Յուրաքանչյուր հինգշաբթի՝ կառավարության հերթական նիստի օրը, կառավարության շենքի մոտ ցուցարարների մի նոր խումբ է ավելացած լինում: Երեկ էլ ցուցարարների հիմնական խմբին՝ առեւտրականներին, խաղաղ պայմաններում զոհված զինվորների հարազատներին, իրացված գոտու բնակիչներին միացել էին Ամիրյան փողոցի 4/14 եւ 4/24 տների բնակիչները, որոնք տարիներ առաջ իրենց տան սեփական տարածքը տրամադրել են պատգամավոր Մելիք Գասպարյանին պատկանող կառուցապատող ընկերությանը: Սակայն պատգամավորի մահից հետո ամեն ինչ տակնուվրա է եղել, եւ օտարման գոտու բնակիչները մնացել են օդում կախված ու չգիտեն ումից պահանջեն իրենց բնակարանները: Նրանք երեկ կառավարությունից պահանջում էին տեր կանգնել քաղաքացիների իրավունքներին, քանի որ հենց կառավարության որոշմամբ են մարդկանց տարածքները ճանաչվում գերակա շահ եւ հատկացվում այնպիսի կառուցապատողների, որոնք պարզապես «թքած» ունեն մարդկանց իրավունքների վրա: