Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՍԽԱԼ ՉԱՓՍԻ ՊԱՀՊԱՆԱԿԸ ՍԽԱԼ ՉԱՓՍԻ ԿՈՇԻԿԻՑ ՎԱՏ Է

Մայիս 12,2011 00:00

Հայաստանում պահպանակ գնելիս ոչ չափսին են նայում,  ոչ ձեւին, ոչ էլ ժամկետին

Այսօր մարդիկ պահպանակներ գնելու հարցում բավականին լայն ընտրություն ունեն: Բեղիկներով, գնդիկավոր, հոտավետ ու տարբեր համերով պահպանակներից բացի, շուկայում օրեցօր ավելանում են պահպանակների այնպիսի տեսակներ, որոնք կարծես թե մոդայի վերջին ճիչն են եւ ընդամենը 1-2 գովազդից հետո մեծ հետաքրքրություն են առաջացնում անվտանգ սեռական հարաբերություններ նախընտրողների շրջանում: Եթե մի քանի տարի առաջ մարդկանց զարմացնում էին բեղիկներով պահպանակները, հիմա այդ շուկան այնքան է զարգացել, որ արտադրվում են որքան հնարավոր է զարմանալի ու արտասովոր հակաբեղմնավորիչներ: Օրինակ, շուկայի նորամուծություններից են երաժշտական պահպանակները, որի մեջ տեղադրված փոքր դինամիկի եւ սարքի միջոցով, կախված զույգի շարժումների ռիթմից եւ արագությունից, երաժշտություն է հնչում: Ըստ գյուտարարի, այդ պահպանակները նոր ու հետաքրքիր զգացողություններ կարող են արթնացնել հատկապես այն զույգերի մոտ, որոնք ժամանակի ընթացքում այլեւս հաճույք չեն ստանում իրենց սեռական հարաբերություններից. դանդաղ ու լիրիկական երաժշտություն լսելուց հետո, երբ կրքերն ավելի են բորբոքվում, զույգերը շախով երաժշտության հասնելու համար արդեն ջանք չեն խնայում: Կարելի է ենթադրել, որ այդ երաժշտությունից ձանձրանալուց հետո, երբ արդեն արտադրությունը կզարգանա, տարիների ընթացքում հնարավոր կլինի պահպանակի «դիսկը», այսպես ասած, փոխել ու իրենց ճաշակին համապատասխան երգ-երաժշտություն ընդգրկել, չի բացառվում, որ պահպանակից հնարավոր լինի նաեւ երգ պատվիրել:
Շուկայում կան նաեւ ֆոսֆորով պահպանակներ, որոնք մթության մեջ լույս են տալիս ու ավելի «դիտարժան» դարձնում սեքսը: Այն նախապես պետք է պարզապես 15-30 վայրկյան լույսի տակ պահել, այսպես ասած՝ լիցքավորել ու ողջ գիշերվա ընթացքում պահպանակը կլուսավորի սենյակը: Սեփական «տղամարդկային արժանապատվությամբ» հիացողները զուգընկերուհուն իրենց հիացմունքի առարկայի չափսերի մասին փաստացի ապացույցներ ներկայացնելու համար օգտվում են «Քանոն պահպանակներից», որոնք հստակ ցույց են տալիս համապատասխան օրգանի ճիշտ չափսը: Իսկ այդ շուկայի ամենավերջին ճիչն է հեղուկ հակաբեղմնավորիչը, որը գել է՝ օգտագործելիս թույլ չի տալիս հղիություն կամ սեռավարակի ներթափանցում: Այն համարվում է կանանց պահպանակ, որը շատ ավելի ապահով է, չի պատռվում, անհարմար վիճակի մեջ չի գցում:
Պահպանակի համաշխարհային արտադրողները նորանոր հետաքրքրություններ են փորձում մտցնել՝ պահպանակների կիրառությունը մեծացնելու եւ վաճառքի ծավալները մեծացնելու ակնկալիքով: Օրինակ, զարգացած երկրներում դեղատներում վաճառվող պահպանակներից բացի, մարդիկ կարող են պատվիրել պահպանակներ՝ իրենց իսկ լուսանկարով, իրենց ուզած չափսի ու ձեւի, իրենց ցանկացած երկտողով: Այսինքն, եթե Հայաստանում սիրած աղջկան բացիկ են նվիրում՝ Վահան Տերյանի բանաստեղծությամբ, այլ երկրներում նույն բանաստեղծությունը կամ պարզապես սիրո խոստովանությունը կարող են նվիրել պահպանակի վրա տպված: Ընդ որում, պատվիրատուի գաղտնիությունն այս դեպքում երաշխավորվում է, քանի որ պատվերն ու վճարումները մարդը կարող է անել համացանցի միջոցով: Սկսնակները պահպանակների վաճառքի կետերում կարող են գտնել «ԿամաՍուտրա» պահպանակները, որոնց տուփերի վրա հայտնի գրքից պատկերներ են զետեղված, բացի այդ, կան նաեւ գեղեցիկ սեքսի արվեստին տիրապետելու դասերով սկավառակներ, որոնք տրվում են՝ մեծ քանակությամբ գնման դեպքում:
Հայաստանում, ինչպես ցույց տվեցին դեղատներից արված մեր հարցումները, հիմնականում սպառվում են 200-400 դրամանոց էժանագին պահպանակները, ընդ որում, սպառողները, որպես կանոն, ոչ միայն ուշադրություն չեն դարձնում պահպանակի տեսակին, չափսին, ձեւին, այլեւ՝ մի ֆիրմայի անուն իմանալով, ուղղակի մտնում են ու ասում՝ «Sico-ի կամ Vizit-ի պրեզերվատիվ տվեք»: Երբեմն լինում է նաեւ, երբ այցելուն, ուղղակի ամաչելով՝ վերցնում է առաջին պատահած պահպանակը՝ առանց իմանալու, որ դրանք բժշկական ցուցումներ ունեն եւ պետք է օգտագործեն ինչ-որ սեռական խանգարման դեպքում:
Սեքսապաթոլոգները հայ տղամարդկանց նման անտարբերության համար խիստ մտահոգություններ ունեն, քանի որ բազմաթիվ տղամարդկանց ու կանանց այցելություններ են ունենում, որոնց սեռական օրգանների հիվանդությունների, պրոբլեմների պատճառը հենց պահպանակի սխալ ընտրությունն է: Հասարակ մի բան՝ մեր այցելած շուրջ 1 տասնյակ դեղատների աշխատակիցները վստահեցնում էին, որ պահպանակի գնորդները չեն նայում պահպանակի պիտանելիության ժամկետները: Հաճախ ժամկետանց պահպանակն ավելի շատ վնաս կարող է պատճառել մարդու առողջությանը, քան ժամկետանց սնունդը, որը հայտնաբերելու դեպքում մարդիկ պատրաստ են տվյալ խանութին ու վաճառողին «օդ բարձրացնել»:
Բացի այդ, հայ տղամարդիկ, որոնք պահպանակի հիմնական գնորդներն են համարվում, ուշադրություն չեն դարձնում պահպանակի չափսին՝ ընտրելով կամ չափազանց մեծ կամ շատ փոքր չափսի արտադրանք: Երկու դեպքում էլ հետեւանքները վտանգավոր են: Կոշիկ ընտրելիս մարդիկ փորձում են, մի քանի քայլ դնում, տեսնում հարմարավետությունը, բայց եթե փոքր չափսի կոշիկը կարող է վնասել ոտքը, ուղղակի կոշտուկ առաջացնել, ապա փոքր չափսի պահպանակի հասցրած վնասները հետագայում ավելի վտանգավոր կարող են լինել մարդու առողջության համար: Ուստի բժիշկները խորհուրդ են տալիս ճանաչել իրենց օրգանները եւ չափսի հարցում ճիշտ կողմնորոշվել: Մեծ չափսի պահպանակի դեպքում ավելի շատ տուժում են կանայք, որովհետեւ շատ դեպքերում կնոջ օրգանիզմից այն հեռացնում են բժշկական ճանապարհով:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել