ԱԺ պատգամավորի համոզմամբ՝ այո, անօրինական է
Վերջերս Ազգային ժողովում ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արա Նռանյանը հայտարարեց, թե ճգնաժամի տարիներին պետությունը մի շարք տնտեսվարողների նյութական, հարկերի վճարման հետաձգման արտոնություններ տրամադրելով՝ արգելված աջակցություն է ցուցաբերել:
«Այլ կերպ ասած, կառավարությունը ձեռք է բերել լծակներ՝ որոշ տնտեսվարողների աջակցելու համար, բայց մեր ուսումնասիրությունները ցույց են տվել, որ դա եղել է արգելված օժանդակություն: Կառավարությունը խաթարել է տնտեսական մրցակցությունը»,- ասել է պատգամավորը:
«Առավոտը» պարոն Նռանյանից հետաքրքրվեց, թե ի՞նչ ուսումնասիրություն են կատարել, եւ ինչպե՞ս է արտահայտվել այդ արգելված աջակցությունը:
Մեզ հետ զրույցում Ա. Նռանյանն ասաց, որ վերջին շրջանում, օգտվելով ճգնաժամի հնարավորություններից՝ կառավարությունը ԱԺ է բերել մի շարք օրենսդրական փոփոխությունների առաջարկներ, որով ստանձնել է ավելի մեծ արտոնություններ տալու լծակներ: Այսինքն՝ այսուհետեւ կառավարությունն իրավունք ունի որոշ գործողությունների կամ հարկատեսակների մասով տրամադրել ավելի մեծ արտոնություններ, քան ՀՀ օրենքը. «Հայաստանում հարկային պարտավորությունները, հարկային դրույքաչափերը, ինչպես նաեւ պարտավորությունները, պետք է տրամադրվեն բացառապես ՀՀ օրենքով: Օրինակ՝ ավելացված արժեքի մասին օրենքի համաձայն, մի շարք սարքավորումների մինչեւ 70 մլն դրամ ներկրման դեպքում ԱԱՀ-ի հարկի վճարումը հետաձգվում է մեկ տարով: Նույն օրենքով, եթե ներկրված սարքավորումները գերազանցում են 70 միլիոնը, ԱԱՀ-ն կարող է 2 տարով հետաձգվել: Կառավարությունն առաջարկեց կատարել փոփոխություն եւ դրանով իրեն լիազորություն վերապահեց 300 մլն դրամ ներդրումի դեպքում արտոնություն տալ՝ 3 եւ ավելի տարով հետաձգել ԱԱՀ-ի վճարումը: Ստացվում է, որ ՀՀ օրենքներով բոլոր գործարարները, որոնք ներկրում են 70 մլն դրամի սարքավորում՝ ստանում են հարկի վճարման 1 կամ 2 տարով արտոնություն: Իսկ նրանք, ովքեր կառավարության հետ լեզու են գտել եւ 300 միլիոնից ավելի են ներկրել՝ 3 եւ ավելի: Ընդ որում, կառավարությունն իր հայեցողությամբ է ընտրում տվյալ գործարարին: Այսինքն, կուզի՝ կտա արտոնություն, կուզի՝ չի տա»: Ըստ պարոն Նռանյանի, եթե կառավարության որոշումը չի տարածվում անխտիր բոլորի վրա, դա արդեն մրցակցության անհավասար պայմաններ է ստեղծում գործարարների համար:
Կառավարության մեկ այլ որոշումն էլ է Ա. Նռանյանը որակել հակամրցակցային. «Մի շարք ապրանքների ներմուծման դեպքում թույլատրվում է ժամանակավոր ներմուծման ձեւակերպում՝ 1 տարով: Կառավարությունն այստեղ էլ է փոփոխություն կատարել եւ իրեն իրավունք վերապահել որոշ տնտեսվարողներին ժամանակավոր ներմուծման ռեժիմի ժամկետը երկարացնել: Այս դեպքում էլ՝ ովքեր կառավարությանը դուր կգան, արտոնություն կստանան: Կառավարությունն իրեն իրավունք է վերապահել նրանց, ովքեր դիմում են իրենց, եւ գործադիրը գտնի նպատակահարմար, դրանց տալ ժամանակավոր ներմուծման ավելի երկար ժամկետ: Անհավասար միջավայր է ստեղծվել: Ակնհայտ է, նրանք, ովքեր չեն դիմել գործադիրին կամ դիմել են եւ մերժվել, գործել են օրենքի համաձայն, իսկ նրանք, ովքեր օգտվել են արտոնությունից՝ գործել են կառավարության որոշման համաձայն: Կառավարությունն իրավունք չունի հարկային արտոնություններ տալ, դա պետք է կատարվի բացառապես օրենքի համաձայն»: Ըստ պարոն Նռանյանի, եթե ճգնաժամի տարիներից այս գործընթացը աշխատեց, քանի որ խուճապային տրամադրություն էր պետությունում, ապա գոնե այսօր դա պետք է դադարեցվի, սակայն կառավարության այս գործելաոճը մինչ օրս էլ շարունակվում է. «Սկզբունքը՝ մեկին կարելի է օգտվել արտոնությունից, մյուսին՝ ոչ, անթույլատրելի է: Սա մեր ամբողջ հարկային համակարգի եւ Սահմանադրության սկզբունքների խախտում է: Մեր օրենսդրությունում ասվում է, որ հարկային արտոնությունները պետք է ՀՀ օրենքի սահմաններում կիրառվեն: Կառավարությունն իր որոշումներով չի կարող տալ ավելի լայն արտոնություններ, քան ԱԺ-ն է իր օրենքով տալիս բոլորին: Կառավարությունն իրեն ԱԺ-ից վեր է դասում»: Ըստ պարոն Նռանյանի, գուցե այդ տնտեսվարողներն իսկապես աջակցության կարիք ունեին, բայց նրանք, ովքեր չեն ստացել օգնություն, արդեն անհավասար պայմաններում են հայտնվել: Պատգամավորի խոսքերով՝ հասցեական օգնությունով եւս անհավասար պայմաններ են ստեղծվում: Այսինքն՝ օգնությունը, ըստ Նռանյանի, պետք է լինի ոլորտային: Արտոնություններ տալ այն ոլորտներին, որոնք գուցե եկամտաբեր չեն այսօր, բայց պետության զարգացման համար անհրաժեշտ եւ կարեւոր են. «Մի պահ բոլոր ներդրողները գնում էին շինարարություն, քանի որ շահութաբեր էր: Դրա փոխարեն մյուս ոլորտներն անկում ապրեցին: Ուրեմն՝ պետությունը պետք է ներդրողների համար մյուս ոլորտները շահեկան դարձնի»: Որպես օրինակ՝ պատգամավորը նշեց գյուղատնտեսությունը. «Այսօր գյուղատնտեսությամբ զբաղվելը ռիսկային է եւ ներդրումների համար ոչ նպաստավոր: Եթե դու ուզում ես զարգացնես այդ ոլորտը, ոչ թե 1-2 ձեռնարկությանը պիտի աջակցես, այլ ամբողջ ոլորտին: Եթե դու ուզում ես խթանել մթերումը, դու կարող ես հայտարարել, որ յուրաքանչյուր մթերման դեպքում կարող ես ստանալ դոտացիա: Ասենք՝ յուրաքանչյուր տոննայի դիմաց գործարարը կունենա հավելավճար՝ պետության կողմից: Եթե ապրանքը մթերի եւ ինքնարժեքն ավելի ցածր լինի, գործարարի ապրանքը մրցունակ կլինի եւ ներսի, եւ դրսի շուկաներում: Կշահեն ե՛ւ գյուղացին, ե՛ւ գործարարը, ե՛ւ պետությունը: Հնարավոր է՝ բոլորն ասեն, որ ունեն աջակցության կարիք: Բայց դա պետք է համամասնորեն քննարկվի, ընդ որում՝ ԱԺ-ում, ոչ թե կառավարությունն ինքն իրենով ընտրի գործարարներին»:
Թե որքանով է կառավարության այդ աջակցությունը նպաստավոր եղել՝ բերենք ընդամենը մեկ օրինակ: 2009 թվականին կառավարությունը որոշում կայացրեց $500 հազար վարկ տրամադրել «Նորաշեն-2007» ընկերությանը, ինչի համար պետությունը երաշխավոր է հանդիսացել: Այսինքն՝ պետությունը երաշխավորել է մի ընկերության, որն այսօր հարյուրավոր բնակիչների դժբախտության պատճառ է դարձել: Այս կոոպերատիվի տերերը, աջակցող վարկով կառուցվող շենքը դեռեւս ավարտին չհասցրած, նաեւ բնակիչներից են վերցրել բնակարանների գումարները եւ «թռել»: Նշենք, որ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը որոշել է ուսումնասիրել, թե որքանով է օրինական այս կամ այն տնտեսվարողին տրված պետական ֆինանսավորումը: