Երեկ Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում Մխիթար Պապոյանի նախագահությամբ շարունակվեց «Կինո Մոսկվայի» գողության գործով վկաների հարցաքննությունը: Մինչ այդ դատարան բերվեցին գողության մեջ մեղադրվող Ստեփան Հովակիմյանն ու նրա ընկերը՝ Վահրամ Քերոբյանը:
Երեկ ներկայացել էին վկաներ, ոստիկանության Կենտրոնի քրեական-հետախուզության բաժնի օպերլիազոր Սերգեյ Բեգլարյանը, գանձապահ Եվգենյա Հարությունովան, Գոհար Մանուկյանն ու վաճառողուհի Մարինե Եղիազարյանը:
Նախ, օպերլիազորը «խաբար տալու պես» հայտնեց, որ երբ դեպքի վայր էին փորձել Ստեփանին ուղեկցել, լսել է, թե ինչպես է Ստեփանն իր հորը ասում. «ատկազով եմ գնում, Վահրամին ասեք՝ պինդ մնա»:
Ստեփանի պաշտպանի հարցերից պարզ դարձավ, որ երբ Ստեփանի նկատմամբ կալանք ընտրելու հարցն է լսվել, մոտ 2 ժամ նա անցկացրել է դատարանում, շփվել հոր հետ եւ կարող էր այդ նույնը ասել այն ժամանակ:
Դրանով ավարտվեց այս ոստիկանի հարցաքննությունը:
«Կինո Մոսկվայում» որպես վաճառող աշխատող Մարինե Եղիազարյանը նկարագրեց գողության օրը՝ անցյալ տարվա հունվարի 11-ը: Վկան ասաց, որ եկել է աշխատանքի, փորձել է բացել չհրկիզվող պահարանը, պարզվել է, որ բանալին չկա: Բանալին դրվում էր համակարգչային ստեղնաշարի վրա: Այդ մասին ասել է աշխատակիցներին: Ու երբ աշխատակիցներից մեկի մոտից վերցրել են բանալին, բացել չհրկիզվող պահարանը, պարզել են, որ այնտեղից անհետացել է 5 միլիոնից ավելի գումար:
Տեղեկացրել են տնօրինությանը. «նրանք էլ, հավանաբար՝ ոստիկանությանը»: Տնօրենի աշխատասենյակ են կանչել իրենց, նայել են տեսագրությունը ու վկան տեսանյութում ճանաչել է (քայլվածքից ու կառուցվածքից), որ նա նման է Ստեփանի ընկերոջը՝ Մհերին: Այս վկան ճանաչում էր Ստեփանին, քանի որ նրա մտերմուհին՝ Գոհարը, աշխատում էր իրենց հետ:
Պաշտպանական կողմը ասաց, որ նախորդ ցուցմունքում այս վկան ասել է, որ ոստիկանության բաժին են տարել Գոհարին ու Ստեփանին, մինչդեռ դատարանում ասաց, թե ոստիկանների չի տեսել: Դատարանում հրապարակվեց վկայի ցուցմունքը, եւ էական հակասություն չնկատվեց:
Եվգենյա Հարությունովան հայերեն վատ իմացության պատճառով նախ հայտնեց, թե «ատելանք», ապա՝ թշնամություն ունի Ստեփանի նկատմամբ: Երբ ճշտվեց բառերի «իմաստը», պարզվեց, որ հակակրանք է ունեցել, քանի որ հսկիչ աշխատած ժամանակ Ստեփանին ներս չի թողել դահլիճ:
Նա ասաց, որ Մարինեն դեպքի օրը զանգել է եւ հայտնել իրեն, որ բանալին չկա: Հետո, ինչպես մյուսները, դիտել է կինոթատրոնի տեսագրությունը, նա է ասել, որ Ստեփանին նման է, քանի որ Ստեփանի կոշիկները սրածայր էին: Այսինքն՝ այս վկան ճանաչել էր Ստեփանին՝ կոշիկների սրությամբ:
Ստեփանի մտերմուհին՝ Գոհարը, մի ուշագրավ ցուցմունք տվեց, որը վերաբերում էր իրեն ոստիկանության բաժին տանելուն: Չի իմացել, թե ոստիկանության ո՞ր բաժին են իրեն տարել, այդտեղ ոստիկաննե՞ր են եղել, թե՞ «գրաժդանսկի» հագնված այլ քաղաքացիներ, չգիտեր, թե ո՞ր փողոցի ո՞ր տարածքում է գտնվել այն տեղը, ուր իրեն մեքենայով տեղափոխել են «Կինո Մոսկվայից»: Ասել են՝ հետեւիր ու նա հետեւել է տղաներին:
Այնտեղ իր հետ կոպիտ են խոսել, սպառնացել են հեռախոսը գլխովը տալ, վերցրել են մատնահետքեր, ու ասել, որ Ստեփանն ու աղջիկներն իր դեմ ցուցմունք են տվել: Երբ վերջապես դուրս է եկել փողոց, չի կողմնորոշվել: Հետո իր հարեւան Հարութը, որը ոստիկան է եւ մականունն էլ «Մոսո», իրեն տուն է տարել:
Երբ տեսանյութում կասկածն ընկել է Գոհարի մտերիմ Ստեփանի վրա, Գոհարը զանգել է նրան ու հայտնել: Քիչ հետո Ստեփանը եկել է կինոթատրոն: