Լրահոս
Օրվա լրահոսը

ԴԵՍՊԱՆԻՆ ՍԽԱ՞Լ ԵՆ ԹԱՐԳՄԱՆԵԼ

Մայիս 13,2011 00:00

Թեհրանում կայացած մի միջոցառման ժամանակ «Իրանում Հայաստանի դեսպանը Թեհրանին կոչ է արել ղարաբաղյան խնդրի կարգավորման գործում միջնորդի դեր ստանձնել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ»: Երեկ նման տեղեկություն է տարածել ռուսական Gazeta.ru կայքը՝ վկայակոչելով իրանական Insa.ir գործակալությանը: Ռուսական պարբերականը նաեւ գրում է. «Հայաստանի դեսպանը հույս է հայտնել, որ Իրանը միջնորդություն կստանձնի Ղարաբաղում Ադրբեջանից անջատվելու լեգիտիմ հանրաքվե անցկացնելու հարցում՝ հիշեցնելով, որ այդ դերն ավելի վաղ չի կարողացել կատարել Թուրքիան»: Երեկ «Առավոտը» փորձեց այս առիթով պարզաբանումներ ստանալ ՀՀ ԱԳՆ-ից: Մամուլի խոսնակ Տիգրան Բալայանն «Առավոտին» ուղարկեց դեսպան Գրիգոր Առաքելյանի հարցազրույցի այն տարբերակը, որում, ըստ հայկական կողմի, իրականում ասվել է. «…Թեհրանում ՀՀ դեսպանն անդրադառնալով Ղարաբաղի հարցում Իրանի միջնորդական առաքելությանը՝ նշեց. «Այդ հարցի կապակցությամբ ԻԻՀ դիրքորոշումը կրավորական չի եղել, այլ եղել է միջնորդին հատուկ դիրքորոշում: Այն ժամանակահատվածում Իրանի միջնորդական դիրքորոշումը շատ օգտակար եղավ, եւ այսօր էլ Թեհրանը Իրանի եւ Հայաստանի միջեւ հարաբերությունների խորացման միջոցով կարող է օգտակար հանդիսանալ: Մյուս կողմից, Ղարաբաղի շուրջ ընթանում են բանակցություններ, եւ ավելի լավ է՝ այդ ձեւաչափը փոփոխության չենթարկվի»: Տիգրան Բալայանը նաեւ հավելեց, որ ՀՀ արտգործնախարարը քանիցս ասել է, որ Հայաստանը բարձր է գնահատում Իրանի հավասարակշռված դիրքորոշումը ղարաբաղյան հարցում, իսկ դեսպանի հայտարարությունները պարզապես թյուր են ըմբռնվել կամ խեղաթյուրվել են: «Առավոտի» հարցին՝ դա միտո՞ւմ է, թե՞ պատահականություն, քանի որ դեսպան Գրիգոր Առաքելյանի հայտարարությունն ամբողջությամբ է անհասկանալի եւ ոչ թե դրանում մեկ-երկու բառ կամ նախադասություն է այլ մեկնաբանմամբ ներկայացված, ԱԳՆ մամուլի խոսնակը խորհուրդ տվեց հարցի պատասխանը ստանալ «խեղաթյուրողներից»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել