Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՀՀ ՎԵՐԱՀՍԿԻՉ ՊԱԼԱՏԸ ՆՈՐ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ Է ԱՐԵԼ

Մայիս 13,2011 00:00

«Ջրի երես» են դուրս եկել նախարարությունների  չարաշահումները

\"\"Տարածքային կառավարման, աշխատանքի եւ սոցիալական հարցերի ու էկոնոմիկայի նախարարություններում Վերահսկիչ պալատը (ՎՊ) լուրջ թերություններ է բացահայտել: Խոսքը, մասնավորապես, վերաբերում է վարկային ծրագրերի կառավարման ոլորտին: Պարզվում է, որ նախարարությունները ՀԲ-ից ստացած վարկերով ձեռք են բերել սարքավորումներ կամ ծառայություններ՝ աստղաբաշխական գներով: «Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ մեր հանձնաժողովներն աշխատում են շատ ֆորմալ, բայց բովանդակության համար բացարձակապես պատասխանատվություն չեն կրում. մրցույթը ժամանակին է հայտարարվում, մասնակիցները ժամանակին են հայտերը ներկայացնում, բայց արդյունքում ձեռք ենք բերում թանկարժեք սարքավորումներ ու ծառայություններ, որոշ դեպքերում էլ՝ կողմնակի գներով են ձեռք բերվել»,- երեկ կառավարության նիստի ժամանակ ասաց վարչապետ Տիգրան Սարգսյանը: Նրա խոսքով, ՎՊ ուսումնասիրությունների արդյունքում այլ հարցեր էլ են բացահայտվել. «Գալիս են մեր պահանջներին համապատասխան փորձագետներ, գրում են հաշվետվություններ, տալիս խորհուրդներ, պատրաստում են օրենսդրական ու նորմատիվ ակտերի նախագծեր: Բայց այդ փաստաթղթերի օգտագործումը ոչ պատշաճ մակարդակի վրա է գտնվում: Մենք այսօրվանից պետք է հրաժարվենք հարկային միջոցների հաշվին տեխնիկական օժանդակություն ստանալուց»: Վարչապետը բոլոր նախարարություններին հանձնարարեց վերանայել ՀԲ-ի հետ ունեցած իրենց վարկային ծրագրերը. «Տեխնիկական օժանդակության խնդրանքներն ուղղակի հանեք ծրագրերից»: Ըստ վարչապետի. «Մեր նախարարություններն ունեն բավարար ինտելեկտուալ կարողություններ, որ ինքնուրույն վերլուծություններ իրականացնեն, բոլոր բնագավառներում ե՛ւ համաշխարհային փորձն ուսումնասիրեն, ե՛ւ Հայաստանում ստեղծված իրավիճակը կարող են նկարագրել ու ներկայացնել մասնագիտական եզրակացություններ ու հաշվետվություններ: Հաշվետվությունների ու մասնագիտական եզրակացությունների համար վարկային միջոցների ծախսերը պետք է բացառենք: Այս հանձնարարականը հնարավորինս շուտ պետք է կատարել»: Նա նշեց, որ արդեն իսկ կասեցրել են մի քանի այդպիսի խորհրդատվական հայտեր, երբ մասնագետները պետք է գային ու օգնեին բիզնես պրոցեդուրաներով. «Եթե այդպիսի աշխատանքների անհրաժեշտություն ունենք, ապա պետք է անենք միայն գրանտային, վարկային միջոցների հաշվին, որովհետեւ դրա բեռը բավականին ծանր է մեզ վրա նստելու: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հարկային միջոցների հաշվին թանկ ծառայություններ ենք ձեռք բերում, որոնք ապագայում չեն արդարացնում»: Տ. Սարգսյանը նաեւ տեղեկացրեց, որ արդեն հանձնարարական է տվել աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարին՝ ծառայողական քննություն անցկացնել ՎՊ կողմից ներկայացված եզրակացությունների հիման վրա: Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանն էլ լրագրողների հետ զրույցում մանրամասնեց. «Ինձ հանձնարարվել է ծառայողական քննություն անցկացնել ու ավելի մանրամասն ուսումնասիրել խնդիրը: Խոսքը վերաբերում է թե՛ խորհրդատվություններին, թե՛ օրենսդրական փոփոխություններին, որոնք ընդունվել ու չեն կիրառվել, եւ բազմաթիվ այլ ծառայությունների: Մեզ մոտ ապրանքի գնում չի եղել, հիմնականում՝ ծառայությունների մատուցման գնումներ»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել