Իրավապահներն՝ ընդդեմ արդարադատության եւ արդարության
Այսօր՝ մայիսի 12-ին, լրանում է ոստիկանության բաժանմունքում ողբերգական կերպով ընդամենը 31-ամյա կյանքն ավարտած Լեւոն Գուլյանի մահվան չորս տարին:
Նա հայտնվել էր ոստիկանության բաժանմունքում՝ ընդամենը որպես վկա: Լ. Գուլյանը պատահմամբ ականատես էր դարձել սպանության, որից հետո որպես վկա հարցաքննության է տարվել ոստիկանություն: Որոշ ժամանակ հետո նրա ընտանիքին ոստիկանությունից հաղորդել են, թե Լեւոնը մահացել է՝ պատուհանից փախուստի փորձ կատարելու արդյունքում:
Այս չորս տարիների ընթացքում Լեւոն Գուլյանի մահվան առնչությամբ հարուցված քրեական գործը երեք անգամ կարճվել է՝ հանցակազմի բացակայության պատճառով:
Ամեն անգամ մեր դատական ատյանները հանգել են այն եզրակացության, որ ոստիկանությունում մահացած (կամ սպանված) երիտասարդ մարդու, երկու երեխաների հոր մահվան խիստ կասկածելի հանգամանքներում հանցակազմ չկա: Իսկ այն, թե ինչը պիտի դրդեր վկային (ոչ թե՝ կասկածյալին)՝ երրորդ հարկի պատուհանից դուրս նետվել՝ ոստիկաններից փախչելու համար, դատարանը հավանաբար հարկ չի համարում նկատել: Ընդ որում՝ Գուլյանի հարազատները առանց տատանվելու չորս տարի շարունակ պնդում են, որ Լեւոնը չի նետվել, նրան նետել են պատուհանից: Հաշվի առնելով դատաբժշկական փորձաքննության արդյունքները, համաձայն որոնց, Լեւոն Գուլյանը, մինչեւ պատուհանից նետվելը, բազմաթիվ կոտրվածքներ է ունեցել, Գուլյանի հարազատները վստահ են, որ իրենց որդին սպանվել է. «Նման կոտրվածքները նա չէր կարող ստանալ այդ բարձրությունից, որից նրան ցած են նետել: Նրան սկզբում սպանել են, ապա՝ նետել…»,- այսպես էին իրենց համոզմունքը ժամանակին ձեւակերպել Գուլյանի հարազատները:
Չբացահայտված հանգամանքներում դաժան մահվան չորսամյակի կապակցությամբ երեկ ասուլիս էր հրավիրել Լեւոն Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցիչ Հրայր Ղուկասյանը: Նա ասաց, որ մայիսի 13-ին Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանում վերսկսվելու է Գուլյանի գործի քննությունը: Նա ասաց, որ եթե այս անգամ էլ Հայաստանի դատական ատյաններում որեւէ արդյունքի չհասնեն, անպայման դիմելու են Մարդու իրավունքների միջազգային դատարան:
Ասուլիսի մեկ այլ բանախոս՝ «Քաղաքացիական հասարակության ինստիտուտի» նախագահ, իրավաբան Արման Դանիելյանի խոսքերով էլ՝ ոստիկանապետի աշխատասենյակից մի քանի մետր այն կողմ տեղի ունեցած ողբերգական մահվան գործը ոստիկանության եւ ՀՔԾ-ի համառ ջանքերի արդյունքում այդպես էլ չի բացահայտվում՝ գործն անընդհատ ձգձգվում է. «Դա հայտնի պրակտիկա է՝ գործն այնքան ձգձգել, մինչեւ մարդիկ հոգնեն եւ էլ չդիմեն: Բայց մենք հետեւողական ենք լինելու եւ գնալու ենք մինչեւ վերջ»: Վերջին անգամ 2010թ. ամռանն էր Վճռաբեկ դատարանը որոշել՝ վերսկսել այս գործի քննությունը: Այս տարվա սկզբին՝ ի կատարումն Վճռաբեկի որոշման, քննությունը վերսկսվել էր, սակայն ընդամենը երկու ամսից կրկին կարճվել: Այս միտումը, ըստ Հ. Ղուկասյանի, ոչ այլ ինչ է, քան «դեմոնստրատիվ, ցինիկ անհնազանդություն»: Ոստիկանությունը, դատախազությունը եւ ՀՔԾ-ն, ըստ Հ. Ղուկասյանի, ուղղակի ցինիկ կերպով փորձում են հանրությանը ցույց տալ, որ իրենք ինչպես որոշեն, այնպես էլ կլինի՝ հաշվի չառնելով դատարանների որոշումները. «Շեռլոկ Հոլմս լինելու կարիք չկա՝ Լեւոն Գուլյանի քրեական գործը բացահայտելու համար»,- նկատեց Գուլյանի իրավահաջորդների ներկայացուցիչը՝ մտահոգություն հայտնելով, որ ոստիկանների պահվածքում նաեւ թաքնված սպառնալիք կա եւ բացահայտ արհամարհանք՝ մեր արդարադատական համակարգի հանդեպ: «Եթե Լեւոնի գործը բացահայտվեր, գուցե թե չէր լինի Վահան Խալաֆյանի դեպքը»,- ասաց Հ. Ղուկասյանը՝ նկատի ունենալով Չարենցավանի ոստիկանական բաժանմունքում Վահան Խալաֆյանի մահը (սպանությունը):
Հարկ է նկատել, որ Գուլյանի հարազատները այսօր որոշակի աղոտ հույսեր փայփայում են՝ գործի բացահայտման հետ կապված, քանի որ վերջերս հերթով բացահայտվում են այն գործերը, որոնք ինչ-որ կերպ կապված են եղել ՀՀ ոստիկանության քրեական հետախուզության գլխավոր վարչության նախկին պետ, ներկայումս կալանավորված Հովհաննես Թամամյանի հետ, որին նույնպես Գուլյանի հարազատները մեղադրում են իրենց տղայի մահվան մեջ, եւ որը Գուլյանի մահվան օրը հարցաքննել է նրան: