Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՈՉԱՐՅԱՆԸ ՊԱՏԱՍԽԱՆԵՑ ՊԱՍԿԵՎԻՉՅԱՆԻՆ

Մայիս 12,2011 00:00

\"\"Կարծիք կա, թե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի վերջին՝ «Մարտի 1»-ի թեմայով հարցազրույցը հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի մոտիվներով էր:

ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի՝ «Մեդիամաքս» գործակալությանը տված հարցազրույցը, ինչպես դրա նախորդներն էին, կրկին դարձան հայ հանրության ու քաղաքական շրջանակների բուռն քննարկման առարկա: Քոչարյանն այս անգամ խոսել է բացառապես 2008թ. մարտի 1-2-ի դեպքերի մասին եւ դրանք ներկայացրել ու մեկնաբանել է բացառապես իր տեսանկյունից եւ ընկալմամբ:
Ոմանք հրապարակային այդ ելույթը գնահատել են որպես պատասխան ՀՀ գործող նախագահ Սերժ Սարգսյանի կողմից «Մարտի 1»-ի դեպքերի հետաքննությանը նոր թափ հաղորդելու հրահանգին՝ կարծիք հայտնելով, թե Քոչարյանը հասկացել է, որ այդ հրահանգի «ետին» նպատակը առնվազն առաջիկա ընտրությունների համատեքստում Քոչարյանի հնարավոր քաղաքական ակտիվությունը զսպելն է: Այլք կարծում են, որ Քոչարյանը մտահոգություն ունի, որ Սերժ Սարգսյանն ու ընդդիմությունը կարող են մեկտեղել իրենց գործողություններն ու շահերը եւ «Մարտի 1»-ի ողջ պատասխանատվությունը բարդել իր վրա՝ առավել եւս ԵԽ Մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմարբերգի՝ Հայաստանի վերաբերյալ հրապարակած զեկույցից հետո, որտեղ ՀՀ իշխանություններին ուղղված խիստ քննադատություն կար ու խոսվում էր «Մարտի» 1-ի տասը սպանությունների բացահայտման անհրաժեշտության մասին, նաեւ շեշտվում էր, թե «մինչ օրս այդ իրադարձությունների պատասխանատուները բացահայտված չեն, ոստիկանության եւ անվտանգության ծառայությունների բարձրաստիճան պաշտոնյաների արձակած հրամանների համար կրած պատասխանատվությունը լրջորեն չի քննարկվել»:
Կա նաեւ մի երրորդ կարծիք: Դրա մասին բարձրաձայնեց «Մարտի 1»-ի դեպքերն ուսումնասիրող՝ նախկինում գործող «Փորձագետների փաստահավաք խմբի» ընդդիմադիր անդամ Անդրանիկ Քոչարյանը: Նրա համոզմամբ, Քոչարյանի հարցազրույցը պատասխան էր գրող եւ հրապարակախոս Տիգրան Պասկեւիչյանի հեղինակած «Հայաստանի կորսված գարունը» ֆիլմի, որի ցուցադրությունը վերջերս է տեղի ունեցել, եւ որը խտասկավառակների տեսքով ուղարկվել էր ՀՀ պատկան պաշտոնյաներին, այդ թվում՝ նաեւ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Անդրանիկ Քոչարյանի կարծիքով, հենց դրա մասին է վկայում այն փաստը, որ նախկին նախագահ Քոչարյանն իր հարցազրույցում հիշեցրել է Երեւանում արտակարգ դրություն մտցնելու «հրամայականի», այդ հրամանագրի՝ ՀՀ Սահմանադրությանը «համաձայն եւ ճիշտ ըստ նախատեսված ընթացակարգի» լինելիության մասին: Սրանք պատասխանն են այն հարցադրումների, որոնք բխում են ոչ թե Սերժ Սարգսյանի հանձնարարականից կամ Համմարբերգի զեկույցից, այլ հենց Պասկեւիչյանի ֆիլմում եղած փաստագրումներից, որոնց առանցքը հենց արտակարգ դրություն հայտարարելու եւ դրա քողի տակ Զինված ուժերը ցուցարարներին ճնշելու նպատակով ներգրավելու սահմանադրական նորմի ակնհայտ խախտումն է:
Տիգրան Պասկեւիչյանը երեկ, «Առավոտի» հարցին ի պատասխան՝ Անդրանիկ Քոչարյանի այս կարծիքը չբացառեց, բայցեւ չպնդեց. «Ես կարող եմ միայն ասել, որ ֆիլմն այսօր շրջանառության մեջ դրված մի փաստ է, որը կարող է քաղաքական գործիչների վարքի, հայտարարությունների եւ այլ բաների վրա որոշակի ազդեցություն ունենալ»:
Նախկին նախագահի հարցազրույցի եւ վերոհիշյալ հարցադրումների շուրջ ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի հետ էլ երեկ զրուցել է «Ազատություն» ռ/կ-ն: Հ. Մարգարյանը չի բացառել, որ ՀՀ երկրորդ նախագահ Քոչարյանը քաղաքական ակտիվություն ցուցաբերի 2013թ. նախագահական ընտրություններին, բայցեւ կարծիք է հայտնել, որ այն դրդապատճառը, որը կակտիվացնի Քոչարյանին, պետք է շատ լուրջ լինի: «Չեմ կարծում, որ Ռ. Քոչարյանն ուզում է վերադառնալ, եւ իրեն թույլ չեն տալիս: Նա այդ տեսակը չէ, որ թույլտվության սպասի: Գուցե նպատակահարմարության խնդիր ինքն իր վրա դնում է, թե՝ նպատակահարմա՞ր է այսօր իր վերադարձը, ո՞ւմ օգտակար կլինի, ո՞ւմ կվնասի եւ հաջողության հասնելու ինչքա՞ն հնարավորություն ունի: Գուցե այս հաշվարկումները իր մոտ կան, բայց որ մեկից վախենա, կամ որ մեկից թույլտվություն սպասի, կարծում եմ՝ չկա»,- ասել է Մարգարյանը՝ ենթադրելով, որ Քոչարյանը, գուցեեւ, քաղաքականություն վերադառնա միայն 2012թ. խորհրդարանական ընտրություններից հետո:
Հարցին, թե արդյոք Քոչարյանը հնարավորություն կունենա՞ կրկին նախագահի պաշտոնին հավակնելու, Մարգարյանը պատասխանել է. «Ինձ թվում է, որ Հայաստանում շանսերը չեն, որ դերակատար են, առայժմ դա այդպես չէ»:
Անդրադառնալով մարտիմեկյան դեպքերին՝ ՀՅԴ գործիչը համոզմունք է հայտնել, թե ամենավատն այն է, երբ այդ իրադարձությունները ոչ թե քննության նյութ են դառնում, այլ օգտագործվում՝ իբրեւ պատրվակ, միջոց Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վրեժ լուծելու կամ նրան վարկաբեկելու համար: «Չի կարելի ասել, որ մարտի 1-ի մեջ միայն իշխանությունն է մեղավոր, իսկ այս երկրում միայն դրա մասին է խոսվում: Ոչ ոք չի խոսում, թե ընդդիմությունը իր պահվածքով ինչ մեղավորություն ունի, որ ընդդիմության այդ օրվա ղեկավարությունը դա կանխելու կամ հրահրելու հարցում ինչ արեց: Սա մի փոքր անարդար մոտեցում է, որը ցույց է տալիս, որ «Մարտի 1»-ի դեպքերը ըստ էության չէ, որ կարեւոր են, այլ «Մարտի 1»-ը քաղաքականացվում է եւ քաղաքական հաշվեհարդար տեսնելու առումով է օգտագործվում»,- հայտարարել է Հ. Մարգարյանը:
Այսուհանդերձ, թերեւս, հենց Ռոբերտ Քոչարյանի հիշյալ հարցազրույցն ու նաեւ գործող նախագահ Սերժ Սարգսյանի հայտնի հանձնարարականը «Մարտի 1»-ի լիարժեք բացահայտումը պահանջող Հայ ազգային կոնգրեսի պատասխանատուների համար նոր խթան են դարձել ՀՀ իշխանություններին կրկին կոչ անելու՝ Սահմանադրական դատարանում վիճարկել 2008թ. մարտի 1-ին ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի ստորագրած «Արտակարգ դրություն հայտարարելու մասին» հրամանագիրը եւ «Մարտի 1»-ի բացահայտումը հենց դրանից սկսել: Երեկ «Ազատություն» ռ/կ-ի հետ զրույցում ՀԱԿ-ի Իրավական աջակցության կենտրոնի ղեկավար, Գլխավոր դատախազի նախկին տեղակալ Գագիկ Ջհանգիրյանը կարծիք է հայտնել, թե իշխանությունները պետք է գնան այդ քայլին, եթե լրջորեն ձգտում են բացահայտել կատարվածը. «Ես վստահեցնում եմ, որ այդ հրամանագիրը խոցելի է: Այդ հրամանագրի հակասահմանադրականությունը այնքան ցցուն է…»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել