Վերնիսաժի ձեռագործ իրերի առեւտրականներին տնօրինությունը զրկել է միակ եկամտի աղբյուրից ու մտադիր չէ նոր տարածք հատկացնել:
ՄԻ խումբ առեւտրականներ, որոնք տարիներ ի վեր Վերնիսաժի տարածքում առեւտուր են իրականացրել եւ դրա համար գումարներ մուծել տարածքի տիրոջը, մոտ երկու շաբաթ է՝ անգործ են: Նրանք մտավախություն ունեն, որ այդպես էլ անգործ կմնան:
«Մի մետր տարածքն ի՞նչ է, դրանից էլ են զրկում մեզ: Այս երկրում մի կտոր տեղ չկա, որ մեզ տան: Ի՞նչ անենք, գնանք՝ մեռնենք, իշխանություններն էլ ուրախանան, որ մեզանից պրծան»,-երեկ մեզ հետ զրույցում այսպես արտահայտվեցին Երեւանի քաղաքապետարանի մոտ բողոքի ցույցի դուրս եկած Վերնիսաժի առեւտրականները: Նշենք, որ քաղաքապետարանի պահանջով վերջերս Վերնիսաժի տնօրինությունը սկսել է տարածքը բարեկարգել ու այդ պատրվակով որոշ առեւտրականների պարզապես դուրս է թողել եւ հույս էլ չկա, որ հիմնական տարածքից նրանց տեղ կտան: Մոտ 2 շաբաթ է՝ ձեռագործ աշխատանքներ վաճառողները ստիպված են մայթերին կազմակերպել իրենց առեւտուրը: Բացի այս, նրանց նաեւ արգելվել է իրենց աշխատանքները ցուցադրաբար ներկայացնել եւ ծածկ քաշել: Ցուցարարների խոսքերով՝ «Մենք հիմնականում ասեղնագործ սփռոցներ, կարպետներ եւ հելունագործություններ ենք վաճառում: Իսկ այդ ապրանքները եթե փակ վիճակում դնենք, ոչ մի գնորդի չի հետաքրքրի: Պետք է անպայման բացած կախենք, որպեսզի աչքի ընկնի ու հաճախորդը մոտենա: Հիմա արգելում են բացած վաճառք կատարել: Ամիսներով ձեռագործ աշխատանք ենք անում, որ բերենք քարերի՞ն փռենք»:
Մեկ այլ առեւտրականի խոսքերով էլ՝ այս որոշման պատճառով արդեն տեւական ժամանակ առեւտուրը կանգ է առել: Իսկ դա նրա ընտանիքի միակ եկամտի աղբյուրն է. «Տանը անաշխատունակ հաշմանդամ ունեմ, ամիսը ընդամենը 19 հազար դրամ է ստանում, դեղերն էլ, որ պետք է պետպատվերով ստանանք, 4 ամիս է՝ չեն տալիս, ստիպված դեղատնից ենք գնում: Հիմա էլ մեր աշխատանքը սահմանափակել են ու մի կոպեկ չենք կարողանում աշխատել»: Մարգո Ավետյանի ներկայացմամբ՝ «60 տարեկան եմ, ո՛չ թոշակիս տարիքն է, ո՛չ այլ տեղ աշխատանքի են վերցնում՝ տարիքիս պատճառով: Միակ հույսս Վերնիսաժն է, որտեղ իմ ձեռագործ սփռոցներն եմ վաճառում, բայց դրանից էլ զրկեցին»:
Առեւտրականների խոսքերով՝ քաղաքապետ Կարեն Կարապետյանն այցելելով տարածք՝ մի բան է ասել, իսկ նրանից հետո տնօրինությունն այլ բան է հայտարարել: «Սկզբում ասացին՝ տեղի թանկացում չի լինելու: Առաջ ամեն շաբաթ 1000 դրամ էինք վճարում, իսկ հիմա արդեն 2 շաբաթ է՝ 3000 դրամ են պահանջում»,- դժգոհեցին գեղանկարներ, քանդակներ եւ հուշանվերներ վաճառողները, որոնք եւս հենց իրենց ձեռքի աշխատանքն են վաճառում: Նրանց պատմելով՝ սեփական ծախսերով անձրեւի ժամանակ պաստառ են քաշել, որպեսզի նկարներն ու մյուս աշխատանքները չվնասվեն, սակայն Վերնիսաժի տնօրեն Հարություն Նավասարդյանը եկել է եւ դանակով անձամբ սկսել է պատռել պաստառները: Տնօրինությունը համարելով այդ պաստառներն անճաշակություն եւ փնթիություն կամ պալատկա, որոշել է սեփական դիզայնը ներմուծել. պաստառների փոխարեն պարտադրել է «Պեպսիի» եւ «Կոկա-կոլայի» անձրեւանոցներ տեղադրել:
Նշենք, որ Վերնիսաժի տարածքում գտնվող շատրվանները այս օրերին ապամոնտաժվում են, ինչը ենթադրում է լրացուցիչ տեղեր, ուստի տնօրինությունը, մեծ ցանկության դեպքում, կարող է նրանց համար տեղ բացել:
Երեկ ցուցարարների հետ հանդիպել է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Գագիկ Գյանջումյանը, որը խոստացել է խնդրին լուծում տալ՝ հաշվի առնելով բոլորի իրավունքները: