Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ՆԻԿՈԼԸ ԿԱԼԱՆԱՎԱՅՐՈՒՄ Է՝ ՔՈՉԱՐՅԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ»

Մայիս 12,2011 00:00

\"\"Վստահ է ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպան՝ Ռոբերտ Քոչարյանի հետմարտիմեկյան եւ վերջին հարցազրույցների համեմատության արդյունքում:

«Քոչարյանն ահաբեկված է իր ապագայով: Դե գիտեք, Հյուսիսային Աֆրիկայում հերթով բռնապետներ են դատարանի առջեւ կանգնում, եւ մարտի մեկի մասին վերջին թարմացված գործընթացները, խոսակցությունները, Սերժ Սարգսյանի կողմից իջեցված հրահանգները եւ եվրոպական կառույցների պահանջն իրոք ահաբեկել են Քոչարյանին: Նա անցել է ակտիվ պաշտպանության: Բայց նրա ակտիվ պաշտպանությունը շատ խոցելի է, քանի որ իր հարցազրույցով հենց ինքն է պարզաբանում, թե իրականում ինչ է կատարվել մարտի 1-ին, քաղաքի կենտրոնում՝ այդպիսով ապացուցելով նախկինում մեր կողմից բոլոր ասվածները»,- Ռոբերտ Քոչարյանի՝ մարտիմեկյան թեմայով անակնկալ հարցազրույցի մասին երեկ «Առավոտին» իր տեսակետը փոխանցեց ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպա Գուրգեն Եղիազարյանը: Իսկ թե որոնք են նշված ապացույցները, մեր զրուցակիցը ուշադրություն է հրավիրում այն փաստին, որ Քոչարյանը ոչ մի կերպ չի ցանկանում խոսել երկրի գլխավոր օրենքը՝ Սահմանադրությունը խախտելու մասին: Մինչդեռ. «Մարտի 1-ն ի սկզբանե սկսվեց նրանով, որ Քոչարյանը խախտեց Սահմանադրությունը եւ զորքերը մտցրեց Երեւան: Սպանությունները անհրաժեշտ էին, որպեսզի, իր կարծիքով, կարողանար օրենքը շրջանցել եւ զորքը մտցնել»: Ուշադրություն հրավիրելով հարցազրույցում արտահայտված մտքին, թե՝ ոչ մի երկրի նախագահ, այդ թվում նաեւ ինքը, «անձամբ չի ղեկավարում փողոցներում կարգուկանոնի վերականգնման գործընթացը», «չի կանոնակարգում հատուկ միջոցների օգտագործումը», եւ «մարտական զենքերով մարդկանց վրա կրակելու հրաման ոչ ոք չի տվել», ԱԱԾ նախկին բարձրաստիճան սպան նկատում է. «Եթե զորքը չմտցվեր մայրաքաղաք եւ կարգուկանոնի հաստատումը, ինչը ոստիկանության սրբության սրբոցն է, մնար ոստիկանության վրա, այդ ժամանակ մեր հարցադրումները, պահանջները, ինչպես նաեւ հետագայում նախաքննությունը քիչ գործ կունենար անելու: Ուղիղ եւ նպատակային կզբաղվեր ոստիկանությամբ: Բայց Քոչարյանն այդ պատկերը միտումնավոր խառնեց, որպեսզի իրենց իսկ կողմից վարձու ստահակները կրակեն անմեղ մարդկանց վրա»: Այս ամենի համատեքստում մեր զրուցակիցը Քոչարյանին հիշեցնում է մարտիմեկյան իրադարձությունների հաջորդ իսկ օրը հեռուստաընկերություններին տված իր հարցազրույցը, որտեղ խոսում է այն մասին, թե մի ձայնագրությունում ինչպես է ինքը տեսել, որ մեկը մեքենայի ետնամասից դուրս էր գալիս, կրակում մարդկանց վրա եւ նորից թաքնվում այնտեղ: Մինչդեռ վերջին հարցազրույցում Քոչարյանը հայտարարում է, թե այդ հատվածում տեսախցիկներ չեն եղել: «Ռոբերտ Քոչարյանը ստում է՝ փորձելով հանրության ուշադրությունը լրիվ այլ տեղ շեղել: Նա ասում է երեք իրարամերժ բաներ. եթե դու չես զբաղվում կարգուկանոնի հաստատմամբ՝ ի՞նչ գործ ունես՝ տեսախցիկներ դրե՞լ են, թե՞ ոչ: Երկրորդ՝ եթե դա իրոք այդպես է, ուրեմն դու ինֆորմացիա ունես: Բայց ես միանշանակ ասեմ, որ հավատացած եմ՝ չկա մեկ մետր քառակուսի, որը նկարահանված չէ: Ուստի, եթե ասում է, որ այդտեղ տեսախցիկներ չեն եղել, ուրեմն խնամքով թաքցնելու բան ունի: Ապա՝ եթե տեսախցիկներ չեն եղել, այդտեղ եղել են ոստիկանության, անվտանգության, պաշտպանության նախարարության ուժերը՝ էդ ո՞ր ստահակին հաջողվեց այդքան մարդու ներկայությամբ կրակ բացել անմեղ ժողովրդի վրա ու անհայտ, անպատիժ մնալ: Էլ ո՞ւմ եք պետք դուք ընդհանրապես»,- եզրահանգում է մեր զրուցակիցը՝ վստահ լինելով, որ այդ ամենը սեփական ժողովրդի նկատմամբ կազմակերպված հանցագործություն էր, որն իրականում անհնար է թաքցնել: Քոչարյանի «անկեղծ» խոստովանությանը, որ ինքը շատ կցանկանար, որպեսզի մարդասպանները բացահայտվեին՝ Գուրգեն Եղիազարյանը պատասխանում է. «Եթե ինքն ուզում է իմանալ, թե ովքեր են մարդկանց վրա կրակ բացել, ապա Լեոյի 8 շենքի եւ հարակից շենքերի բնակիչները տեսել են, թե ովքեր են Լեոյի 8 շենքի 9-րդ հարկից կրակում, ինչ մեքենա մտավ, որտեղ թաքնվեց, երբ դուրս եկավ: Եթե նա ուզում էր մարտի 1-ը բացահայտված տեսնել, ապա փողոցները պետք է խնամքով չլվանային, դեպքի վայրը պետք է պաշտպանված լիներ: «Խոճկորի ծնոտ» անվանվածը պետք է համապատասխան դատափորձագիտական քննություն անցներ: Այդ խայտառակ փաստերի տակից նա դուրս չի գալու»:
Իր հարցազրույցում Ռոբերտ Քոչարյանը նաեւ «ժեստ» է արել ընդդիմադիրներին, ասելով, թե նրանք գտնվում էին սպանությունների վայրից հեռու եւ չէին վերահսկում իրավիճակը: Այս պարագայում Գուրգեն Եղիազարյանը հարցնում է. «Բա այդ դեպքում մարտի 2-ին ինձ եւ իմ ընկերներին ինչո՞ւ շինծու մեղադրանքներով, անհիմն եւ ծանրագույն հոդվածներով գցեցիք բանտերը: Բա էդ ինչպե՞ս եղավ, որ մարտի 2-ին դու, որ երկրի նախագահն էիր, արագ կողմնորոշվեցիր, ու մենք հայտնվեցինք բանտերում, մինչեւ այսօր էլ իմ ընկերները դեռ բանտերում են: Սա խայտառակություն է»:
Հետաքրքրվեցինք՝ եթե իշխանությունն իսկապես մտադիր է բացահայտել մարտիմեկյան ողբերգությունը, ապա ճիշտ ժամանակը չէ՞ վեր հանել Փաստահավաք խմբի կողմից 1-1,5 տարի առաջ կատարված ուսումնասիրությունները, որոնք բավականին աղմկահարույց էին: «Փաստահավաք խումբը շատ բանի հասավ, շատ բացահայտումներ կատարեց, բայց այդ խումբը նախաքննական մարմին չէ եւ նախաքննություն իրականացնելու իրավունք չունի: Իմ կարծիքով, այսօր իշխանությունը կփորձի ոչ թե վեր հանել, այլ թաքցնել այդ խմբի բացահայտումները»,- ասաց Եղիազարյանը: Ընդհանրապես, անկախ Քոչարյանի նախկին եւ հետագա հնարավոր հարցազրույցներից, մեր զրուցակիցը գտնում է, որ այդ իրադարձությունների ողջ պատասխանատուն նախեւառաջ Քոչարյանն է՝ այդ ժամանակվա նախագահը, ու բացի նրանից՝ պատասխանատվության են ենթարկվելու նաեւ կատարողները: Քոչարյանի հիշողությունը թարմացնելու նպատակով Գուրգեն Եղիազարյանը նրան առաջարկում է մեկ անգամ էլ նայել ձայնագրությունները, որտեղ միայն ինքնապաշտպանության կոչեր են հնչում եւ ոչ թե նախագահական պալատը գրավելու. «Նիկոլն անընդհատ ասում է՝ մեքենաներին ձեռք տվողները, խժդժություն ստեղծողները մեր թշնամիներն են, սադրիչներ են: Նիկոլը սաստում էր մարդկանց՝ ժողովրդին բացատրելով, որ իրենց կողքին գտնեն սադրիչներին. այսօր Նիկոլը կալանավայրում է Ռոբերտ Քոչարյանի փոխարեն: Սա է մարտի 1-ի իրական պատկերը: Իրական մեղավորները նստելու են: Անմեղները նստեցին՝ դուրս եկան, նախաքննությունը, հետագայում՝ դատաքննությունը ոչ մեկի վրա ոչինչ չապացուցեց»:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել