Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԴՐԲԵՋԱՆԸ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԻ ԹՈՒՐՔԻԱՅԻՆ ԹԵԼԱԴՐԵԼՈՒ

Մայիս 13,2011 00:00

\"\"Կարծում է թուրք վերլուծաբան Ամբերին Զամանը

Թուրք հայտնի վերլուծաբան, թուրքական «Haberturk» պարբերականի սյունակագիր եւ բրիտանական «Econimist» շաբաթաթերթի թուրքական թղթակից Ամբերին Զամանը, որ նաեւ Հայաստանում ԱՄՆ նախկին փոխդեսպան Ժոզեֆ Փենինգտոնի կինն է եւ 3 տարի ապրել է Հայաստանում, հայ-թուրքական հարաբերությունների բարելավման, սահմանի բացման ջատագովներից մեկն է: Հայերի ու Հայաստանի մասին ամեն վայրկյան հիշում է. Ստամբուլում գտնվող նրա բնակարանի պատշգամբից հրաշալի մի տեսարան է՝ «Դոլմա բահչե» պալատը, որը նախագծվել է հայ ճարտարապետների՝ Պալյան եղբայրների կողմից, եւ որտեղ, Ա. Զամանի փոխանցմամբ, Աթաթուրքն է մահացել: «Առավոտի» հետ զրույցում նա խոստովանում է, որ Հայաստանը շատ է հավանել, ասում է՝ հայերն իմանալով իր թուրք լինելու մասին, իր հետ միշտ ընկերաբար էին վերաբերվում. «Երբ գնում էի շուկա, իմանալով, որ Հովսեփի կինն եմ, բամիա էի գնում, մարդիկ ինձ շատ հարցեր էին սկսում տալ, հետաքրքրվում էին, թե ինչպես են այն պատրաստում Թուրքիայում: Հայերը լավ հոգի ունեն, զգայուն են, համբերատար»:

«Հայ-թուրքական բանակցությունների սառեցման հիմնական պատճառը Ադրբեջանի կողմից ճնշումն էր Թուրքիայի վրա եւ փաստը, որ Թուրքիայի համար Ադրբեջանի հետ հարաբերությունները պահելն ավելի կարեւոր էր, քան Հայաստանի հետ նոր հարաբերություններ կառուցելը»,- մեզ հետ զրույցում ասաց Ա. Զամանը: Մեր հարցին, թե ինչո՞ւ Ղարաբաղի հարցը չէր խանգարում արձանագրությունների ստորագրմանը, բայց խոչընդոտ եղավ դրանց վավերացման համար, թուրք վերլուծաբանը պատասխանեց. «Երբ նայում ենք արձանագրությունների տեքստին, այնտեղ ոչինչ չկա Ղարաբաղի մասին: Կարծում եմ, որ ամենից առաջ Թուրքիան հավատում էր, որ արձանագրությունների ստորագրմամբ Հայաստանին կստիպի զիջումների գնալ Ղարաբաղի հարցում, նրանք հույս ունեին, որ դա կաշխատի»: Ա. Զամանը կարծում է նաեւ, որ Թուրքիայի նպատակն էր այդ արձանագրությունների կամ, ինչպես ինքը զրույցի վերջում բնորոշեց՝ «շոուի» միջոցով որոշակի տպավորություն թողնել՝ առանց իրականում վերջնական լուծումը, այն է՝ արձանագրությունների վավերացումը ցանկանալու: «Ես բազմիցս եմ գրել, որ Ղարաբաղը չպետք է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ երկխոսության մաս կազմի, չնայած Թուրքիան կուզեր այն լուծված տեսնել: Թուրքիան կարող է ավելի շատ դրական ներդրում ունենալ այդ պրոցեսում, եթե ունենա նորմալ հարաբերություններ Հայաստանի Հանրապետության հետ: Չեմ կարծում, որ Թուրքիան պետք է պատանդ լինի Ադրբեջանի համար, եւ Ադրբեջանն իրավունք չունի թելադրել Թուրքիային արտաքին քաղաքականության հարցում: Թուրքիայի՝ Հայաստանի հետ հարաբերություն ունենալու հարցը նաեւ Ադրբեջանի հետաքրքրության շրջանակում է: Չպետք է մոռանալ, թե ինչ պատահեց Սիրիայի, Իրանի, Եգիպտոսի դեպքում: Ադրբեջանի ժողովուրդը եւս ազատություն, ժողովրդավարություն է ուզում: Հայաստանի հետ խնդիրը թույլ է տալիս Ադրբեջանի ներկա ռեժիմը պահելու, հեռու մնալու ընդդիմադիր շարժումներից, որովհետեւ այդ ամենը նացիոնալիզմ է առաջ բերում: Նույն պատկերն է նաեւ Հայաստանում»:

Հարցին, թե արդյոք հնարավոր համարո՞ւմ է սահմանի բացումը մոտ ապագայում, Ա. Զամանի կարծիքով՝ ոչ, որովհետեւ երկու երկրներում էլ չկա խնդիրը լուծելու քաղաքական կամք. «Բայց մենք չպետք է մոռանանք պատերազմի ռիսկը, որի մասին երկու երկրները պետք է մտածեն: Հարցի լուծման բանալին Թուրքիայի ձեռքում է, նա է այս դեպքում «game changer»-ը, եւ միակ ուղին արձանագրությունները վավերացնելն է, նոր դիվանագիտական հարաբերություններ սկսելը եւ սահմանը բացելը: Ադրբեջանն էլ որոշ ջանքեր պետք է գործադրի եւ ընդունի իրականությունն այնպես, ինչպես կա»: Մյուս կողմից, ըստ իմ զրուցակցի, մոտենում է 2015 թվականը, եւ Թուրքիան մեծ ճնշում է զգալու իր վրա Ցեղասպանության ճանաչման հարցում ԱՄՆ-ի կողմից, բայց Ցեղասպանության ճանաչումը չպետք է մաս լինի Հայաստանի հետ հարաբերությունները լավացնելու համար: «Շատ հայեր են տուժում դրա պատճառով, եւ մենք ամեն ինչ պետք է անենք, որ հարաբերություններ ունենանք Հայաստանի հետ: Մենք պետք է նաեւ ձեզնից սովորենք, որովհետեւ հաճախ ես էլ եմ նույն սխալներն անում, ասում՝ պետք է օգնենք այս փոքր, աղքատ երկրին, բայց Հայաստանը փոքր է, բայց նաեւ շատ հզոր, որովհետեւ մարդկանց կորովն է հզոր»,- նշեց նա:

Արդյոք Թուրքիան հայ-թուրքական սահմանը բացելու կամքի ուժ կունենա՞ առանց ղարաբաղյան հարցի հետ այն կապելու: Այս հարցի առնչությամբ էլ մեր զրուցակիցը գտնում է, որ նախեւառաջ դրա համար պետք է Թուրքիայի վրա լինի արտաքին ճնշում ԱՄՆ-ի, Եվրամիության կողմից, նաեւ ներքին ճնշում՝ թուրք քաղաքակիրթ հասարակության, բիզնես կառույցների եւ ընդդիմության կողմից: Նա կարծում է, որ անհնար է սահմանները հավերժ փակ պահել, եւ թուրք մտածող զանգվածը կհասկանա, որ հարցը Ղարաբաղի հարցի հետ կապելը այն ավելի դժվարացնում է. «Չեմ կարծում, որ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը որեւէ զիջում կանի Ղարաբաղի հարցում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու համար: Նրա խոսքով, Ադրբեջանը նախ պետք է հանգստանա, վերացնի ճնշումը Թուրքիայի վրա, դա անարդար է: Այո՛, Ադրբեջանը մեզ համար կարեւոր երկիր է, բայց Ադրբեջանը խառնվում է նաեւ Թուրքիայի ներքին քաղաքականությանը, որպեսզի խոչընդոտի Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերություններին, եւ այն, ինչ կատարվում է Կարսում (նկատի ունի հայ-թուրքական բարեկամության արձանի ապամոնտաժումը- Լ. Խ.), ասում է իրավիճակի մասին»: Թուրք վերլուծաբանը ղարաբաղյան հարցի լուծումը հետեւյալ կերպ է տեսնում: Ըստ նրա՝ «Հայաստանը պետք է ազատի օկուպացված տարածքները, ՄԱԿ-ը եւս նույնն է ասում: Հայերի եւ թուրքերի միջեւ հարաբերության անհրաժեշտություն կա, որովհետեւ ես գտնում եմ, որ մինչ այսօր շատ մարդիկ Հայաստանում դեռ սարսափում են Թուրքիայից: Մենք չպետք է մոռանանք, որ Թուրքիան օգնել է Ադրբեջանին Հայաստանի դեմ պատերազմում, ուստի Թուրքիան Հայաստանին հակառակ ճամբարում էր»:

Ըստ Ա. Զամանի, Հայաստանը հարաբերություններ սկսելու համար ամեն հնարավոր բան արեց, նախագահ Սարգսյանն էլ մեծ ռիսկ վերցրեց՝ ստորագրելով այդ արձանագրությունները, եւ այժմ գնդակը Թուրքիայի ձեռքում է: Նրա կարծիքով՝ Թուրքիան ժողովրդավարանում է վերջին տարիներին, ինքը կարող է ազատ կերպով օգտագործել Ցեղասպանություն բառը, եւ իրեն դրա համար բանտ չեն նետի: Հետաքրքրվեցինք, թե իրեն ազատ զգու՞մ է հայկական թեմայով հրապարակումներ անելիս, պատասխանեց. «Ես դա անում եմ առանց ազատություն զգալու, բայց անում եմ, հաճախ վախեցնում են, եթե ինտերնետում նայեք, որոշ մարդիկ ասում են, որ հայ եմ, չնայած հպարտ կլինեի հայ լինելով: Իմ ամբողջ կյանքը լրագրության մեջ բարդ թեմաների վրա է կենտրոնացած եղել՝ քրդական, հայկական եւ այլն: Եվ եթե ես չգրեմ այդ մասին, կնշանակի՝ ինքս ինձ չեմ հարգում»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել