Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԼՈՒԿԱՇԵՆԿՈՆ ՇԱՐՈՒՆԱԿՈՒՄ Է ՊԱՏԺԵԼ ԻՐ ԸՆԴԴԻՄԱԽՈՍՆԵՐԻՆ

Մայիս 12,2011 00:00

Չորեքշաբթի օրը Մինսկում դատարանի առաջ է կանգնել Բելառուսի նախագահի ռեկորդային թվով ընդդիմախոս: Թվով 27 մարդ մեղադրվում է 2010թ. հետընտրական փուլում երկրում զանգվածային անկարգություններ կազմակերպելու մեջ: Հիշեցնենք, որ այդ ընտրությունների արդյունքում Ալեքսանդր Լուկաշենկոն արդեն 4-րդ անգամ զբաղեցրեց երկրի նախագահի պաշտոնը: Reuters-ի մատուցմամբ, դատարանում ամբաստանյալի աթոռին են հայտնվել Լուկաշենկոյի եւս երկու նախկին մրցակիցներ՝ նախագահի նախկին թեկնածուներ Նիկոլայ Ստատկեւիչն (նկարում) ու Դմիտրի Ուսսը, որոնց, «Վեսնա-96» իրավապաշտպան կազմակերպության մատուցմամբ, սպառնում է մինչեւ 15 տարվա ազատազրկում:
Համանման մեղադրանքներ ավելի վաղ ներկայացվել էր նաեւ նախագահի մեկ այլ նախկին թեկնածու Անդրեյ Սաննիկովին, որի դատավարությունը մեկնարկել է ապրիլի վերջին եւ դեռ շարունակվում է: Նախագահի եւս երկու նախկին թեկնածուի՝ Վլադիմիր Նեկլյաեւին եւ Վիտալի Ռիմաշեւսկիին սպառնում է մինչեւ 3 տարվա բանտարկություն՝ «հասարակական կարգը խախտելու» համար:
Մինչ այս, Բելառուսի դատարանները 2-4 տարվա ազատազրկման էին դատապարտել Մինսկում դեկտեմբերյան բազմահազարանոց եւ ոստիկանության կողմից դաժանորեն ճնշված բողոքի ցույցերի 7 մասնակիցների, թեեւ ձերբակալվել էին տասնյակ մարդիկ:
Չորեքշաբթի մեկնարկել է նախագահի նախկին թեկնածու Սաննիկովի կնոջ՝ բելառուս լրագրող Իրինա Խալիպի դատավարությունը: Վերջինս անցյալ տարվա դեկտեմբերին ձերբակալվել էր ամուսնու հետ միասին, բայց երկու ամիս անց ազատ էր արձակվել՝ մնալով տնային կալանքի տակ: Նրան սպառնում է մինչեւ 3 տարվա ազատազրկում: Ի դեպ, նախկին թեկնածուն եւ նրա լրագրող կինը 3-ամյա որդի ունեն:
Հիշեցնենք, որ Եվրամիությունն ու Միացյալ Նահանգները Մինսկում բողոքի ցույցերը ցրելուն ի պատասխան, նոր վիզային պատժամիջոցներ են կիրառում Լուկաշենկոյի ու եւս 150 բելառուս պաշտոնյաների նկատմամբ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել