Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԲԱԺԱՆԱՐԱՐ ՓՈՂՈՑԸ»՝ ՌՈՒՍ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՄԵՐՁԵՑՄԱՆ ԳՐԱՎԱԿԱՆ

Մայիս 12,2011 00:00

Ռուս-թուրքական հարաբերությունների ներկա վիճակը կարելի է բնութագրել որպես փողոցի տարբեր կողմերում գտնվող ամբիցիոզ հարեւանների բարեկամություն, ովքեր մեծ հաճույքով իրենց կրկին կնվիրեին միմյանց պատմական ընթացքին խոչընդոտ դառնալու գործին, սակայն որոնց շահերը դա թույլ չեն տալիս:

\"\"

Ինչպես իննսուն տարի առաջ, Ռուսաստանի եւ Թուրքիայի մերօրյա ընդհանրական շահերը բախվում են Արեւմուտքի հանդիպակաց շահերին: Սակայն, ի տարբերություն անցյալի, այսօր ԱՄՆ-ի եւ եվրոպական տերությունների քաղաքականության կիզակետում գտնվում է Ռուսաստանը Թուրքիայից բաժանող այն «փողոցը», որի երկու կողմերում հայտնվել են երբեւէ ընդհանուր սահման ունեցած այս հարեւանները: Փողոցի սկզբնամասում «ապրող» արեւմտյան տերությունների համար առկա է փողոցն ըստ սեփական ծրագրերի գործարկելու ցանկություն, որը ներկայում այնպիսի սպառնալիք է դիտվում դարավոր թշնամություն ունեցող երկու հարեւանների համար, որ ստիպում է ժամանակավորապես մոռացության մատնել նախկին վեճերն ու տրվել բարեկամության գործին:
Պայմանականորեն «փողոց» անվանված տարածքն իրականում այնքան էլ վերացարկված բնորոշում չէ: Սեւ ծովից դեպի Կասպից ծով ձգվող տվյալ կապուղին իսկապես կոմունիկացիոն դեր է խաղում եվրասիական ողջ տարածաշրջանում: Վերջին երկու տասնամյակում նրա այդ դերն այնքան է մեծացել տերությունների փոխհարաբերություններում, որ ստիպում է Ռուսաստանին ու Թուրքիային մի կողմ թողնել դարավոր մրցակցության ռազմաքաղաքական դիտանկյունը եւ ուշադրությունն ուղղել հենց նույն «փողոցում» տնտեսական ու հաղորդակցական երկուստեք ծրագրերի կենսակոչմանը:
Երկու տերությունների միջեւ հարյուրամյակների ընթացքում մեկ տասնյակից ավելի պատերազմների փաստը, ինչպես նաեւ բալկանյան, սեւծովյան ու կովկասյան տարածաշրջաններում մշտական մրցակցությունը, իհարկե, թողնում են իրենց ազդեցությունը, սակայն շահերն առավել կարեւոր են մշտական թշնամիներին չտեսնելու համար: Ուստի երկուստեք շփման հիմնական գոտում՝ Սեւ ծովի ավազանում, գնում է տնտեսական ծրագրերի մերձեցման մրցակցային քաղաքականություն, որտեղ արեւմտյան հաղորդակցական այլընտրանքային յուրաքանչյուր նախագիծ ծառայեցվում է դիմացինին վախեցնելու ու դրա միջոցով նոր շահաբաժիններ ձեռք բերելու միջոց:
Մոսկվայի եւ Անկարայի համար ներկա փուլում առավել կարեւորն «Ակկույու» ատոմակայանի, «Սամսուն-Ջեյհան» նավթամուղի եւ «Հարավային հոսք» գազամուղի կառուցման նախագծերն են: Առաջին երկուսը երկարատեւ համագործակցության համատեղ նախագծեր են, իսկ վերջինը դեպի Եվրոպա գազի արտահանման ռուսական այլընտրանքային հերթական այն խոշոր նախագծերից է, որին խանդով է վերաբերվում Թուրքիան: Այն պետք է անցնի Սեւ ծովի հատակով՝ կապելով Նովոռոսիյսկը բուլղարական Վառնային, ապա ճյուղավորվելով՝ հասնի մինչեւ Իտալիա եւ Ավստրիա:
Տնտեսականից զատ, ձեռք բերելով աշխարհաքաղաքական մեծ նշանակություն՝ «Հարավային հոսքը» մրցակցության մեջ է հայտնվել «Սամսուն-Ջեյհան» նախագծի հետ: Կողմերից յուրաքանչյուրը հայտնվել է մյուսի կայացվելիք որոշումներից կախման մեջ, քանի որ «Հարավային հոսքի» ճանապարհը նախագծված է անցկացել Սեւ ծովի թուրքական հատվածով, իսկ «Սամսուն-Ջեյհան» նավթամուղն էլ առանց ռուսական նավթի չի կարող չնչին իսկ արդյունավետություն ապահովել: Ուստի կողմերն այս նախագծերի առաջմղման ու միմյանց դրական որոշումները ստանալու համար դիմում են տարբեր միջոցների:
Կարեւոր գործիքներից մեկը, որը վերը նշված երկու նախագծերն առաջ մղելու համար կիրառում են կողմերը, Արեւմուտքի էներգետիկ ախորժակը բավարարելու այլընտրանքային կամ արեւմտյան նախագծերին հավանություն տալու քաղաքականությունն է, որոնք պարբերաբար վկայակոչվում են Անկարայի ու Մոսկվայի կողմից: Թուրքիայի համար դա Nabucco խողովակաշարն է, որի գործարկման նպատակը մերձավորարեւելյան գազը Եվրոպա փոխադրելն է՝ շրջանցելով Ռուսաստանը:
Իսկ Ռուսաստանի՝ Թուրքիային շանտաժի ենթարկելու գործիք է արդեն իսկ ծառայում «Բալթյան խողովակաշարային համակարգ-2»-ը, որը նախատեսվում է գործարկել մյուս տարի: Մոսկվայի ուղղակի կամ անուղղակի վկայություններով՝ դեպի Եվրոպա նավթի արտահանման համար այս խողովակաշարը դիտարկվում է որպես սեւծովյան նավթային ուղուն բավականին հարմար այլընտրանք:
Այս ամենով հանդերձ, սակայն, Ռուսաստանի եւ Թուրքիայի գլխավոր աշխարհատնտեսական խնդիրը Արեւմուտքի համար առաջին անհրաժեշտություն հանդիսացող էներգակիրների նոր ուղիներն իրենց տարածքով անցկացնելն ու գլխավոր հաղորդակցական պատուհան մնալն (դառնալն) է: Ու հիմա, երբ առավել ակնառու է «բաժանարար փողոցի» վրա խաղադրույք կատարելու՝ Արեւմուտքի հակվածությունը, որը մտնում է հաղորդակցական ուղիները դիվերսիֆիկացնելու նրա ընդհանուր ռազմավարության տրամաբանության մեջ, երկու տարածաշրջանային տերությունների՝ Ռուսաստանի եւ Թուրքիայի համար առավել շահավետ են դառնում միմյանց ծրագրերին չխանգարելու քաղաքականությունն ու քաղաքական եւ տնտեսական մեծ նշանակություն ունեցող էներգետիկ ծրագրերը փոխհատուցմամբ ու համատեղ լուծելու հրամայականը:
Հենց այս տրամաբանության համատեքստում պետք է տեղավորել վերջին օրերին լրահոսում տեղ գտած երկու փաստ: Նախ՝ այն, որ ՌԴ նախագահ Մեդվեդեւը մայիսի 3-ին ստորագրեց 2009թ. օգոստոս ամսին Անկարայում Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ կնքված խաղաղ նպատակներով ատոմային էներգիայի օգտագործման բնագավառում համագործակցության վերաբերյալ միջկառավարական համաձայնագիրը վավերացնելու մասին օրենքը, որով էլ կանաչ լույս վառեց «Ակկույու» ատոմակայանի կառուցման համար: Ու ապա նաեւ այն, որ պաշտոնական Մոսկվայի տվյալ քայլից օրեր անց հայտնի դարձավ, որ Nabucco գազամուղի շինարարության աշխատանքները հետաձգվում են երկու տարով:
Նշված փաստերը վկայում են, որ վերջին տարիների ռուս-թուրքական մերձեցումը՝ չնայած խանդոտ առանձին դրսեւորումներին, կարողանում է փոխադարձության սկզբունքով համատեղ ծրագրեր իրականացնել: Համագործակցության երկարաժամկետության եւ հատկապես արդյունավետության հարցերը, սակայն, կասկածների տեղիք են տալիս, քանզի կողմերի ցանկությունները բախվում են Արեւմուտքի աշխարհաքաղաքական շահերին: Արեւմտյան տերությունների համար առավել հուսալի են դառնում «բաժանարար փողոցն» օգտագործելու հնարավորությունները, ինչի արդյունքում ԱՄՆ-ի եւ եվրոպական տերությունների վստահելի գործընկերներ Ռումինիայի, Բուլղարիայի եւ Վրաստանի ռազմաքաղաքական նշանակությունն ապագայում կարող է վերափոխվել նաեւ ռազմատնտեսական համագործակցության:
Ուստի Բոսֆոր եւ Դարդանել նեղուցներին տիրելու (պահելու) համար պայքարած Ռուսաստանին եւ Թուրքիային այժմ միավորում է որպես հաղորդակցական միջանցք հանդես եկող եվրասիական նոր «նեղուցի»՝ Սեւ ծովի պահպանման համար պայքարը: Երկու տարածաշրջանային տերությունների բազում ներքաղաքական ու արտաքին քաղաքական խնդիրները մեծ կասկածներ են առաջացնում տվյալ պայքարի արդյունավետության հարցում: Առավել հավանական է թվում թուրքական դիվանագիտության համար սովորական «ռեվերանսայնության» կրկնությունը, որի արդյունքում որոշ ժամանակ հետո կրկին առաջին պլան կարող են դուրս գալ Արեւմուտքի նախագծած «Հարավային գազային միջանցք» անվանումով խողովակաշարերի գործարկման ծրագրերը, այդ թվում՝ նաեւ Nabucco-ն:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել