Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներին ընտանիք վերադարձնելու նպատակով, մեր երկրում գործող մի շարք կազմակերպություններ նախաձեռնել են «Երեխան պետք է ապրի ընտանիքում» տեղեկատվական արշավ-ծրագիրը: Panorama.am-ի փոխանցմամբ, այդ առիթով նախօրեին, UNICEF-ի մանկական ֆիլհարմոնիկ նվագախմբի երաժիշտները Վանաձորի Տիգրան Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի դահլիճում համերգ են տվել եւ փորձել երաժշտության լեզվով բոլորին հասցնել մի շատ կարեւոր ուղերձ, այն է. ընտանիքից բացի՝ չկա ավելի ապահով ու լավ միջավայր երեխայի համար: Ծրագիրն իրականացվում է ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի, «Հասարակայնության հետ կապերի հայաստանյան ասոցիացիայի», ՀՀ կառավարության աջակցությամբ: Նշենք, որ մի քանի տարի է, Հայաստանի կառավարությունը ձեռնամուխ է եղել մանկատների ու խնամքի այլ հաստատությունների բեռնաթափման գործընթացին: 2005թ.-ին փոփոխված Ընտանեկան օրենսգրքով ամրագրված է, օրինակ՝ խնամատար ընտանիքի ինստիտուտի ներդրումը, որն էլ սույն թվականի հունվարից իրականացվում է: Այսօր, կառավարության հետ զուգահեռ, UNICEF-ն աջակցություն է ցուցաբերել հիշյալ հաստատություններում ճակատագրի բերումով հայտնված երեխաների խնամքի ու դաստիարակության համար: