ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը երեկ ընդունել է Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների եւ իրավական բարեփոխումների վարչության պետ Հանա Ջունքերին, Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին: Ըստ ՀՀ գլխավոր դատախազության հասարակայնության հետ կապերի վարչության, Ա. Հովսեփյանը տիկին Հ. Ջունքերին հանգամանորեն ներկայացրել է ձերբակալման պահից մինչեւ դատական վախճանն ընկած դատավարական ընթացքում գործող օրենսդրական մեխանիզմները, գործող կարգը, որը կոչված է հնարավորինս ապահովելու անազատության մեջ գտնվող մարդու, քաղաքացու իրավունքները: ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ ցուցում է տրված բոլոր դատախազներին, որ դատարաններում, դատաքննության ժամանակ, ամբաստանյալի կողմից իր նկատմամբ կիրառված բռնության, խոշտանգման դեպքերով հնչած յուրաքանչյուր հայտարարություն դարձնեն քննության առարկա: Ա. Հովսեփյանը մասնավորապես շեշտել է, որ նախորդ տարիների համեմատությամբ, այժմ բավականին շատ են դեպքերը, երբ խոշտանգումների կամ վատ վերաբերմունքի մեղադրանքներով դատապարտվել են իրավապահ համակարգի աշխատակիցներ. «Եղել են դեպքեր, երբ գործեր են հարուցվել քաղաքացիների նկատմամբ` ոստիկանության աշխատակիցներին, նկատմամբ բռնություն գործածելու դեպքերով, սակայն իմ ցուցումով, երբ այդ գործերի նախաքննությունը իրականացրել է Հատուկ քննչական ծառայությունը, պարզվել է ուղիղ հակառակ իրավիճակը: Ոստիկանները իրենք են բռնություն գործադրել քաղաքացիների նկատմամբ, եւ որպեսզի կոծկեն իրենց ապօրինությունները, գործ են հարուցել քաղաքացիների նկատմամբ: Միայն 2 այդպիսի քրեական գործով 6 ոստիկան է դատապարտվել»: