Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Այո՛, հենց ինքնակամ մեռնելու իրավունք

Մայիս 12,2011 00:00

«Առավոտի» մարտի 17-ի համարում տպագրել էի «Անհրաժեշտ է օրինականացնել էֆթանազիան Հայաստանում» վերտառությամբ հոդված: Մինչ օրս թերթը տպագրել է դրա երկու արձագանք, երկուսն էլ՝ բացասական: Հետաքրքիր է, որ երկու ընդդիմախոսներս էլ ծիծաղելի վարք են դրսեւորել. խուսափում են (գուցե վախենո՞ւմ են) նշել իմ անունը: Այդպես էր եւ վերջին արձագանքը՝ ապրիլի 26-ին, վերնագրված «Ինքնակամ մեռնելու իրավո՞ւնք» եւ ստորագրված՝ ՏԱՐՈՆ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, արեւելյան մարտարվեստների դոկտոր, պրոֆեսոր: Այս ընդդիմախոսս գրում է՝ «պատրաստ եմ բանավիճել»: Հրաշալի է: Բանավիճում եմ:
Նախ պետք է ասեմ, որ ընդդիմախոսներս երկուսն էլ խեղաթյուրում են իմ առաջարկությունը, ես խոսում եմ ԻՐԱՎՈՒՆՔԻ մասին, այն էլ՝ որոշակի տարիքից սկսած եւ խստորեն օրենքով սահմանված ձեւով: Իսկ օրենքը նաեւ արգելքներ պետք է դնի պ. Աբրահամյանի նշած իրոք լուրջ վտանգների առաջ եւս (թե՞ արդեն հավատ չկա, որ այս երկրում մի օր օրենքն ուժ կունենա): Իսկ ընդդիմախոսներս բանն այնպես են ներկայացնում, թե ես առաջարկում եմ ինքնակամ մեռնելու ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈԻՆ: Քավ լիցի: Եթե մարդ իրեն աշխույժ ու պետքական է զգում, ինչպես իննսունամյաներ Էդվարդ Միրզոյանն ու Ալեքսանդր Հարությունյանը, ապա ոչինչ չունեմ, որ «ամեն ինչ արվի մարդու կյանքի երկարացման համար»: Բայց ես գրել եմ այն դեպքերի մասին, երբ մարդիկ տարիներով գամված են անկողնուն, եւ պարզապես բեռ են դարձել իրենց հարազատների եւ հասարակության համար: Իսկ եթե ժառանգներ չունե՞ն: Ապա թունավորում են, օրինակ, եղբոր թոռների կյանքը: Ուզում եմ, որ այստեղ միջամտի նաեւ պետությունը: Մեկ էլ՝ էֆթանազիան պետք է անբուժելի ծանր հիվանդների համար:
Եվ ասեք, մի՞թե մարդ չի իրականացնում այդ իրավունքը՝ կյանքը զոհելով մարտի դաշտում հանուն հայրենիքի: Այս դրույթը ընդդիմախոսներս գերադասում են չնկատել: Փոխարենը նրանք գրում են. «չգիտես ինչո՞ւ, ո՞ւմ ծրագրերով», ակնարկելով, թե ուզում եմ ինչ-որ մեկի դրդմամբ թուլացնել մեր պետությունը: Մեկ էլ կարդացեք հոդվածս, ես գտնում եմ, որ դա ԿՈՒԺԵՂԱՑՆԻ պետությունը: Ու դա իմ գաղափարն է, ոչ ոք ինձ չի հուշել:
Եվ վերջինը: Տարոն Աբրահամյանը գրում է. «սոցիալական եւ բժշկական պայմանները եթե բարձր լինեն, ապա ինքնակամ մեռնելու մասին խոսելու կամ այն մարդու իրավունքների հետ կապելու հարցը ընդհանրապես չի ծագի»: Ես թվարկել եմ մի շարք զարգացած երկրներ, ուր «սոցիալական եւ բժշկական պայմանները» բարձր են (օրինակ՝ Հոլանդիան, Շվեյցարիան), բայց կա նաեւ էֆթանազիայի մասին օրենք: Հետեւաբար մեկը մյուսին չի բացառում: Ըստ երեւույթին, պ. Աբրահամյանը երիտասարդ է ու երջանիկ (տա Աստված այդպես լինի երկար), բայց կյանքում լինում է եւ այլ կերպ: Ավելացնեմ, որ «բարձր սոցիալական պայմանների» հասնելը շատ դժվար է. նույն Իսրայելը զարգացած պետություն է դարձել 1948թ. հիմնադրվելուց տասնյակ տարիներ հետո, շնորհիվ երկու բանի: Առաջին՝ դա ժողովրդավարական պետություն է: Երկրորդ՝ ամեն տարի հսկայական միջոցներ է ստանում աշխարհի հրեական կազմակերպություններից եւ (տարեկա՛ն) 2-4 միլիարդ դոլար՝ ԱՄՆ կառավարությունից: Վախենամ, որ ավելի շուտ մեր «այս քրեականացված աշխարհը» (Տարոն Աբրահամյանի բառերն են) կդաստիարակվի, քան Հայաստանը այդքան փող կունենա… Ու հետեւաբար «բարձր սոցիալական եւ բժշկական պայմանները» կմնան մեր ժողովրդի համար երազանք, ինչպես այսօր…
Շնորհակալություն պ. Տարոն Աբրահամյանին՝ արձագանքի համար: Նորից ակնկալում եմ քաղաքագետների ու բժիշկների արձագանքներ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել