Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Պուտինյան հետքերով

Մայիս 13,2011 00:00

Մարքսիստն էլ համահայկական ազգային ճակատ է ստեղծում

«Ելնելով պատմական եւ քաղաքական անհրաժեշտությունից»՝ Հայաստանի մարքսիստական կուսակցության նախագահ Դավիթ Հակոբյանը որոշել է «Ազգային ճակատ» նոր քաղաքական ալյանս ձեւավորել: Երեկ նա ազդարարել է ալյանսի ձեւավորման մասին՝ «որպես քաղաքացիական հասարակության հենքի վրա կուսակցությունների եւ անկուսակցականների համազգային դաշինք»: Մարքսիստն «Առավոտին» փոխանցեց, որ դաշինքի գերագույն խնդիրն է՝ «բացառելով ֆինանսական տոտալիտարիզմը, քաղաքական գործամոլությունը, ձերբազատվել կաղապարված խունտիստական կուսակցականության խեցե պատյանից ու տորիչելյան դատարկության աստիճանի հասնող գաղափարական հեթանոսությունից եւ համազգային կադրային բազայի վրա 2012թ. պառլամենտական ընտրություններում ձեւավորել սկզբունքորեն նոր տիպի պառլամենտարիզմի ինստիտուտ, նոր պետական մեքենա՝ նոր ազգային եւ նոր տնտեսական քաղաքականությամբ»: Դա, ըստ նրա, կարող է դառնալ հայ ժողովրդի կենսաբանական եւ ֆիզիկական անվտանգության երաշխավորը: Դաշինքի առաջնորդությունը լինելու է առաքյալների՝ համանախագահների սկզբունքով, որը «վերբովկայի» ենթարկել հնարավոր չէ:

«Երկիրը դարձել է երեք նախագահների կռվախնձոր, իրենց հայտարարած ընդդիմադիր քաղաքական սուբյեկտները գործում են ազգային շահին անհարիր»,- կարծում է մարքսիստը եւ ասում, որ դա է իրեն դրդել «սկզբունքորեն նոր տիպի» դաշինքի ստեղծմանը: Առաջին ընդդիմադիր քաղաքական սուբյեկտ ՀՅԴ-ն, ըստ Դավիթ Հակոբյանի, գործում է՝ «առաջ մորթիդ՝ նոր որդիդ, ջուր են տեսնում՝ ձուկ են դառնում, հող են տեսնում՝ մուկ են դառնում» սկզբունքով: Դաշնակցությունը նա համարում է «չափից ավելի վառ քաղաքական կերպարանափոխությունների» կուսակցություն: Երկրորդ ընդդիմադիր քաղաքական ուժը մարքսիստը համարում է «Ժառանգությունը», բայց ասում է, որ այն «կրիայի նման իր պատյանից գլուխը չի հանում, թաղված է անորոշության եւ անհայտության մեջ»: Երրորդ քաղաքական ուժը ՀԱԿ-ի կերպարանափոխված ՀՀՇ-ն է՝ իր տասնյակ արբանյակների հետ, որը «քաղաքական եւ բարոյական կրախ ապրեց քաղաքական որկրամոլության հետեւանքով եւ որի արդյունքում դարձավ իշխանության արցախյան վիկինգների քաղաքական դինաստիայի սպասավորը»:

Այս վերլուծությունից հետո մարքսիստը հղում է անում Պուտինի վոլգոգրադյան ելույթին եւ զուգահեռներ տանում հայաստանյան քաղաքական իրականության հետ. «Այսօրվա ղեկավար կուսակցությունները իշխողների, չինովնիկների եւ օլիգարխների կուսակցություններ են, իսկ ժողովրդական զանգվածները մեխանիկորեն կցված են այդ կուսակցություններին՝ որպես սպասավորներ, միայն ձայն բերողներ: Հարց է առաջանում՝ կուսակցականների եւ անկուսակցականների նոր ալյանս ձեւավորելու: Եթե մենք մինչեւ հիմա կարծրացած ստերեոտիպ ունեինք, որ քաղաքական դաշինքները կնքվում են քաղաքական սուբյեկտների միջեւ, ապա հիմա քաղաքական դաշինք է կնքվում ժողովրդի հետ: Նախընտրական ցուցակի մեջ ընդգրկվում են անկուսակցականների բլոկը եւ տարբեր պատճառներով իրենց կուսակցական ցուցակներից դուրս մնացած ազգի ռեզերվային կադրերը»: Հիշեցնենք, որ Պուտինի վոլգոգրադյան հայտարարությունը վերաբերում էր Համառուսաստանյան ժողովրդական ճակատ ստեղծելուն: Պուտինի մտահղացումը եւ դրա հայկականացումը մարքսիստը համարում է «հեղափոխական»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել