Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչապետն էլ փաստեց՝ արտահերթ չի լինելու

Մայիս 12,2011 00:00

Իսկ իշխանությունների հրաժարականը պահանջելը,  ըստ նրա, նորմալ երեւույթ է

«Մենք շատ հարգալից վերաբերմունք ենք դրսեւորում ընդդիմության ցանկացած առաջարկի, հայտարարության վերաբերյալ, որովհետեւ դա իրենց իրավունքն է, եւ դա իրենք իրականացնում են քաղաքական պայքարի կանոնների ներքո: Ես արտահերթ խորհրդարանական եւ նախագահական ընտրություններն իրատեսական չեմ համարում, եւ իշխանությունները չեն պատրաստվում արտահերթ ընտրությունների, որովհետեւ դրա համար չկան հիմքեր»,- երեկ խորհրդարանում ի պատասխան լրագրողների հարցերի՝ ասել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը: Ի դեպ, նախորդ օրն իր հայտնի հարցազրույցում ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ասել էր, որ իր նախագահության շրջանը խիստ առանձնանում է մարդկանց կյանքի որակի դրական փոփոխություններով, եւ, ըստ ամենայնի, որոշ քաղաքական գործիչներ այդ հանգամանքի պատճառով կորցրել են քունը: 7or.am-ի փոխանցմամբ՝ լրագրողների խնդրանքին՝ մեկնաբանել Ռոբերտ Քոչարյանի դիտարկումը, Տիգրան Սարգսյանը հրաժարվել է ինչպես այս, այնպես էլ այդ հարցազրույցում հնչած մյուս մտքերը մեկնաբանելուց. «Ես կարծում եմ, որ դուք երկրորդ նախագահի հայտարարությունը յուրովի եք մեկնաբանում: Դրա համար ես ձեռնպահ կմնամ մեկնաբանություններից»: Քանի որ Հայ ազգային կոնգրեսի պահանջներից մեկն էլ վերաբերում էր Տիգրան Սարգսյանին պաշտոնանկ անելուն, լրագրողներից մեկը հետաքրքրվել է՝ արդյոք մտավախություն չունի՞, որ երկխոսության արդյունքում Սերժ Սարգսյանն իրեն պաշտոնանկ կանի: «Բայց դուք աշխարհում գիտե՞ք մի ընդդիմություն, որը չպահանջի իշխանությունների հրաժարականը ու չձգտի դրան: Դրան նորմալ եմ վերաբերվում: Համարում եմ, որ դա շատ դրական է… Շատ դրական է, որ ընդդիմությունն այդ հնարավորությունն ունի այսօր` ազատորեն իր կարծիքը հայտնել, եւ դուք էլ հնարավորություն ունեք ԶԼՄ-ների շնորհիվ ընդդիմության այդ ձայնը հասցնել մեր քաղաքացիներին: Դա շատ նորմալ եմ համարում եւ հորդորում եմ ձեզ հանգիստ ընդունել նման գաղափարները, որովհետեւ դրանք քաղաքակիրթ երկրներին բնորոշ պայքարի ձեւ են»,- ըստ lragir.am-ի՝ նշել է նա:
Անդրադառնալով գազի գնի հնարավոր թանկացումներին էլ՝ վարչապետն ասել է. «Մեր երկրի նախագահը քաղաքական հայտարարություն է արել, եւ մտահոգվելու կարիք չկա այդ կապակցությամբ՝ գազի գինն այս տարի չի թանկանալու, ավելին՝ անապահով խավի համար մենք 32 դրամով նվազեցրել ենք գազի գինը, եւ այս քաղաքականությունը փոփոխման ենթակա չէ»:
Ինչ վերաբերում է ներմուծվող գազի գնի թանկացմանը, վարչապետը ասել է, որ բանակցությունները կավարտվեն՝ պարզ կլինի: Իսկ թե երբ կավարտվեն բանակցությունները, Տիգրան Սարգսյանն ասել է, որ այս պահին ասել չի կարող:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել