2011 թ. մարդահամարի ծրագիրը (հարցաշարը) կառավարության երեկվա նիստում բուռն քննարկման առիթ դարձավ: Ծրագրի մանրամասները լսելուց հետո ֆինանսների նախարար Վաչե Գաբրիելյանը առաջարկեց մարդահամարի ֆինանսավորումն իրականացնել ԱՎԾ խնայողությունների հաշվին՝ վստահեցնելով, որ խնայողություն հաստատ կունենան: ԱՎԾ պետ Ս. Մնացականյանն էլ զարմացած հարցրեց. «Պարոն վարչապետ, ես, անկեղծ ասած, չեմ հասկանում՝ ինչ է նշանակում խնայողություններ, եթե 5 տարվա բյուջեն 2,5 միլիարդ դրամ է, ի՞նչ խնայողությունների մասին է խոսքը: Այսօրվա դրությամբ ֆինանսավորման խնդիրը վերջնականապես լուծված չէ, ու դրանք մեծ գումարներ են»: Նախարարն էլ ասաց, որ ֆինանսավորման հատկացման հարցին կառավարությունը կանդրադառնա տարվա երկրորդ կեսին. «Ես ներողություն եմ խնդրում, սա հարցաշարն է, ֆինանսավորման հարցը հաջորդն է»: Վարչապետ Տիգրան Սարգսյանն էլ կեսկատակ հավելեց, թե առաջարկություն կա երկու հարցը միասին հաստատել. «Երկրորդ հարցը պարոն Գաբրիելյանի վերապահումով, համաձա՞յն եք»: «Ողջունելի առաջարկ է: Համաձայն եմ, երկու հարցը միասին, բայց համաձայն չեմ խնայողությունների հարցը քննարկել: Ժամանակն ու տարածությունը մեկ ֆոկուսի բերելու խնդիր ունենք: Այսօր հնարավոր չէ իրագործել, որովհետեւ հարցաշարը հաստատելուց հետո էլ հարցաթերթը պետք է մշակենք»,-ասաց ԱՎԾ պետը:
«Պարզ է, ի՞նչ գումարի մասին է խոսքը»,- ընդհատեց վարչապետը: «Այսօրվա նիստով նախատեսված է եւս լրացուցիչ 100 միլիոն դրամ, բայց որպեսզի դաշտային աշխատանքները…»: ԱՎԾ պետի խոսքը բերանում թողեց վարչապետը իր մյուս հարցով. «Սա համաֆինանսավորման պարտադիր պայմա՞նն է»: Ի պատասխան պարոն Մնացականյանն ասաց. «Այո՛. 25%, պարոն վարչապետ»: Տիգրան Սարգսյանն էլ նշեց, որ որոշումն ընդունում են, բայց ֆինանսավորման բացման հարցը կքննարկեն առանձին: ԱՎԾ պետն էլ շնորհակալություն հայտնեց ու հետաքրքրվեց, թե իր ներկայացրած մե՞կ, թե՞ երկու հարցն էլ ընդունվեց ու դրական պատասխանը ստանալուց հետո հեռացավ: