Լրահոս
Օրվա լրահոսը

ՇԻՐԱԿԻ ԳՅՈՒՂԵՐԸ ՈՉՆՉԱՆՈՒՄ ԵՆ

Մայիս 12,2011 00:00

Չնայած դրան, կառավարությունը պաշտոնապես աղքատ է ճանաչել մարզի ընդամենը 15 համայնք

Շիրակի մարզի գյուղերի մեծ մասը, հատկապես հեռավոր Աշոցքի ու Ամասիայի համայնքները, արագ տեմպերով դատարկվում են, կան գյուղեր, որտեղ տղամարդ գրեթե չի մնացել, դրա վառ ապացույցն այն է, որ 2-3 տարի է՝ անգամ 1 երեխա չի ծնվել: Ինչպես կատակում են շիրակցիները, այս մարզում ապրելու համար կառավարությունը պետք է բնակիչներին դոտացիա տա: Ու չնայած այստեղ տարին տասներկու ամիս ձմեռ է, ապրելը՝ դժվար, ծախսատար, այդուհանդերձ, կառավարությունը մարզի 119 համայնքներից աղքատ է ճանաչել ընդամենը 15-ը, որն էլ հարուցել է թե՛ բնակիչների եւ թե՛ Շիրակի մարզպետարանի պաշտոնյաների զայրույթը: Համեմատության համար նշենք, որ բնակլիմայական պայմաններով ու նյութապես շատ ավելի բարվոք վիճակում գտնվող Արագածոտնի մարզում կառավարության որոշմամբ աղքատ է ճանաչվել 41 համայնք: Այստեղի բնակիչները գարունը բացվելուն պես կարող են իրենց գլխի ճարը տեսնել, ցանել, եկամուտ ստանալ, իսկ Շիրակի մարզում այս օրերին նույնիսկ ձմեռ է, օրինակ՝ Հառիճում այս պահին ձյուն է նստած, ու այստեղի բնակիչները ինքնըստինքյան հայտնվում են ոչ թե արտադրողի, այլ սպառողի կարգավիճակում: Իսկ կառավարության աղքատության ցուցակում հայտնվել՝ նշանակում է օգտվել բազմաթիվ արտոնություններից, օրինակ՝ օգնության սերմացու ստանալ կամ վաղը մյուս օրը ձրի հակակարկտային կայան, չի բացառվում, որ ավելանա նաեւ տվյալ համայնքին հատկացվող դոտացիան: Ինչո՞ւ է կառավարությունը այդքան «չկամ» գտնվել Շիրակի մարզի հանդեպ, մի՞թե հյուսիսային անհրապույր այս տեղանքում ընդամենը 15 գյուղ է աղքատ: Նշենք, որ մյուս մարզերում, օրինակ՝ Գեղարքունիքում, Սյունիքում, Լոռիում, Տավուշում բավականին մեծ թվով համայնքներ են պատրաստվում օգտվել կառավարական արտոնություններից, Լոռիում 30 համայնք է աղքատ ճանաչվել, Սյունիքում՝ 42, Գեղարքունիքում՝ 24: Ի՞նչ ուսումնասիրության հիման վրա է կառավարությունը այդպես անարդար որոշում կայացրել Շիրակի մարզի հանդեպ եւ մի՞թե Շիրակի մարզպետարանի տարածքային վարչությունը համաձայն է այդ որոշման հետ: Շիրակի մարզպետարանի տարածքային վարչության պետ Կարլեն Աբրահամյանը այսպես պարզաբանեց. «Մենք կառավարության որոշումները կատարում ենք, ոչ թե համաձայնվում կամ չենք համաձայնվում: Ուղղակի մենք կցանկանայինք, որ մեր մարզում ոչ թե 15-ը, այլ ավելի շատ լիներ աղքատ, չքավոր ճանաչված համայնքների թիվը: Շիրակի մարզն իր շատ առանձնահատկություններով տարբերվում է հանրապետության մյուս մարզերից եւ իր բարձր դիրքով ու չորային կլիմայով, եւ հաճախակի կրկնվող երաշտներով, կարկտահարությամբ, դրան գումարած՝ նաեւ աղետի գոտի է: Եթե էդ գործոնները հաշվի ենք առնում, ապա ավելի շատ պետք է լինեին նման կարգի համայնքները: Մենք առաջարկություն ենք արել փոփոխություններ մտցնելու, եւ կուզենայինք, որ իրենց տված ցուցակում գումարվեր գոնե առնվազն եւս 15 համայնք, որոնք իրոք չքավոր են, հողազուրկ, դուրս են մնացել ոռոգման համակարգից եւ անընդհատ կարկտահարվում են, կան համայնքներ, որտեղ կա բնակարանի խնդիր: Ես չեմ ասում, թե մնացած մարզերում իդեալական վիճակ է, մերձարեւադարձային կլիմա է, նարինջ է աճում, բայց մեր մարզի չափ կարկտահարություն, երաշտ, երկրաշարժի հետեւանքներ, երկարատեւ ցրտաշունչ ձմեռ մյուս մարզերը չունեն»: Մարզպետարանի պաշտոնյայի ասելով, կառավարության նման որոշման համար հիմք են ծառայել մի շարք, այդ թվում՝ հանրապետությունում գործող միջազգային կազմակերպությունների ուսումնասիրության արդյունքները, որոնք միգուցե եւ հնացած են: «Դե, բնականաբար, էդ ուսումնասիրության արդյունքներից որոշ բաներ կամ վրիպել, կամ էլ դուրս են մնացել, օրինակ՝ կոնկրետ առաջարկել ենք Պեմզաշեն համայնքը ընդունել որպես նման կարգի համայնք, ցուցակում չկար, առաջարկելն ու ընդունելը մեկ եղավ: Տեսել են, որ համապատասխանում է աղքատության չափորոշիչներին, տեսել են, որ Պեմզաշենը իրոք հողազուրկ է, նախկինում բանվորական ավան է եղել, հիմա գործարաններ չկան, գյուղացին էլ գյուղում ապրում է, բայց մշակելու հող չունի, այնտեղ կա նաեւ բնակարանի խնդիր, գործազրկության մեծ տոկոս: Առաջարկել ենք եւս 18 համայնք, որ գումարվի սրանց, հույս ունենք, որ պիտի վերանայվի, օրինակ՝ Արթիկի տարածաշրջանի Փոքր Մանթաշը, որը բացարձակապես հողազուրկ է, Անի Պեմզան, «Անի» կայարանը, «Ջաջուռ» կայարանը աղքատից էլ աղքատ համայնքներն են, սրանք եւս հող չունեն»,- ակնարկեց Կարլեն Աբրահամյանը:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել