Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆԸ՝ ԸՍՏ ԲՐՈՒՍԻԼՈՎՍԿՈՒ

Մայիս 12,2011 00:00

Կամ փարիզաբնակ արվեստագետների համերգը՝ նվիրված Գ. Հովունցին

Այսօր Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կկայանա կոմպոզիտոր, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Հովունցին նվիրված համերգ, որին մասնակցելու են այս օրերին Հայաստանում գտնվող Փարիզից ժամանած արվեստագետներ, ջութակահար Ալեքսանդր Բրուսիլովսկին եւ դաշնակահար Ռուստեմ Սաիտկուլովը, ինչպես նաեւ Հայաստանից թավջութակահար Արամ Թալալյանը:
Երեկ ջութակահար Ալ. Բրուսիլովսկին հանդիպեց լրագրողների հետ: Նա պատմեց իր եւ Հովունցի ստեղծագործությունների կապի մասին: «Հովունցի ստեղծագործություններին ծանոթացա թավջութակահար Սուրեն Բագրատունու միջոցով: Հովունցի գործերն ինձ համար բացահայտում էին: Առաջին գործը, որ լսեցի, Սոնատ դուետն էր՝ ջութակի եւ թավջութակի համար, որը ես կկատարեմ մայիսի 12-ի համերգին: Այդ դուետի պես երկրորդը չկա: Կարծում եմ, հայկական երաժշտական գրականությունում էլ շատ քիչ են ջութակի եւ թավջութակի դուետները, բացի այդ, 20-րդ դարում շատ քիչ են գրվել նման ստեղծագործություններ: Բազմաթիվ բեմերում եմ Հովունցի դուետը նվագել, ու հանդիսատեսը ամեն անգամ հիացմունքով է ընդունել… Այն մոգական ուժ ունի»,- նշեց անվանի ջութակահարը:
Կոմպոզիտոր Գագիկ Հովունցը ասաց, որ երկար ժամանակ հեռվից է ճանաչել Ալ. Բրուսիլովսկուն. «Մեզ մտերմացրել է երաժշտության նկատմամբ ընդհանուր հետաքրքրությունը: Այնպես պատահեց, որ իմ գործերից մեկը հրատարակվեց Գերմանիայում: Հետո Բրուսիլովսկին ու Սաիտկուլովը հեռախոսով կապվեցին ինձ հետ, եւս մի քանի գործ խնդրեցին, որ ուղարկեմ: Այդպես ծանոթացա Ալեքսանդրի հետ: Ինձ 3 անգամ հրավիրեցին Ֆրանսիա, բայց հնարավորություն չունեցա գնալու: Ասում են՝ եթե Մուհամեդը լեռան մոտ չի գնում, լեռն է Մուհամեդի մոտ գնում: Այդպես էլ Բրուսիլովսկին եկավ Հայաստան»:
Կոմպոզիտորը այն կարծիքին է, որ Բրուսիլովսկուն Աստված է իր մոտ ուղարկել, ջութակահարն էլ նույն կարծիքին է մեր հայրենակցի մասին:
Ալ. Բրուսիլովսկին 4 տարուց ավել է՝ նվագում է Հովունցի ստեղծագործությունները: «Հասկացել եմ, որ հանդիսատեսը անգամ չի էլ փորձում հասկանալ՝ ինչ է ժամանակակից դասական երաժշտությունը: Օրինակ, Բեթհովեն բոլորն ուզում են լսել ու չեն հասկանում, որ դա էլ է ժամանակակից երաժշտություն: Կամ «Կարմենը» ժամանակին չէին լսում, հանդիսատեսը սուլում էր դահլիճից, իսկ հիմա բոլորը երգում են: Ֆրանսիայում ուսանողներ ունեմ, երբ նրանց հետ խոսում եմ ժամանակակից երաժշտությունից, այնքան նեգատիվով են արտաբերում «ժամանակակից» բառը: Նրանց համար ժամանակակից դասական երաժշտությունը քաոս է եւ անհասկանալի աղմուկ: Ես փորձում եմ նրանց հասկացնել, որ ժամանակակից երաժշտությունը դարերի կյանք կունենա, մենք հո չե՞նք կարող անդադար ապրել Մոցարտ եւ Շուբերտ լսելով: Ժամանակին տարբերակումներ կային՝ փողոցային երգ, կամերային ստեղծագործություն… Հիմա փողոցային երգը մտել է մեր տները, բարձրացել բեմ, սկսել է լցնել ահռելի մեծության դահլիճներ ու երիտասարդությանը տանել իր ետեւից: Այդ սերնդին ես համարում եմ խցանված ականջներով սերունդ, քանի որ բոլորը ականջակալներով են: Նրանք ականջակալները դնում են ոչ թե երգ լսելու, այլ՝ աշխարհից կտրվելու համար: Նրանց ժամանակակից բարձրարվեստ երաժշտությունը չի էլ հետաքրքրում»,- փաստում է Ալ. Բրուսիլովսկին:
Հավելենք, որ այսօր կայանալիք համերգին, որ նվիրված է Հովունցին, կհնչեն նրա ստեղծագործությունները, իսկ մայիսի 14-ի համերգի ծրագրում Մենդելսոնի կրկնակի կոնցերտն է:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել