Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ՏՊԱՎՈՐՎԱԾ ԵՆ ԴԱՇՆԱԿԱՀԱՐՆԵՐՈՎ

Մայիս 12,2011 00:00

«Առավոտը» տեղեկացրել էր Գյումրիում մայիսի 5-ին մեկնարկած «Վերածնունդ» երաժիշտ-կատարողների միջազգային մրցույթ-փառատոնի մասին: Հիշեցնենք, որ այս տարի 7 մասնագիտությունների գծով 3 տարիքային խմբերում մրցում են 1200 երաժիշտներ՝ 22 երկրից: Հանձնախմբերի աշխատանքներին հրավիրված են նաեւ անվանի երաժիշտներ ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ռուսաստանից, Իսպանիայից, Հունաստանից եւ այլ երկրներից: Զուգահեռաբար, մայիսի 5-7ը անցկացվեց «Համաշխարհային մշակույթը եւ Հայաստանը» խորագրով գիտաժողովը: Մրցույթ-փառատոնի ավարտին, մայիսի 13-ից հետո, կներկայացնենք զրույց՝ միջոցառման կազմակերպիչներից Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի Գյումրիի մասնաճյուղի տնօրեն, արվեստագիտության դոկտոր, պրոֆեսոր Կարինե Ավդալյանի հետ:
Մրցութային օրերին, ասում են, հատկապես հանձնախմբին եւ երաժշտասերներին ցնցել են տարիքային երկրորդ խմբի (18-25 տարեկան) մասնակից դաշնակահարները: Այս առիթով դաշնակահարուհի, հանձնախմբի անդամ, պրոֆեսոր Անահիտ Ներսիսյանը նախ ասաց, որ 11 հոգանոց հանձնախումբը՝ բաղկացած Չեխիայից, Մոլդովայից, Բելառուսից եւ այլ երկրներից անվանի դաշնակահարներից, իսկապես լավ իմաստով անակնկալի է եկել՝ տեսնելով տաղանդավոր երաժիշտների: Ինչ վերաբերում է 18-25 տարեկանների ելույթներին, մեր զրուցակիցը նախ տեղեկացրեց, որ առաջին մրցանակ է շնորհվել Երեւանի Ռ. Մելիքյանի անվան երաժշտական ուսումնարանի իրանցի ուսանող Ռոքնի Արաշ Մովսեին (պրոֆեսոր Գ. Ավանեսովի դասարան), 2-րդ մրցանակին են արժանացել երեքը՝ Երեւանի կոնսերվատորիայից Արտյոմ Աբրահամյանը (պրոֆեսոր Վ. Սարգսյանի դասարան), Թբիլիսիի կոնսերվատորիայից Թամարա Կանդելակին (պրոֆեսոր Լ. Սանիկիձեի դասարան) եւ Գեորգի Տաբատաձեն՝ Քութայիսի երաժշտական քոլեջից (Ց. Տոդուայի դասարան), երրորդ մրցանակ չի շնորհվել: Ա. Ներսիսյանը հատկապես նշեց, որ դաշնակահարները սիրով ու վարպետությամբ են ներկայացրել մրցութային ծրագրում ընդգրկված հայ կոմպոզիտորների ստեղծագործություններից: Հավելեց նաեւ, որ այս մասշտաբային մրցույթ-փառատոնով տպավորված են նաեւ տարբեր հանձնախմբերի կազմում հրավիրված արտերկրյա երաժիշտները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել