանասյանն այնքան հուսահատ է, որ պատրաստ է ինքնադատաստան տեսնել իր տունն իրենից խլողի դեմ»:

Հ. Գ. Դատարանից նոր էի վերադարձել, երբ տեղեկացա, որ Ռ. Մանասյանը նամակ է ստացել «Կոշ» ՔԿՀ-ում պահվող Արսեն Բաղրամյանից: Նա պահանջել էր 3,5 մլն դրամ գումար ու 5 օրվա ժամկետ տվել Մանասյանին:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել