Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՓՍՈՍՈՒՄ ԵՆ ՀԱՇՄԱՆԴԱՄ ՄԱՐԴՈՒ ՀԱՄԱՐ ՄԻ ՔԱՆԻ ԿՈՊԵԿ ԾԱԽՍԵԼ

Մայիս 13,2011 00:00

Սահմանափակ կարողություններով մարդը Երեւան քաղաքում ֆիզիկական մեծ դժվարությունների շնորհիվ կարող է տնից դուրս գալ ու 100 մետր տեղաշարժվել:

\"\"
Հաշմանդամ մարդը ինչ-որ տեղ կարող է հագուստ, շինանյութ կամ հաց չգնել, բայց Անդրանիկի փողոցում նրանք անգամ դեղատուն մտնելու ու դեղ գնելու հնարավորություն չունեն:

\"\"

\"\"
Այս հագուստի խանութները հաշմանդամ մարդկանց համար չեն:

\"\"
«Քեռի մուլտիկնիկ» մանկական ժամանցի կենտրոնում հաշմանդամ մանուկները չեն կարող զվարճանալ: Գովազդում «սիրելի՛ փոքրիկներին» հրավիրում են ծնունդներն ու կնունքներն իրենց մոտ նշելու, բայց սայլակով տեղաշարժվող փոքրիկը երեւի ծնունդը փողոցում՝ աստիճանների մոտ պիտի նշի:

\"\"
«Նոր տուն» խանութների ցանցն իր ամեն մի սալիկը գովազդելու համար փող ունի, իսկ խանութ մտնելու համար այնպիսի աստիճաններ է տեղադրել, որ դժվար է բարձրանալ անգամ առանց սայլակի մարդուն:

\"\"
Եղած անհարմար օբյեկտները իբր քիչ են, այս փողոցում նոր խանութներ են կառուցվել, դեռ չեն էլ գործում, բայց ակնհայտ է, որ այնտեղ նույնպես հաշմանդամ մարդիկ չեն կարող մտնել:

\"\"
Այս անցումը թաղապետարանը բոլորովին վերջերս է կառուցել՝ Բաբաջանյան փողոցում: Սահմանափակ կարողություններով մարդը չի կարող ոչ սովորական, ոչ էլ վերգետնյա անցումով փողոցն անցնել: Նրան սայլակով պիտի թռցնեն եզրաքարերի վրայով:

Մայիսի 5-ը Հաշմանդամների իրավունքների համար պայքարի միջազգային օրն էր: Հայաստանում ամեն օր խախտվում են հաշմանդամ մարդկանց տարրական իրավունքները եւ դրանց համար պայքարը հազվադեպ է որեւէ հաջողության հասնում: Հաշմանդամ մարդն ունի աշխատելու իրավունք, բայց նրան ոչ միայն աշխատանք չեն տալիս, այլեւ աշխատողին ազատում են՝ առաջին իսկ կադրային կրճատման դեպքում: Խախտվում են նրանց կրթություն ստանալու, անվճար երթեւեկելու, առողջապահական ծառայություններից օգտվելու իրավունքները: Սահմանափակ կարողություններով մարդիկ տարիներով չեն կարողանում տնից դուրս գալ, նրանք Հանրապետության հրապարակը տեսնում են միայն հեռուստացույցով եւ հասարակ զբոսանքներ անելու հաճույքն անգամ նրանց չի տրվում: Ամենակարեւոր իրավունքը, որից այսօր զրկված են հաշմանդամ մարդիկ՝ տեղաշարժվելու ազատությունն է:

Ներկայացված լուսանկարներն արվել են Մալաթիա-Սեբաստիա համայնքի Անդրանիկի եւ Բաբաջանյան փողոցներում, որտեղից պարզ պատկերացում կարելի է կազմել, թե ինչու հաշմանդամ մարդիկ տարիներով չեն կարողանում տնից դուրս գալ, մտնել որեւէ խանութ կամ թեկուզ տնից հասնել փողոց: Առողջապահության նախարարությունը վստահեցնում է, որ հաշմանդամ մարդիկ անվճար բուժօգնություն ստանալու իրավունք ունեն, բայց շենքերի ոչ մատչելիության պատճառով նրանք չեն ստանում այդ օգնությունը: «Ունիսոն» հ/կ-ն մոնիտորինգ էր արել ու պարզել, որ Երեւանում անգամ դատարանների՝ 75 եւ բուժհաստատությունների՝ 83 տոկոսը համապատասխանեցված չեն մատչելիության նորմերին: Մալաթիա-Սեբաստիայում նույնպես հաշմանդամ մարդիկ անհրաժեշտության դեպքում չեն կարող որեւէ պոլիկլինիկա կամ բուժհաստատություն այցելել: Օրինակ, թիվ 9 մանկական պոլիկլինիկա՝ ամեն օր հաշմանդամ, այդ թվում՝ սայլակով տեղաշարժվող երեխաներ են այցելում: Բայց քանի որ թեքահարթակի փոխարեն անհարմար աստիճաններ են, ծնողները երբեմն սայլակը ձեռքերին սպասում են, մինչեւ մի այցելու կօգնի ու կբարձրացնեն երեխային պոլիկլինիկա: Ինչ վերաբերում է մասնավոր կառույցներին, նշենք, որ ընդհանրապես Մալաթիա-Սեբաստիա համայնքում շատ քիչ օբյեկտներ կան, որոնց սեփականատերը պատգամավոր Սամվել Ալեքսանյանը կամ նրա որեւէ բարեկամը չէ: Ուստի պատահական չէ, որ լուսանկարում հենց Ս. Ալեքսանյանի անվան հետ առնչվող օբյեկտներն են, որոնք հաշմանդամ մարդկանց համար հարմարեցված չեն: Պատգամավորը, որը հագուստի խանութից, սուպերմարկետից, դեղատնից ու շինանյութի խանութից օրական հսկայական եկամուտներ է ունենում՝ ափսոսել է մի քանի պարկ ցեմենտ գնել եւ աստիճանների կողքին թեքահարթակ կառուցել: Եվ քանի որ դրանք վերջին տարիներին են կառուցվել, հարց է առաջանում՝ ո՞վ եւ ինչպե՞ս է նրան շինթույլտվություն տվել՝ առանց թեքահարթակի նախագիծ հաստատել ու կառուցապատում անել:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել