Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանի երեկվա աշխատանքային շրջայցը Արաբկիր վարչական շրջանում սկսվեց Բաղրամյան 42–ից 46 շենքերի բակից՝ հայտնում է քաղաքապետարանի լրատվական բաժինը: Նախկինում բնակիչների կողմից ապօրինի հողազավթված եւ աղբավայրի վերածված այս տարածքի փոխարեն այսօր բարեկարգ բակ է: Մաքրման աշխատանքներից բացի՝ այստեղ նաեւ ծառատունկ է իրականացվել: Վարչական շրջանի ղեկավարի ուղեկցությամբ քաղաքապետը ծանոթացավ նաեւ Հակոբ Հակոբյան փողոցում ընթացող կրպակաշարերի վերանորոգման աշխատանքներին: Առեւտրի կետերի արտաքին տեսքն ամբողջությամբ նույնացվել է: Մերգելյան ինստիտուտի հարակից պուրակում նկատելով որոշ թերություններ՝ Կարեն Կարապետյանը տնտեսվարողներին հանձնարարեց կատարել վարձակալության պայմանագրային պարտավորությունները՝ բարեկարգել այգու ողջ տարածքը եւ հատուկ ուշադրություն դարձնել սիզամարգերի ու ծառերի խնամքին:
Երեւանի քաղաքապետի հանձնարարությամբ մայրաքաղաքի շենքերի մաքրման եւ բարեկարգման ծրագիրը կենտրոնից կտեղափոխվի նաեւ մյուս վարչական շրջաններ: Օրինակ՝ Արաբկիրում շենքերի ճակատային մասերի լվացման եւ մաքրման աշխատանքներ են նախատեսվում Կիեւյան փողոցում: Պատկերը մտահոգիչ էր «Արաբկիր» զբոսայգում: Վարձակալությամբ տրված այգում տնտեսվարողի կողմից բարեկարգման աշխատանքներ չեն իրականացվում, եւ, Էդուարդ Մուշեղյանի խոսքով, առաջիկայում հնարավոր է, որ այստեղ դադարեցվի վարձակալության պայմանագիրը: Կիեւյան 2 եւ 4 հասցեներում գտնվող բակը Արաբկիրի օրինակելի բակերից է: Ծանոթանալով համատիրության կողմից իրականացված աշխատանքներին՝ Երեւանի քաղաքապետը խոստացավ որպես բարեխիղճ համատիրություն նրանց նվիրել խոտհնձող ժամանակակից սարքավորում: