Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Գունավոր ու զարմանալի գյուղատնտեսություն

Մայիս 12,2011 00:00

\"\"Հայաստանի գյուղացիները ծանոթ են եւ արդեն մշակում են դեղին, վարդագույն, մանուշակագույն կեղեւով կարտոֆիլ: Իսկ մանուշակագույն պտղամսով կարտոֆիլը Հայաստանի համար նորություն է: Ըստ գյուղատնտեսության նախարարության բանջարաբոստանային եւ տեխնիկական մշակաբույսերի գիտական կենտրոնի, այս յուրահատուկ կարտոֆիլը պարունակում է մեծ քանակությամբ անթոցիաններ, որոնք պահպանվում են անգամ եփված վիճակում: Մանուշակագույն կարտոֆիլը պարունակում է նաեւ մեծ թվով օգտակար նյութեր` վիտամին C, կալիում, մագնեզիում, ցինկ եւ երկաթ, որոնք շատ արժեքավոր են մարդու օրգանիզմի համար:
Մեր գյուղացիներին չես զարմացնի ոչ ավանդական տեսքով բանջարեղենի զանազան տեսակներով ու հիբրիդներով: Իսկ որ աշխարհում արդեն կա դեղին \"\"ձմերուկ, արժե զարմանալ: Դեղին ձմերուկը ոչնչով չի տարբերվում մեր իմացած կարմրա-վարդագույն ձմերուկից: Ըստ մասնագետների, դեղին գունավորմամբ ձմերուկը ստացվել է վայրի եւ սովորական ձմերուկների խաչասերումից: Դժվար թե Հայաստանում որեւէ մեկը համտեսած լինի դեղին ձմերուկ: Մասնագետները ասում են, որ այն շատ հյութալի է, նուրբ համ ունի, սակայն այնքան քաղցր չէ, որքան կարմիր ձմերուկը: Դեղին ձմերուկի մեջ A եւ C վիտամին շատ կա:
Ծաղկակաղամբն էլ նորություն չէ մեզ համար: Հայերը ծաղկակաղամբը եւ աղցանների մեջ են օգտագործում, եւ տապակում, եւ թթու դնում: Միգուցե դեղին ձմերուկից ու մանուշակագույն կարտոֆիլից պակաս զարմանալի, բայց նորություն է ծիածանային ծաղկակաղամբը: Բրիտանացի գյուղատնտես-գիտնականներն են ստացել վառ \"\"նարնջագույն, կանաչ եւ մանուշակագույն գունավորումներով ծաղկակաղամբ, որը համով հիշեցնում է սովորական կաղամբ, բայց պատրաստված կերակրատեսակներին գույն է ավելացնում: Նարնջագույն ծաղկակաղամբը հարուստ է կարոտինով, իսկ մանուշակագույնը՝ անթոցիանով, որը նպաստում է սրտանոթային հիվանդությունների կանխարգելմանը:
Գունավոր ծաղկակաղամբն էլ է ստացվել ավանդական սելեկցիայի եւ պատվաստումների ճանապարհով: Գենետիկ միջամտություններ չեն արվել:

Հ. Գ. Սեւ-սպիտակ լուսանկարները այնքան էլ վառ պատկերացում չեն տալիս ներկայացված բանջարեղենի մասին: Առաջարկում ենք նույն լուսանկարները դիտել մեր թերթի էլեկտրոնային տարբերակում՝ www.aravot.am կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել