Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԱԶԳԱՅԻՆ ԵՎ ԱՐԴԻԱԿԱՆ

Մայիս 12,2011 00:00

\"\"Հայաստանում եւ արտերկրում մեկնարկել են Էդվարդ     Միրզոյանի հոբելյանին նվիրված համերգաշարերը

Խոսելով անվանի արվեստագետների մասին, հաճախ ասվում է, որ նրանք վայելել են հանրության սերն ու կյանքի բարիքները: Այս առումով իսկապես երջանիկ է կոմպոզիտոր Էդվարդ Միրզոյանը, ում 90-ամյա հոբելյանն այսօր է: Նրա ստեղծագործական կյանքի սկիզբը զուգադիպեց հայ մշակութային վերելքին: Կոմպոզիտորը կենսախինդ երաժշտությամբ եկավ, ավելի ճիշտ, մեծն Խաչատրյանից հետո իր տարեկիցների՝ Ղազարոս Սարյանի եւ Ալեքսանդր Հարությունյանի հետ միասին՝ փոխարինելու հազարամյակներ հնչող ողբանվագ երգերին ու նվագներին: 1948-ից Էդ. Միրզոյանը դասավանդել է Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում, 1956-91թթ. հանդիսացել է ՀՀ կոմպոզիտորների միության նախագահ:
«Առավոտի» հետ զրույցում երաժշտագետ, Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր Նելլի Ավետիսյանը մեծանուն արվեստագետի մասին ասաց. «Կոմպոզիտորին վիճակվեց գտնել արդեն ստեղծված ավանդույթների միահյուսման առավել համոզիչ, նոր ուղիներ: Նա համաշխարհային երաժշտական մշակույթը հարստացրեց մեծ արժեք ներկայացնող գործերով: Ամենակարեւորը՝ Միրզոյանը երջանիկ է, որ մեծացել է ու դաստիարակվել երաժշտական միջավայրում, վայելելով իր հոր՝ կոմպոզիտոր եւ մանկավարժ Միքայել Միրզոյանի հոգատար վերաբերմունքը»: Մեր զրուցակիցը հավելեց, որ այսօր էլ միանշանակ ասվում է, գրվում, խոսվում, որ կոմպոզիտորի սիմֆոնիան, սիմֆոնիկ պոեմները կամ կանտատները, տոնական նախերգանքը, սիմֆոնիկ պարերը, լարային կվարտետը, մի շարք պիեսները՝ տարբեր գործիքների համար, ի վերջո՝ ռոմանսներն ու երգերը, աչքի են ընկնում իրենց յուրօրինակ բովանդակությամբ, բազմազանությամբ ու խորությամբ:
Անխոս, երջանիկ է կոմպոզիտորը. այսօր մեծանուն արվեստագետին նվիրված բազմաթիվ հոդվածներում կարելի է հանդիպել «միրզոյանական» արտահայտությունը: Այս առիթով Ն. Ավետիսյանը հայտնեց հետեւյալը. «Միրզոյանական կոչվելու իրավունքը ոչ որպես ստեղծագործական պատկանելության նշան, այլ ոճի, երաժշտական լեզվի ճանաչելի հատկանիշ, եզակի արվեստագետների է տրված»: Երաժշտագետը նշեց նաեւ, որ արժանանալ նման բնութագրման, նշանակում է արվեստում նոր ուղիներ ստեղծելու հատկություն ունենալ. «Կոմպոզիտորի ստեղծած կերպարների աշխարհը եւ ազգային է, եւ արդիական: Նրա հերոսների վառ ազգային նկարագրին բնորոշ է դարաշրջանի լարվածությունը, հզոր եռանդը, հուժկու արգելքները հաղթահարող թափը, հուզական հագեցվածությունը: Ազգային վառ դրոշմ կրող այս կերպարները, հինավուրց մեղեդիները կոմպոզիտորի գրչի տակ ձեռք են բերել այլ իմաստ ու նկարագիր»:
Մերօրյա բազմապիսի, երբեմն իրարամերժ ուղղությունների առկայությունը արագ փոփոխվող մղումների գերհագեցված ինֆորմացիայի պայմաններում դժվար չէ պատկերացնել, թե որքան բանիմաց պետք է լինի դասատուն: Այս առումով Էդվարդ Միրզոյանը «Առավոտին» փոխանցեց. «Ուսանողներիս հետ շփման կարեւոր նախապայմաններից մեկը համբերությունն է: Դասախոսը պետք է բացարձակապես ճանաչի իր ուսանողին՝ որպես անձնավորություն, գիտենա՝ ինչպես է ապրում, ինչպիսին են նրա հետաքրքրությունները, նախասիրությունները: Եվ միայն այդ ժամանակ ավելի պարզ կլինեն ուսանողի ստեղծագործական ձգտումները»: Ն. Ավետիսյանն էլ փաստեց, որ կոմպոզիտորի՝ գերհագեցած կյանքով ապրելու ընդունակությունը խախտում է պատկերացումը մարդու տարիքային հնարավորությունների մասին: Դեռեւս անցյալ տարվանից, Հայաստանում եւ արտերկրում մեկնարկել են Էդ. Միրզոյանի հոբելյանին նվիրված համերգաշարերը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել