Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

SOS ԱԶԴԱԿ՝ ԿԱԼԱՆԱՎԱՅՐԵՐԻ «ՄԱՍՈՎ»

Մայիս 12,2011 00:00

\"\"Պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը առաջարկում է կրթել կալանավորներին

Տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Արմեն Ճուղուրյանը նախկին դատապարտյալ է: Նա ճակատագրի բերումով հայտնվել է մի քանի կալանավայրերում եւ ինչ-ինչ հետեւություններ արել: Ծանոթանալով կալանավայրի «ներքին խոհանոցին», Ա. Ճուղուրյանը եկել է այն համոզման, որ ՔԿՀ-ներում անհրաժեշտ է ուշադրություն դարձնել դատապարտյալների կրթությանը, ինչը, ըստ նրա, հետկալանքային շրջանում նախկին դատապարտյալների առողջ վարքագծի գրավականն է:
Պարոն Ճուղուրյանը փաստում է, որ բոլշեւիկյան ռեժիմի ժամանակ էլ դատապարտյալները պարապ չեն մնացել, հիմա առավել եւս կարեւոր է մի քանի տարով «փակված» մարդկանց մասնագիտական կրթություն տալը, վերաորակավորելը, որովհետեւ 5-6 տարով դատապարտված լինել՝ նշանակում է կիսով չափ կորցնել մասնագիտական հմտությունները: Մեր զրուցակցի խոսքով, հատկապես 20-22 տարեկան դատապարտյալներն են հիմնականում կիսագրագետ եւ անգամ իրենց անուն-ազգանունը կարգին գրել չգիտեն:
«Ես sos message եմ ուղարկում հասարակությանը: Չեմ ուզում, որ թյուր կարծիք ստեղծվի, թե դատապարտյալները կիսատ-պռատ քաղաքացիներ են կամ հասարակության ոչ լիարժեք, բարոյալքված ու վտանգավոր անդամներ:
Նրանք հայորդիներ են եւ պատիժը կրելուց հետո պետք է ինտեգրվեն հասարակությանը, իսկ ինտեգրումը մեծ պրոբլեմներ է ենթադրում առաջին հերթին մասնագիտական կրթության առումով: Ուրեմն, առիթից օգտվենք, եւ այդ մարդկանց, որոնք կալանավայրերում նստած են ու աշխատանքային գործունեություն չունեն, հնարավորություն տանք կրթություն ստանալու»,- ասում է գիտությունների դոկտորը՝ միեւնույն ժամանակ հավելելով, որ պետությունը առայժմ այդ նպատակի համար համապատասխան ռեսուրսներ չունի ու այլ եղանակներ պետք է մտածել: Նա վկայակոչում է մեր հարեւան Վրաստանի ու այլ երկրների փորձը. այն դատապարտյալներին, որոնք մասնագիտական կրթություն են ստացել կալանավայրերում, նույնիսկ ներում է շնորհվում:
Մեր զրուցակցի ձեւակերպմամբ, դատապարտյալների կրթության խնդիրը լուծելու համար ընդամենը բարի կամք է պետք, մի քիչ էլ՝ համառություն. «Չեմ ասի, թե բոլոր դատապարտյալները ցանկություն կունենան կրթություն ստանալու, բայց գոնե կեսից ավելին կուզենա: Օրինակ՝ ցմահ դատապարտյալ ունենք, որը կրթություն է ստացել եւ գիտական աշխատանք է պատրաստվում գրել: Երբ հասարակությունը դատապարտյալին ուշադրություն է դարձնում, ինքը ոգեւորությամբ է գնում այդ գործընթացին: Մարդուն դատապարտում են, որպեսզի պատիժը կրի, մյուս կողմից էլ՝ հասկանա իր արարքը եւ ուղղվի: Եթե ուղղիչ-աշխատանքային գործունեությունը պասիվացնում ենք, գոնե կրթություն տրամադրելով պետք է մարդուն ուղղենք: Երբեմն մարդիկ հանցագործության են դիմում նաեւ սոցիալական մղումներով, մինչդեռ, եթե ունես մասնագիտություն, հասկանում ես, որ կարող ես հաց վաստակել, ուրիշ քայլի չես դիմի: 5-6 տարի փշալարերի հետեւում մարդը պարապ մնալու դեպքում կարող է դիմել արարտավոր կենցաղի, գոնե կրթությամբ նրան հետ պահենք դրանից…… Գիտե՞ք ինչպիսի ոգեւորություն կար, երբ մեր՝ Էրեբունի ՔԿՀ-ում ապրիլի 24-ին պատարագ մատուցվեց: Մի տեսնեիք՝ ի՜նչ ուրախությամբ դատապարտյալները խաչքար տեղադրեցին, մասնակցեցին միջոցառմանը: Այսինքն, հոգեւոր, մշակութային կամ կրթական առումով արված մի փոքր քայլն իսկ մեծ ռեզոնանս է տալիս կալանավայրում»: Ա. Ճուղուրյանը համոզված է՝ եթե դատապարտյալը մտածի, որ պատիժը կրելուց հետո հասարակությունն իրեն առանց վերապահումների է ընկալելու, չի «կոտրվի», չի ոչնչանա:
Մեր զրուցակիցը պատմեց, որ այլ դատապարտյալների թվում եղել է մարդ, ով նաեւ Գերմանիայում է «նստած» եղել. այնտեղ ամսական 200 եվրո է ստացել գերմաներեն սովորելու համար, այսինքն՝ պետությունը մտածել է, որ Գերմանիայի պոտենցիալ քաղաքացին պետք է գերմաներեն իմանա:
 «Մարդը կալանավայրից պետք է դուրս գա ուղղված, մասնագիտական հմտություններով եւ աշխատելու բուռն ցանկությամբ: Ես չեմ ասում, թե բոլորը պետք է ստանան բարձրագույն կրթություն, կարելի է սկսել փոքր քայլերից՝ համակարգչային տարրական հմտություններ, նախնական մասնագիտական կրթություն, որպեսզի կալանավայրից հետո աշխատանքով ապահովված լինելու հարց լուծվի, գործատուներին էլ պիտի շահագրգռել: Շատերը չեն ցանկանում նախկին կալանավորներին աշխատանքի ընդունել: Այսինքն՝ գործատուների համար հարկային արտոնություններ պետք է սահմանվեն, մոտիվացիոն լծակներ ստեղծվեն, ԱԺ-ում էլ պիտի այդ մասին մտածեն, որ դատապարտյալները դուրս գալուց հետո լքված չզգան, նրանք ե՛ւ զինվոր, ե՛ւ աշխատավոր դառնալու ունակություն ունեն: Օրենսդրության մեջ եւս կարելի է փոփոխություններ մտցնել»,- առաջարկում է նախկին դատապարտյալ պրոֆեսորը: Նա կարծում է, որ գործը գլուխ կգա խոշոր գործարարների ներդրումների արդյունքում, պատկան մարմինների, միջազգային կառույցների գործուն մասնակցությամբ: Անձամբ ինքը նախատեսում է որեւէ հ/կ-ի միջոցով հիմնադրամ ստեղծել, որը ներդրումներ կանի տվյալ ոլորտում. «Որպես պրոֆեսոր, իմ կոլեգաներին կհամոզեմ, որ թեկուզ հասարակական հիմունքներով դասավանդեն նման տեղերում, պետք է դիմեմ ԿԳ, արդարադատության նախարարություններին: Ի դեպ, կա նաեւ կառավարության որոշում՝ կալանավայրերում կրթություն կազմակերպելու մասին: Իմ երազանքն է, որ կալանավայրերում մարդիկ օնլայն ճանապարհով կրթություն ստանան, հետո էլ, ինչպես այլ երկրներում, դուրս գալուց հետո ուղեգրով աշխատանքի մեկնեն»:
Ա. Ճուղուրյանը կարծում է, որ կարելի է դիմել նաեւ այլընտրանքային պատժի եղանակին: Նա նշում է, որ պետությունը ամեն դատապարտյալի վրա օրական 4000 դրամ է ծախսում, ինչը ամսական 120000 է կազմում: Նրա կարծիքով, կարելի է դատապարտյալների 30-40 տոկոսին վաղաժամկետ ազատել եւ հնարավորություն տալ պատիժը կրել ոչ թե փշալարերի հետեւում, այլ դիցուք՝ ազատագրված տարածքներում, հեռավոր, սահմանամերձ, բարձր լեռնային գյուղերում: Ըստ պրոֆեսորի, նման վայրերում աշխատուժի կարիք կա, ու հաճախ շատերը դժկամությամբ են գնում, իսկ կալանավորները, որոնց՝ կալանավայրերում կրթվելու կամ որակավորվելու վրա եթե գումարներ ծախսված լինեին, ստիպված կլինեին ուղեգրով մեկնել աշխատանքի: Այսինքն՝ մարդկային ռեսուրսը կօգտագործվեր, պետությունն էլ տնտեսապես կշահեր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել