Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԸ ԴԵՌ ԽՈՍԵԼՈՒ Է

Մայիս 13,2011 00:00

Բայց՝ դատարանում ու ոչ միայն «Մարտի 1»-ի,  «Հոկտեմբերի 27»-ի մասին

\"\"ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը օրերս «Մեդիամաքսին» տված հարցազրույցում, ըստ էության, մի քանի խոստովանություններ է արել, որոնցից մեկը՝ ՀՀՇ-ի մասով արած հայտարարությունը, առնվազն ՀՀ իրավապահ մարմիններն ազնիվ լինելու դեպքում պետք է համարեն ետին թվով արված «հանցագործության մասին» հաղորդագրություն՝ առավել եւս նկատի ունենալով Քոչարյանի՝ պետական համակարգում ունեցած առանցքային դիրքերը, ուստիեւ՝ նրա հայտարարության հավաստիությունը:

Բայց Քոչարյանի միայն այս հայտարարության առնչությամբ չէ, որ «Առավոտը» զրուցեց «Հանրապետություն» կուսակցության քաղխորհրդի նախագահ Արամ Սարգսյանի հետ:

– Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցը տալու շարժառիթների շուրջ տարբեր մեկնաբանություններ եղան՝ սկսած ԵԽ ՄԻ հանձնակատար Թոմաս Համմարբերգի հրապարակած զեկույցից, Սերժ Սարգսյանի՝ «Մարտի 1»-ի վերաբերյալ տված հանձնարարականից մինչեւ Տիգրան Պասկեւիչյանի ֆիլմը: Ձեր դիտարկմամբ, ինչո՞վ էր պայմանավորված երկրորդ նախագահի արձագանքը:

– Իմ կարծիքով՝ բոլոր այդ գործոնները, նաեւ մեր երկրում տիրող ներքաղաքական, արտաքին քաղաքական, օրեցօր ծանրացող տնտեսական ու սոցիալական իրավիճակը, միջազգային ճնշումները, ինչու չէ՝ նաեւ մի շարք արաբական երկրներում տեղի ունեցած իրադարձություններն ու դրանց վարակիչ լինելու հանգամանքը, միասին լուրջ մտահոգության առիթ են տվել Քոչարյանին եւ ոչ միայն նրան, այլեւ իշխանության մեջ եղած շատ անձանց ու քաղաքական կուսակցություններին, որոնք այսօր զգուշավորություն են ցուցաբերում, որոնք իրենք էլ մարտիմեկյան օրերին հեռուստատեսությամբ հանդես են եկել, տեսակետներ են հայտնել, փորձել են մեղքը նաեւ ժողովրդի մեջ տեսնել: Ռ. Քոչարյանը լրջորեն մտահոգվելու առիթ ունի, որովհետեւ իր պաշտոնավարության ընթացքում թե՛ Սահմանադրության խախտումները, թե՛ տեղի ունեցած գործընթացները չափից ավելի աղաղակող ու աղմկահարույց են եղել: Ինչ ուզում եք ասեք, բայց «Հոկտեմբերի 27», 2003-ի խայտառակ ընտրություններ, 2004-ի ապրիլի 12 եւ, ի վերջո, 2008-ի մարտի 1 է եղել: Ու հիմա նրա բերած իրեն, իբր, արդարացնող փաստարկները՝ թե ինչու «Մարտի 1»-ը տեղի ունեցավ, ուղղակի սուտ են ու կեղծ՝ սկսած այն հայտարարությունից, թե ընդդիմության առաջնորդն ասել է, որ գրավելու է նախագահական պալատը, այն դեպքում, երբ Լեւոն Տեր-Պետրոսյանը դիմել էր ՍԴ եւ սպասում էր դատարանի որոշմանը: Այսինքն՝ այդ եւ մյուս փաստարկները հնարած են, դրանք ու նաեւ նրա իշխանության օրոք մեր երկրում տեղի ունեցած բոլոր գործընթացները այդ երեւակայության հետեւանքն են: Հավատացեք, որեւէ այլ ժողովուրդ այդ կարգի մարդու չէր հանդուրժի: Իսկ մեր ժողովուրդը շատ հանդուրժող է, ու դրա արդյունքն է, որ էդ տեսակի մարդիկ դեռ իրենց իրավունք են վերապահում տեսակետներ արտահայտել ու հասարակությանն ուղղություն տալ:

– Քոչարյանն այդ հարցազրույցում շատ չէ՞ր չարացած բոլորի վրա: Կարծում եք, նա մտավախություն ունի, որ Սերժ Սարգսյանը նաեւ իրե՞ն կարող է արդարադատությանը հանձնել՝ միջազգային հանրությանը բավարարելու համար:

– Կա մարդկային մի տեսակ, որի հոգեբանության մեջ նստած է իր նախորդին կամ հաջորդին փնովել: Ռոբերտ Քոչարյանն այդպիսինն է, ու նա դեռ կռիվ է տալիս: Իր նախորդի վերաբերյալ այս հարցազրույցում էլ այդ կարգի ազդակներ կան: Խոսում է ՀՀՇ-ի մասին: Եթե ինքը գիտեր, որ ՀՀՇ-ն մի կառույց էր, որը «սպանում էր անցանկալի ընդդիմադիրներին», թող ՀՀՇ-ի առաջարկությամբ չգար երկրի վարչապետ դառնար, առավել եւս նրանց հետ աշխատեր: Իսկ եթե նման բան կար, ու ինքը տեղյակ է եղել՝ ուրեմն ինքն էլ է հանցակից եղել դրան, ու այդ կարգի խոսակցությունն ընդհանրապես եւ առավել եւս՝ ՀՀ նախագահ եղած մարդուն պատիվ չի բերում: Ես չեմ զարմանա, եթե մի քանի տարի հետո նա «Հոկտեմբերի 27»-ի մասով էլ իր չարացածությունից սկսի ինչ-որ բաներ ասել, հարցազրույցներ տալ, ինչպես այսօր ասում է ՀՀՇ-ի մասին: Ինքն էդպիսին է՝ հենց ոտքը տրորում են, միայն այդ ժամանակ է սկսում բաներ հիշել ու ասել: Կարծում եմ՝ Քոչարյանը դեռ պատասխան ունի տալու ոչ միայն «Մարտի 1»-ը հրահրելու ու 10 մարդու սպանության հրաման տալու համար, եւ իմ խորին համոզմամբ, նա այդ պատասխանները պիտի դատարանում տա:

– Բայց ինքն ասում է՝ մարդկանց վրա կրակելու հրաման ոչ ոք, ասել է թե՝ նաեւ ինքը չի տվել:

– ՀՀ ոստիկանությունը այն ոստիկանությունը չէ, որն ինքնագլուխ հրազեն կիրառի: Ոստիկանությունում նման մարդիկ չկան: Ես սա ասում եմ որպես, ճիշտ է՝ կարճ ժամանակով, բայց իշխանության մեջ եղած մարդ, ու առավել եւս, որ նա հրաժարվում է դրանից: Բայց նա հեռուստատեսությամբ վստահաբար ասում էր՝ մարդը դուրս է գալիս մեքենայի ետեւից, կրակում է ոստիկանի վրա, թաքնվում այլոց կամ մեքենայի թիկունքում, թեեւ որեւէ մեկն այդ փաստի առնչությամբ չի ձերբակալվել, նման կադրեր չեն եղել: Այսինքն՝ մարդը սուտ է ասում: Որ զորքերը դեռ մինչեւ «Մարտի 1»-ն էին մայրաքաղաք բերվել՝ բոլորիս համար ակնհայտ էր, բոլորս գիտեինք, թե երբ է հարուցվել իշխանությունը բռնազավթելու հոդվածով քրգործը՝ դեռ փետրվարին, եւ ինչ նպատակով: Նա էլ չի թաքցնում դա՝ ասելով, որ արտակարգ դրությունն ավելի շուտ պիտի հայտարարվեր: Ակնհայտ է, որ այս մարդը հիվանդագին երեւակայություն ու զգուշավորություն ունի, եւ նման մարդիկ իրենց ամբողջ կյանքում վախեցած են եւ դրա հետեւանքով փորձում են ժամանակից շուտ ապահովագրվել, ինչն էլ բերում է նման անդառնալի հետեւանքների ու մարդկային կորուստների:

– Այնուամենայնիվ, կարծում եք, որ Սերժ Սարգսյանը Քոչարյանին արդարադատությանը կհանձնի՞: Կլինե՞ն առաջադրված քրեական մեղադրանքներ, թե՞ ամեն ինչ սոսկ բարոյական հարթությունում կլուծվի եւ կավարտվի միայն փոխադարձ հաթաթաներով եւ զսպումներով:

– Կարծում եմ, Քոչարյանը լրջորեն նեղացած է ոչ միայն այսօրվա նախագահից, այլեւ այդ թիմից: Նա մտածում է, որ այն ամենը, ինչ ինքն արել է նրանց համար, որի հետեւանքով այդ մարդիկ իշխանության են՝ պարտական են իրեն, իսկ ինքը համապատասխան վերաբերմունքը չի ստանում: Ի դեպ, ես էլ եմ այդպես մտածում, որովհետեւ այդ մարդիկ քվեներ չեն ունեցել, եւ իրենք պարտական են այն բիրտ ուժին, որի արդյունքում իշխանության են եկել: Իսկ սովորաբար ում պարտական են լինում՝ ժամանակի մեջ փորձում են նրան պարտական լինելուց ազատվել: Իշխանությունն էլ հիմա այդ մարդուն կամ պիտի սահմանների մեջ դնի, կամ ցույց տա, որ նա հեչ հրեշտակ չի: Ու եթե Սերժ Սարգսյանը Քոչարյանին նրա տեղը ցույց տա՝ դա միանշանակորեն արդարացված կլինի:

– Այսինքն՝ Սերժ Սարգսյանը կբավարարվի Քոչարյանի պատասխանատվության հարցը դնել միայն բարոյական դաշտում, եւ բանը քրեական պատասխանատվության չի հասնի՝ գոնե Սերժ Սարգսյանի իշխանության օրոք:

– Այո, դա այդպես է: Ես, ճանաչելով նաեւ Սերժ Սարգսյանին՝ ոչ միայն որպես քաղաքական գործիչ, այլեւ անհատ, դա քիչ հավանական եմ համարում:

– Իսկ նրա շրջապատի հավատարիմ մարդի՞կ:

– Քոչարյանը երբեք իրեն հավատարիմ մարդիկ չի ունեցել, ուստի՝ Սերժ Սարգսյանին պետք չէ այդ բուրգում եղած մարդկանց պատժել: Ուղղակի պետք է այդ բուրգում համապատասխան մարդկանց իրենց տեղը ցույց տալ, ու Ռոբերտ Քոչարյանը կմնա «մերկ»: Ինքն առանց այն էլ մերկ է:

– Այնուամենայնիվ, Քոչարյանի քաղաքական ակտիվացման համար նախադրյալներ կա՞ն:

– Ուղղակի բացառում եմ: «Հոկտեմբերի 27»-ը դեռ չի մոռացվել, իսկ 2008-ի մարտի 1-ին Քոչարյանը կրակեց իր քաղաքական կարիերայի ու ապագայի վրա: Նա քաղաքականության մեջ որպես գործոն այլեւս գոյություն չունի:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել