Ռուսաստանում լույս տեսնող «Երկրամաս» թերթը տեղեկացնում է, որ ղրղըզստանցի համշենահայերը մտադիր են բնակություն հաստատել Լեռնային Ղարաբաղում։ Ղրղըզստանի համշենահայ համայնքի ղեկավար Ռուսլան Կարաբաջակովն ասել է, որ համշենահայերին ԼՂՀ տեղափոխելու ծրագրի մշակման նպատակով այցելել է Հայաստան, հետո մեկնելու է Ղարաբաղ՝ համշենահայ 200 ընտանիքի բնակության համար առավել հարմար վայր ընտրելու համար: «Մեր տեղն այստեղ՝ Հայաստանում է։ Մեր ճակատագիրն այնպես է դասավորվել, որ ավելի քան 250 տարի տեղից տեղ ենք տեղափոխվել՝ Աջարիա, Միջին Ասիա։ Այժմ վերջապես որոշել ենք ապաստան գտնել մեր հարազատ հողում»,- ասել է նա։ Ենթադրաբար համշենահայերը կտեղավորվեն ԼՂՀ Մարտակերտի շրջանում։
Ծրագիրը կֆինանսավորվի այնքան ժամանակ, մինչեւ համշենահայերը ոտքի կանգնեն։ Նախագծով հետաքրքրված են նաեւ Մոսկվայի «Համշեն» հայրենակցական միության անդամները, ովքեր հնարավորության սահմաններում կօգնեն նրանց։