Կարծում է այդ գործով նախկին Փաստահավաք խմբի անդամ Սեդա Սաֆարյանը
«Այնպիսի տպավորություն է, որ բոլորը ցանկացել են, որ մարտի 1-ը բացահայտվի, բայց չի բացահայտվել: Իրականում ես հիմա էլ համակարծիք չեմ, որ մարտի 1-ը բացահայտելու նպատակասլաց գործընթաց կարող է ընթանալ: Մարտի 1-ի բացահայտումը շատ շատերի գլուխը կցավեցնի: Դա նշանակում է, որ շատերը ոչ միայն իշխանությունից, այլեւ Հայաստանից պետք է հեռանան: Մարտի 1-ը սովորական դեպք չէր, որ մեկի վրա բարդեն, կոծկեն ու անցնեն առաջ»,- երեկ «Առավոտի» հետ զրույցում ասաց «Մարտի 1»-ի գործով նախկին Փաստահավաք խմբում «Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Սեդա Սաֆարյանը: «Եթե այդքան մտահոգ է մարտի 1-ով, ինչո՞ւ շատ առաջ, երբ նաեւ դրա հարկը կար, նա չէր խոսում այդ մասին: Օրինակ, ես համոզված էի, որ Փաստահավաք խումբը պետք է հնարավորություն ունենա երեք նախագահներին էլ լսելու: Հիմա այնպիսի տպավորություն է, որ մեկի վրա են գցում՝ թե ո՞վ կազմակերպեց այդ պլանը, ո՞վ իրականացրեց եւ ինչո՞ւ նման ողբերգական ավարտ ունեցավ»,- Ռոբերտ Քոչարյանի վերջին հարցազրույցի առիթով նկատում է մեր զրուցակիցը: Ընդհանրապես, տիկին Սաֆարյանն այնպիսի տպավորություն է ստացել, որ իր այդ հարցազրույցով էլ Քոչարյանը փորձում է արդարացնել եւ իր, եւ Սերժ Սարգսյանի իշխանությունը՝ ողջ մեղադրանքն ուղղելով Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ նրա համախոհների կողմը: «Ինձ զարմացնում է, որ Ռոբերտ Քոչարյանը մտածում է, թե Տեր-Պետրոսյանն այդ իրավիճակում ուներ այնպիսի լծակներ, ուժեր, ուժային կառույցների վրա ազդեցություններ, եւ մատը մատին չխփեց իրավիճակը վերահսկելու համար: Բացահայտ այնպիսի տպավորություն է, որ Քոչարյանը կապ չունի մարտի 1-ի իրադրության հետ, մինչդեռ բոլորս գիտենք, թե ինչքան մեծ է եղել նրա դերն այս ամենում: Փետրվարի 28-ին օպերատիվ խորհրդակցության անցկացման, այնուհետեւ մարտի 1-ի առավոտյան օպերատիվ խորհրդակցությունում արծարծված մարտիմեկյան առավոտյան գործողությունների վերաբերյալ, ըստ բարձրաստիճան ոստիկանների, իրենք հաղորդել են Ռոբերտ Քոչարյանին: Ես անգամ հարցադրում արեցի՝ այլ օպերատիվ խորհրդակցությունների արդյունքներն է՞լ են նախագահին տեղյակ պահվում: Քոչարյանն ուզում է ցույց տալ, որ դա ինքնաբուխ ծագած իրավիճակ էր: Ես կարծում եմ, որ քաղաքական պատասխանատվությունը բոլորն են կրում, բայց ով՝ ի՞նչ չափով եւ ինչի՞ համար, դեռ պետք է տարանջատել»,- ասաց Սեդա Սաֆարյանը: Փաստահավաք խմբի աշխատանքի արդյունքում մեր զրուցակիցը հանգել է համոզման, որ այդ իրադարձությունները ամենայն մանրամասներով «կանոնակարգված» են եղել՝ ի հեճուկս Ռոբերտ Քոչարյանի հայտարարության, որ նախագահը, տվյալ դեպքում՝ ինքը, չի վերահսկել: «Այդ ամբողջ իրավիճակը պատկերացնելու համար դուք պետք է լսեիք 10/33-10/32 զորամասերում ինչպես են նախապատրաստվել, երբ եւ ինչ զենքի տեսակներով են դուրս եկել ու ուր էին գնում»,- հիշում է տիկին Սաֆարյանը՝ փաստելով նաեւ, որ միակ ուժերը, որոնք կարող էին «ընդդիմանալ» կամ «վրիպել» իշխանությունների, ոստիկանների, ԱԱԾ ուժերի աչքից եւ քաղաքում զինված ման գալ՝ օլիգարխական ուժերն էին: Հետեւաբար, հետմարտիմեկյան բոլոր մեղադրանքները եւ դատապարտումները մեր զրուցակիցը համարում է «պատիժ՝ գաղափարի եւ ընդդիմանալու համար», այլապես հարցնում է, թե ինչո՞ւ «ինքնագլուխ» մարդասպանները չպատժվեցին մարտի 2-ին, երբ լուսանկարներ, ձայնագրություններ, տեսաերիզներ կային, ու շատ հեշտ էր նրանց բացահայտել: Հիմա էլ անհնար է համարում հետին թվով արդար քննության իրականացումն ու իրական մեղավորներին պատժելը: Ի դեպ, հրաման տալ-չտալու հետ կապված՝ նա նկատում է, որ «Չերյոմուխա 7» կիրառողները բոլորն էլ ասել են, որ նման հրաման ունեցել են:
Սեդա Սաֆարյանի համար անհասկանալի է նաեւ արտակարգ դրություն մտցնելու համար ընտրված ժամկետները: Քոչարյանն ասում է, թե արտակարգ դրություն մտցվեց, երբ զոհեր կային, խանութներ էին թալանվել, ամեն ինչ ջարդուփշուր էր արվում. «Եթե ամեն ինչ ավարտվել էր, ո՞ւմ էր պետք արտակարգ դրությունը: Արտակարգ իրավիճակը մտցվեց իրենց ստեղծած արտակարգ իրավիճակից հետո: Արտակարգ իրավիճակը մտցնելը մարտի 1-ի՝ որպես հանցագործության բացահայտման սարսափն էր, որը մտցվեց ժողովրդի մեջ, սպանությունների ականատեսներին ցրեց Հայաստանից, եւ ձեռնտու քննություն տարվեց: Դա արտակարգ սարսափի իրավիճակ էր, որովհետեւ Սահմանադրությամբ այդ իրավիճակը սահմանող նորմը լրիվ այլ է»: Ընդհանրապես՝ մեր զրուցակիցը խորհուրդ է տալիս տարանջատել վայրերը, որտեղ հանրահավաքն էր ընթանում, եւ որտեղ խժդժություններ էին տեղի ունենում: Նա շատ հետաքրքրական է համարում ընդհանրապես զինվորական, ոստիկանական, ԱԱԾ ուժերի տեղաշարժերը, նախօրոք տարված պատրաստությունները, ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների՝ Փաստահավաքին տրված պարզաբանումները եւ շատ այլ բաներ: Նրան հետաքրքրում է նաեւ, թե Քոչարյանի համար ե՞րբ ու ինչպե՞ս ճշտվեցին ընդդիմության նպատակները, որ խոսում է «ընդդիմության հակաօրինական քայլերի» գնալու մասին, եւ արդյոք այդ ենթադրյալ նպատակներն իր համար պատճա՞ռ են եղել նախահարձակ լինելու եւ օրենքով արգելված զենք կիրառելու համար: