Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

ԿԱՊԱՆՈՒՄ ԸՆԴԱՄԵՆԸ 50 ՎԵՏԵՐԱՆ Է ՄՆԱՑԵԼ

Մայիս 12,2011 00:00

\"\"Հայրենական մեծ պատերազմի մասնակից ուժանիսցի Գարեգին Մելիքսեթյանի հուշերը

1941 թվականի դեկտեմբերի 14-ն էր, երբ կապանցի շատ երիտասարդների պես տարածաշրջանի Ուժանիս գյուղից Գարեգին Մելիքսեթյանը մեկնեց ռազմաճակատ՝ Երկրորդ համաշխարհային պատերազմն էր: Ընդամենը միջնակարգ կրթություն ստացած Կապան-Մինջեւան տարածաշրջանը սպասարկող փոստային բաժանմունքում աշխատող 20-ամյա երիտասարդը ծնողների միակ որդին էր, նրանց աչքի լույսը: Ռազմաճակատ գնալու լուրը ծնողներին շատ վշտացրեց, դրա հետ չհամակերպվեց նաեւ փոստային բաժանմունքի ղեկավարը, ով նույնիսկ զինկոմիսարիատ գնաց, խնդրելու, որ իր լավագույն աշխատողին բանակ չտանեն: Բայց ամեն ինչ որոշված էր, իսկ 20-ամյա Գարեգինն էլ հաստատակամ էր՝ անպայման ծառայության է մեկնելու:
Ուղիղ 4 տարի Գարեգին Մելիքսեթյանը պատերազմեց ու տուն վերադարձավ 1945 թվականի դեկտեմբերի 20-ին: Մինչեւ օրս լավ է հիշում իր ծառայության հետագիծն ու մարտական ուղին: Պատերազմական տարիների մասին հատկապես սիրում է խոսել ու կիսվել Մայիսի 9-ի տոնական ու մտերմիկ միջոցառումների ժամանակ, երբ հավաքված հասակակից վետերաններով սկսում են դրվագ առ դրվագ վերհիշել ու թերթել այդ օրերի բոլոր էջերը: «Բանակային ծառայությունս սկսել եմ Դաղստանից, մինչեւ Ստալինգրադի ճակատամարտի հաղթական ավարտը: Դրանից հետո մեր զորամասը տեղափոխեցին Ուկրաինա, որտեղ ես ծառայեցի 2-րդ ֆրոնտում՝ մարշալ Մալինովսկու հրամանատարությամբ»,- հիշում է Գարեգին պապը:
Պատերազմի ողջ ընթացքում միայն օտարների հետ է ծառայել, հայի երես չի տեսել: «Դանուբի գետաբերանից մինչեւ Դրեզդեն, գետի հոսանքի ուղղությամբ եվրոպական բոլոր մայրաքաղաքներում եղել եմ: 1943 թվականի սեպտեմբերի 19-ին Բելգորոդի մարզում ծանր վիրավորվել եմ՝ սրտիցս 4 սմ հեռավորության վրա: Պոլտավա քաղաքում բուժվելուց հետո արդեն 2-րդ կարգի զինվոր էի: Դարձա էքսպեդիտոր, 2-րդ ֆրոնտի ուղղությամբ: Ամբողջ էշելոնը տանում էի հանձնում ֆրոնտին՝ հետ գալիս: Ծանր էր պաշտոնս, նագանս վրես, ամեն ինչը վրես: Եղել է, որ օրեր շարունակ սոված-ծարավ եմ մնացել, պատառոտված շորերով եմ եղել, բայց կարողացել եմ սրբությամբ իմ ծառայությունը կատարել: Հրամանատարիս կողմից էլ շնորհակալական նամակի եմ արժանացել: 1945 թվականի հուլիսին մեր զորամասը տեղափոխեցին Օդեսա, այդտեղից էլ անցա Կրասնոարմեյսկ, այնուհետեւ ինձ ազատեցին դեպի տուն»,- պատմում է 91-ամյա Գարեգին պապը:
Ռոստովից Բաքու, այնտեղից Մինջեւան ու հետո Կապան եւ Ուժանիս գյուղ: Երկար էր տունդարձի ճանապարհը, բայց շատ սպասված: Միակ որդու վերադարձը անսահման ուրախություն պատճառեց Գարեգինի ծնողներին: Ուրախությունը որքան մեծ էր՝ այնքան էլ անսպասելի, քանի որ 6 ամիս շարունակ որդուց ոչ մի լուր, տեղեկություն ու նամակ չունեին ու հանկարծ… որդին դռան շեմին է՝ տանը:
Բանակից գալուց հետո, սպասումից ծերացած ծնողները որդուն շուտ ամուսնացրին: Գարեգին Մելիքսեթյանն արդեն Ուժանիս գյուղի դպրոցում մանկավարժ էր ու ընդունվել էր Բաքվի Լենինի անվան ինստիտուտի հայկական մասնաճյուղի հայոց լեզվի եւ գրականության ֆակուլտետի հեռակա բաժինը:
«Շուտ եմ ամուսնացել, հայրս եւ մայրս ինձ ստիպեցին ամուսնանամ: Ասացին Խդրանց գյուղում մի աղջիկ կա, Պողոսի աղջիկը, անունն էլ Վարդանուշ, գնանք առնենք քեզ համար: Գնացի տեսա, հավանեցի, գեղեցիկ էր, մանկավարժ էր, ավելի ուրախացա, ասացի՝ կտեղափոխեմ մեր դպրոց, միասին կաշխատենք, էդպես էլ արեցինք: 18 տարի մի դպրոցում աշխատեցինք, ես՝ վարիչ, ինքն էլ՝ դասվար: 6 երեխա ունեցանք՝ 3 աղջիկ, 3 տղա: Հետո՝ 9 թոռ եւ 6 ծոռ», -պատմում է վետերան Գարեգին պապը:
Բայց այսօր նրա համար ցավալի է, որ չի կարողանում իր հարազատ հայրական տանը ապրել: Արդեն 10 տարի գյուղի տանը չի ապրում, տարվա մի մասը Երեւանում, իսկ մի մասը Կապանում՝ երեխաների մոտ է ապրում: Արցախյան պատերազմի օրերի ռմբակոծությունից վնասվել է Գարեգին Մելիքսեթյանի հայրական տունը, պատերը ճաքճքած են եւ մեծ ճեղքեր կան, տունը վթարային է ու այնտեղ ապրելը՝ անհնարին:
Այս Մայիսի 9-ին էլ Կապանում մեծարեցին վետերաններին: Գարեգին պապը մշտապես մասնակցում է այդ միջոցառումներին: Հոբելյանական 20 տարբեր տեսակի շքանշանների է արժանացել, շնորհակալական նամակների, Ստալինի, Լենինի մեդալների: Վերջին մեդալը ստացել է մարշալ Բաղրամյանի 100-ամյակի կապակցությամբ: Այս տարի էլ Կապանում տոնին նվիրված միջոցառումներին մասնակցեց, դրամական պարգեւ ստացավ: Ուրախությունն ավելի լիարժեք դարձավ, երբ աղջիկը Ռուսաստանից զանգեց ու Հաղթանակի օրվա առիթով շնորհավորեց: «Ամբողջ Եվրոպան պտտվել եմ, ոչ մի ընտանիքից մի կտոր բան չեմ վերցրել, դա ինձ փրկեց, որ ես կենդանի մնամ եւ մինուճար զավակ լինելով՝ վերադառնամ ծնողներիս մոտ: Միջնակարգ կրթությամբ ես կարողանում էի Ռումինիայում կայարաններից մեկում ինձ հանձնարարված գործն անել՝ բանակի համար միջոցներ էի գտնում ու մատակարարում, ռուսերեն ցուցակներ էի կազմում, նույնիսկ ռումիներեն քիչ-միչ խոսել էի սովորել», – հպարտորեն նշում է Հայրենական մեծ պատերազմի վետերան՝ ուժանիսցի Գարեգին Մելիքսեթյանը:
Այսօր Կապանի տարածաշրջանում ընդամենը 50 վետերան կա, որից 6-ը՝ կին: Տարեցտարի այս հերոսների շարքերն էլ ավելի են նոսրանում: Միայն անցած տարի 16 վետերան է ավարտել իր երկրային կյանքը: Մեկն էլ այս տարի՝ հենց մայիսի 9-ին հեռացավ այս աշխարհից ու չհասցրեց մեկ անգամ եւս վայելել մեծարված լինելու բերկրանքը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել