Երեկ ՀՀ բնապահպանության նախարարությունը պարզաբանում էր ուղարկել Սեւանում նախարարի հրամանով կատարված ծառահատումների մասին: Ըստ այդմ՝ «Տեղի ունեցածը ոչ թե ապօրինի ծառահատում է, այլ ջրածածկման ենթակա տարածքների օրինական մաքրում: Քաղաքացիների դիմումի հիման վրա ժամանած ոստիկանության աշխատակիցներին պարզաբանվել է կատարվող աշխատանքների օրինականությունը, եւ աշխատանքները ոչ միայն չեն կասեցվել, այլեւ շարունակվում են: Սեւանա լճի, որի մակարդակը տարեցտարի բարձրանում է, ջրի մաքրությունն ապահովելու նպատակով 2010թ. մաքրվել է 174 հա ջրածածկ տարածք, իսկ այս տարի նախատեսվում է անտառամաքրման աշխատանքներ իրականացնել մոտ 283 հա տարածքի վրա: Ներկայում ծառերից եւ թփերից մաքրվում է 1901,5 մետր նիշից ցածր գտնվող տարածքը: Մայիսի 8-ին մաքրման աշխատանքներ էին կատարվել ու նաեւ շարունակվում են հանրային լողափերի համար ընտրված տարածքներում: Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության որոշումով Սեւանա լճի ափին ստեղծվելու են հանրային լողափեր: Այդ նպատակով կօգտագործվեն Սեւանի քաղաքային լողափին հարակից 0,68 հեկտար տարածքը եւ 1,47 հեկտար՝ թերակղզու հատվածում: Սեւանա լճի ավազանի էկոլոգիական հավասարակշռությունը պահպանելու նպատակով բնապահպանության նախարարությունը անտառտնկման աշխատանքներ է իրականացնում առափնյա բարձրադիր հատվածներում»: