Լրահոս
Օրվա լրահոսը

ՏԱՐԵՑ ՄԱՐԴԻԿ ՈՉ ՈՔԻ ՊԵՏՔ ՉԵՆ

Մայիս 12,2011 00:00

Կենսաթոշակառու եմ, մանկավարժական աշխատանքի 64 տարվա՝ ուսուցչի ու դպրոցի տնօրենի ստաժով: Դպրոցում դասավանդել եմ ֆիզիկա ու մաթեմատիկա: Ուրախալի է ինձ համար, որ իմ շրջանավարտների շարքերում այսօր կան նախարար ու ամբիոնի վարիչ, դասախոս ու ԱԺ պատգամավոր, նշանավոր բժիշկներ ու ուսուցիչներ: Սակայն ներկա պայմաններում կարծես թե ամեն ինչ վերջացած է, քանի որ գնալով մեծանում ենք, եւ մեր նման թոշակառուների, տարեց մարդկանց վրա այլեւս ուշադրություն դարձնող չկա: Մաստարայի միջնակարգ դպրոցի մանկավարժական խորհուրդը որոշում ընդունեց արժեւորել իմ մանկավարժական ու հասարակական բարձր վարկանիշով աշխատանքը, սակայն Արագածոտնի մարզպետարանը, ՀՀ ԿԳ նախարարությունը մերժեցին, եղան ոչ հետեւողական, պատճառաբանելով, որ վաստակավորի կոչում տալիս են գործող, երիտասարդ ուսուցչին:
Մի՞թե այդքան շուտ մոռացվեց  իմ երախտիքը, չէ՞ որ ես էլ ժամանակին երիտասարդ էի ու գործունյա:
Առողջական վիճակս վատացավ, բժիշկները խորհուրդ տվեցին, որ առողջարանային բուժում ստանամ: Դիմեցի Արագածոտնի մարզպետարան՝ ուղեգիր ստանալու: Մարզպետը հարց տվեց՝ հաշմանդամության կարգ ունե՞ք, ասացի՝ ոչ, «Փարոսից» օգտվո՞ւմ եք, դարձյալ պատասխանեցի՝ ոչ, հետեւաբար առողջարանի ուղեգիր ինձ չի հասնում:
Դիմեցի Թալինի բուժմիավորման տնօրինությանը, նրանք ինձ մանրամասն քննության ներկայացրին, պարզվեց, որ ունեմ սրտի եւ աղեստամոքսային խնդիրներ, ոտքերս ահավոր ուռչել են եւ այլն: Հանձնաժողովը գտավ, որ պետք է տալ հաշմանդամության կարգ: Սակայն վերադաս հանձնաժողովը մերժում է: Նրանց կարծիքով, մեծ մարդ եմ եւ այլեւս պիտանի չեմ: Ճիշտ է, թոշակառու եմ, բայց դեռեւս պիտանի եմ աշակերտների, գյուղի հասարակության համար: 80 տարին անց մարդ եմ, արդեն 2 գրքերի հեղինակ եմ: Անհրաժեշտ է, որպեսզի մեր վերադաս մարմինները նորից կարդան ՀՀ սահմանադրության 48 (12) կետը եւ չմոռանան նրա պահանջը՝ ապահովել տարեց մարդկանց արժանապատիվ կենսամակարդակը:

ԶԱՎԵՆ ՎԱՐԴԱՆՅԱՆ
վաստակաշատ ուսուցիչ
Արագածոտնի մարզի Մաստարա գյուղի
վետերանների միության նախագահ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել